Այսօր Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը իր մոտ էր հրավիրել հունահռոմեական ոճի ըմբշամարտի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանին` «Սպիտակ Արջ»-ին, Ֆինլանդիայի Վանտաա քաղաքում փառահեղ հաղթանակ տանելու, Հայաստանի պատիվը բարձր պահելու համար: Նշենք, որ Արթուրը պարապում է ամենաանմարդկային պայմաններում, Գյումրու հունահռոմեական ըմբշամարտի դպրոցի դահլիճը կատարյալ գոմ է հիշեցնում` սառը, անհրապույր, տարրական պայմաններից զուրկ, սակայն այս հաստատությունը ցնցող հաղթանակներ է արձանագրում:
Ֆինլանդիայում 22-ամյա Արթուր Ալեքսանյանը 5:0 հաշվով հաղթեց թուրք Չենկ Իլդեմին, այսպիսով` երեք տարի անընդմեջ հռչակվելով հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն:
Ինչևէ, Շիրակի գեներալ մարզպետը 1000 դոլարով ու մարզպետի հուշանվերով պարգևատրեց չեմպիոնին ու լրագրողներին ապշեցրեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի մասին իր գիտելիքներով: «Մենք շատ ենք գլուխ գովում , թե Գյումրին սպորտի քաղաք է, այսօր փաստորեն դու ես տանում էդ դրոշը առաջ: Պիտի շարունակես տանել հասցնել նպատակին: Իսկ մարզադահլիճի հետ կապված անցած անգամ էլ խոսեցինք, բայց, քանի որ մերը չէր, էդպես մնաց … Մենք, ճիշտն ասած, կարող էինք փոքր բաներ անել, սակայն փոքր բաներով չի սահմանափակվում, գլոբալ գործ պիտի արվի»,- ասաց մարզպետը: Այս խոսքի վրա նրան ընդհատեց Արթուր Ալեքսանյանի հայրը, որը այդ դպրոցի տնօրենն է և մարզպետին դժգոհեց, որ հիմա էլ իրեն փոխանցել են, թե փոխնախարարը պիտի գա, տեսնի, նոր սկսեն վերանորոգումները : «Արդեն էնքան են խոստացել ու ոչինչ չեն արել, որ ես չեմ հավատում»,- ասաց չեմպիոնի հայրը:
Սպորտդահլիճի պայմանների մասին խոսեց նաև չեմպիոնը` նշելով, որ, եթե լավ պայմաններ լինեին, ավելի լավ կլիներ:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Գյումրեցիների հարստություն, մենք հպարտանում ենք քեզանով : Նորանոր հաղթանակներ ու նվաճումներ եմ մաղթում: