Լրահոս
Օրվա լրահոսը

Մաքսային միությունը չի հզորացնի Հայաստանին

Ապրիլ 10,2014 17:48

Մաքսային միությանն անդամակցելու հարցը ծագեց 2013 թ-ին և շարունակվում է մինչ այսօր` բերելով տարբեր կարծիքների: Որոշ քաղաքագետներ համոզված են, որ Հայաստանն այդ որոշմամբ կորցրեց Եվրոպայի հետ համագործակցության վերջին հնարավորությունը, մյուսներն էլ պնդում են, թե Մաքսային միությունն ավելի շատ դրական, քան բացասական ազդեցություն կունենա Հայաստանի վրա: Ցանկացանք իմանալ նաև քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի կարծիքը:

Պարոն Շահնազարյան, Մաքսային միությանն անդամակցելու որոշմամբ քաղաքագետների մի մասը համոզված է, որ Հայաստանը փակել է դուռը դեպի Եվրոպա, և այդպիսով անվստահելի երկրի տպավորություն թողել: Այլևս հնարավոր չէ՞ հետ վերադառնալ:

– Համաձայն չեմ դիտարկման հետ: Ինքս եմ ներկա եղել Վիլնյուսի գագաթաժողովին և շփվել եվրոպական քաղաքագետների հետ: Այնտեղի ղեկավարներն ու մասնագետներն ավելի ջանասիրաբար էին արդարացնում Հայաստանի ՄՄ անդամակցության որոշումը, քան մենք ինքներս: Նրանք ասում էին, որ ցավում են, բայց հասկանում են, թե ինչու Հայաստանը գնաց այդ քայլին: Խնդիրն այլ է. Եվրոպան մինչև վերջ պատրաստ չէր Հարավային Կովկասի երկրների հետ հարաբերություններ զարգացնել: Այն ուներ միայն մեկ գլխավոր նպատակ՝ Ուկրաինան, որի հետ ձևավորվել էր Արևելյան գործընկերության ծրագիրը: Պարզապես այս փուլում որոշ մասնակից երկրների համար դուրս է մնում Ասոցացման պայմանագրի ստորագրելու հնարավորությունը: Կախված աշխարհաքաղաքական զարգացումներից՝ շատ հնարավոր է, որ Ասոցացման պայմանագրի նման ինչ-որ փաստաթուղթ ստորագրվի ոչ միայն Հայաստանի, այլ նաև Ռուսաստանի հետ: Ուղղակի խնդիրը Արևելյան և Արևմտյան Եվրոպայի մեջ է: Օրինակ՝ Ֆրանսիայի և Գերմանիայի համար խիստ կարևոր է կայուն հարաբերություն ունենալ Ռուսաստանի հետ, որովհետև նրանք քաջ գիտակցում են, որ ավելի հեշտ է պայմանավորվել մեկ պետության, քան պետությունների շղթաների հետ: Մյուս կողմից, Եվրամիության անդամ Լեհաստանի և Ռումինիայի շահերն են, որոնք կարող են ազդեցություն ունենալ ԵՄ վրա: Այդ պատճառով Ռուսաստանը փորձում է դրանց հեռու պահել Եվրոպայից: Անկախ ամեն ինչից, Հայաստանը կարողացավ Եվրոպայի հետ որոշ հարաբերություններ պահպանել, անգամ այն դեպքում, երբ հրաժարվել է Ասոցացման պայմանագրից: Բայց հետ վերադառնալու պարագայում առնվազն մի քանի տարվա բանակցությունների գործընթաց կպահանջվի:

Ի՞նչ կտա կամ չի տա Մաքսային միությունը Հայաստանին և Արցախին:

– ՄՄ-ը, որպես տնտեսական ուժ, Հայաստանին շատ չի հզորացնի, ինչը չէի ասի քաղաքականության առումով: Մաքսային միության երկրներում հնարավոր կլինի գործել շատ ազատ, առանց որևէ խոչընդոտների, իսկ Արցախի և Հայաստանի միջև այլևս մաքսային սահման չի լինի, արտադրանքի իրացման լայն հնարավորություն կստեղծվի և տնտեսական աճ կգրանցվի, բայց կբավարարի՞ արդյոք սոցիալական պահանջներին՝ ժամանակը ցույց կտա: Անվտանգության հարցը մեզ համար առաջնային է, քանի որ ունենք ԼՂՀ հակամարտության, Թուրքիայի հետ չլուծված փակ սահմանների և 100-ամյակի ցեղասպանության հիմնահարցերը:

