Սերժ Սարգսյանի այսօրվա հայտարարությունը՝ կառավարման համակարգը փոփոխելու դեպքում վարչապետի պաշտոնին չհավակնելու վերաբերյալ, քաղաքագետ, «Ժառանգության» անդամ Ստյոպա Սաֆարյանի խոսքով, բավական հետաքրքիր է և «թուլացնում է լարվածությունը»:
Անդրադառնալով երկբևեռ քաղաքական համակարգի խնդրին՝ Ստյոպա Սաֆարյանը հարցադրում է անում՝ ո՞վ է որոշել, որ Հայաստանում երկբևեռ քաղաքական համակարգ լինի:
«Ի՞նչ են ուզում անեն, բոլոր կուսակցություններին, այսպես ասած, զաստավիտով մտցնեն երկու կուսակցությո՞ւն: Սա ուղղակի անպատկերացնելի տգիտություն է: Գաղափարախոսությունների թիվը հասարակության ներսում ոչ թե մի կիսագրագետ իրավաբան է որոշում, այլ հասարակության պահանջը: Համենայնդեպս որևէ մեկը հասարակությանը վերևից չի կարող պարտադրել, թե՝ դու պետք է ունենաս երկու խոշոր կուսակցություն, ու ամբողջ քաղաքական պրոցեսը պիտի գնա էդ երկու կուսակցությունների միջև: Երկբևեռ քաղաքական համակարգն անհեթեթություն է»,- ասում է վերլուծաբանը:
Ըստ փոփոխությունների՝ «հանրապետության նախագահն ընտրվում է Ազգային ժողովի կողմից` յոթ տարի ժամկետով, առանց վերընտրման իրավունքի, ընտրական իրավունք ունեցող ոչ կուսակցական թեկնածուներից: Նման կարգով ընտրված Հանրապետության նախագահը հնարավորություն կունենա լիարժեք կերպով ստանձնել վերկուսակցական նախագահին բնորոշ բոլոր գործառույթները»։
Կարդացեք նաև
Անդրադառնալով այս դրույթին՝ Ստյոպա Սաֆարյանն ասում է, որ դա «շեդևր է»:
«Ինչ-որ մի պախա՞ն ենք ընտրում: Պետություն կառավարել սովորելու իրական դպրոցն աշխարհում կուսակցություններն են, որտեղ մարդիկ աճում են, դառնում են ղեկավար, նախարար, վարչապետ, հետո նոր երկրի նախագահ: Այստեղ փաստորեն պիտի ինչ-որ մեկը ինչ-որ մեկին աճացնի»,- ասում է Սաֆարյանը:
Վերլուծաբանը նշում է, որ այս փոփոխություններն այն չեն, ինչին արժանի է Հայաստանի ժողովուրդը, նման Սահմանադրություն Հայաստանը չպետք է ունենա:
«Ինչ-որ մեկն ուզում է նախագահի ինստիտուտը սարքել յոթ տարով տրվող ինչ-որ մի բան, որը վերևից պետք է նայի, անձեռնմխելի մնա, և ոչ ոք դեմը դուրս չգա, ոչ մի քաղաքական պրոցես չգնա: Սա անընդունելի է»,- կարծում է Ստյոպա Սաֆարյանը:
Մանրամասները կարող եք կարդալ` Medialab.am-ի կայքում