Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժողովուրդը վարձում է իշխանավորին, որ իրեն ծառայի». Աբգար Ափինյան

Ապրիլ 10,2014 17:50

«Ով գալիս է՝ բարով գա, բարով կառավարի և երեսը դեպի ժողովուրդը դարձնի ու ծառայի նրան»,- գրականագետ Դավիթ Գասպարյանի ցանկությունն է և ակնկալիքը ապագա վարչապետից: «Ես չգիտեմ՝ ով կլինի նոր վարչապետը և չեմ էլ ուզում նախապես վատ տրամադրվել, վատ բաներ ասել: Երանի գա մեկը, որի առաջ ցանկություն ունենանք խոնարհվելու»,- հավելեց նա և անհրաժեշտ համարեց նոր վարչապետի գալուց առաջ գնահատական տալ հնին. «Ես շատ ցածր եմ գնահատում նրա աշխատանքը (նվազագույն գնահատականը ո՞րն է՝ «1», «1-», «0», չգիտեմ), որովհետև այդ մարդը, բարեկիրթ լինելով հանդերձ, չծառայեց իր ժողովրդին, ոչինչ չարեց: Այս մարդը հրաժարական տվեց, և պետք էր ընդունել այդ հրաժարականը, որովհետև նա իր տեղում չէր: Նոր վարչապետը պետք է կարողանա ապահովել տնտեսական աճ: Եթե սա արվի, մենք ցեխից դուրս կգանք»:

Երևանի գրողների միության նախագահ Աբգար Ափինյանն էլ տեղեկացրեց, որ Երևանի գրողների միությունը պաշտոնական նամակով դիմել է ՀՀ նախագահին՝ ներկայացնելով առաջարկ նոր կառավարություն կազմելու վերաբերյալ:

Ա. Ափինյանի խոսքով՝ իրենք իրենց նամակում առաջին հերթին կարևորել են նոր կառավարության մասնագիտական բարձր որակի անհրաժեշտությունը և հավելեց. «Թե´ նոր վարչապետը, թե´ կառավարությունը պետք է կարողանան ապահովել տնտեսական աճ, պետք է կարողանան կասեցնել արտագաղթը և, վերջապես, շատ կարևոր մի հանգամանք՝ կառավարության գործունեությունն այլևս չպիտի հասարակական դժգոհություն առաջացնի: Մի բան, որի ականատեսն ենք տարիներ շարունակ»:

Երևանի գրողների միության նախագահը գտնում է, որ նշված խնդիրները կարող է լուծել միայն այն կառավարությունը, որը կազմված կլինի բացառապես մասնագիտական բարձր որակավորում ունեցող մարդկանցից: «Առաջին հերթին, բոլոր նախարարները պետք է լինեն տվյալ ոլորտի լավագույն մասնագետները, երկրորդ՝ մենք հաջողություն չենք ունենա այնքան ժամանակ, քանի դեռ մշակույթի ոլորտին առաջնահերթ նշանակություն չենք տվել,- ասում է Ա. Ափինյանը:- Բոլոր զարգացած երկրների փորձը ցույց է տալիս, որ նրանք տնտեսական վերելքի հասնում են նախ և առաջ մշակույթի շնորհիվ և նրա միջոցով»:

Պարոն Ափինյանը նշեց, որ շատ մարդկանց է տեսնում, որոնք կարող են վերը նշված խնդիրներին լուծում տալ: Արդյոք նրանք ՀՀԿ-ի՞ց են:

«Եթե կադրերը հոսեն միայն Հանրապետական կուսակցությունից, ապա չի լինի հասարակական համերաշխություն: Ես խորին հարգանք ունեմ մյուս կուսակցությունների նկատմամբ և պետք է ասեմ, որ դրանցում ևս կան շատ իրազեկ ու բանիմաց կադրեր: Իսկ կադրերի խնդիրն այսօր առաջնահերթ է: Բոլորը խոսում են համակարգը փոխելու մասին, բայց չէ՞ որ կադրը պիտի փոխի համակարգը: Փոխիր համակարգը և այնտեղ դիր անիրազեկ մարդու, դա ոչ մի լավ բանի չի բերի»,- պատասխանեց Ա. Ափինյանը:

Նա վստահ է նաև, որ նոր կառավարությունը պետք է կտրուկ փոփոխությունների գնա և իր համար շատ կարևոր մի սկզբունք մշակի. «Մեզանում դեռևս մնում է իշխանության հին և սխալ ըմբռնումը: Այն, որ իշխանավորները վերևում են, իսկ ժողովուրդը՝ նրա առջև խոնարհված: Մինչդեռ, ժողովուրդը վճարում է այդ մարդկանց, որ իրեն ծառայեն: Նոր կառավարության բոլոր նախարարները այս գիտակցությամբ պիտի մտնեն իրենց աշխատասենյակ: Իրենք իշխանավոր չեն բացարձակապես, ժողովրդի տված հարկերով, այսինքն՝ մեր գումարով մենք վարձում ենք նրանց, որ ծառայեն մեզ՝ ժողովրդիս: Սա պետք է լինի նոր կառավարության սկզբունքը»,- կարծում է Ա. Ափինյանը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930