Իսկ ի՞նչ կարող ենք կորցնել անդամակցելու պարագայում:

Հայաստանում չկա շատ զարգացած որևէ ոլորտ, որ ՄՄ-ին անդամակցելու հետևանքով կորուստ ունենա: Մեր թիվ մեկ խնդիրը անվտանգությունը և ներգաղթն է:

– Որո՞նք են Հայաստանի բացթողումները այդ հարցում:

– Պահանջկոտությունը և չափից ավելի հանդուրժողականությունը: Մենք պահանջկոտ չենք սեփական շահերի նկատմամբ, իսկ պատճառը Միջազգային հարաբերությունների տրամաբանությունը մինչև վերջ չհասկանալն է: Պահանջկոտ չենք նաև ԼՂՀ-ի հակամարտության հարցում: Անընդհատ հայտարարում ենք, որ մեր դիրքորոշումը համահունչ է Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշման հետ, որ համաձայն ենք փոխադարձ զիջումների հիման վրա բանակցություններ անել, նույնիսկ այն դեպքում, երբ նրանք Ռամիլ Սաֆարով են հերոսացնում, իսկ անմիջապես հաջորդ օրը գնում ենք նրանց հետ բանակցություններ անում:

Լուրեր են շրջանառվում, որ Մաքսային միությանն անդամակցելով՝ Հայաստան ներմուծված մի շարք ապրանքների մասով գնաճ կարձանագրվի (թեպետ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահրամ Ավանեսյանը հերքեց լուրը): Դուք ի՞նչ կարծիքի եք:

– Ռուսաստանը, որպես մեծ տնտեսություն, ստիպված է պաշտպանել սեփական տնտեսական շահերը, բայց ռուսական արտադրանքն այսօր միջազգային շուկաներում մրցունակ չէ: Դրա համար ամեն ինչ անում է, որ իր տարածքում սպառվի արտադրանքը, իսկ հարկերը բարձրացնում է, որպեսզի դրսից բերելիս այդ հարկերի գումարն ավելանա և հավասարվի միջին շուկայական գներին: Գործելու են մաքսային միևնույն պայմանները բոլոր անդամ պետությունների համար: Այնպես որ չեմ կարծում՝ այնպիսի թանկացումներ լինեն, որ վնասեն մեր բնակչությանը:

Վիզային ռեժիմի դյուրացում կամ այլ արտոնություններ առաջարկվելո՞ւ են:

– Վերջերս սկսել է գործել մի օրենք, համաձայն որի՝ Ռուսաստանի ոչ փաստացի քաղաքացիները կարող են 90 օրվա ընթացքում, կես տարին երեք անգամ, աշխատել Ռուսաստանում: Սակայն ոչ մի գործատու չի համաձայնի ընդմիջումներով աշխատող պահել: Ռուսաստանում միգրացիոն խնդիրները լուրջ են դրված և ամեն ինչ անելու են, որ շուկան վերահսկելի դառնա, ինչն էլ կազդի ռուսական շուկայում աշխատող թե´ արտասահմանցիների, թե´ հայերի վրա: Մյուս կողմից, հայրենադարձության խնդիր կլուծենք:

Հայրենադարձություն դեպի մի երկիր, որտեղ սոցիալ տնտեսական վիճակը հուսադրող չէ:

– Այո, բայց որի տնտեսությունը հնարավորություն ունի կամ կունենա բարելավվելու:

Մի՞թե Հայաստանի տնտեսության բարգավաճումը ձեռք կտա որոշ պետություններին:

– Կայունություն տարածաշրջանում անհրաժեշտ է բոլորին: Բայց խնդիրն այլ է: Մենք տնտեսապես հզորանալու ներուժ չունենք՝ կոմունիկացիաների բացակայության, օգտակար ռեսուրսների սակավության և այլ պատճառով: Մեզ մնում է միայն զարգացնել ծառայողական ճյուղերն ու կրթությունը: Կարծում եմ՝ ՄՄ կբարելավի մեր բնակիչների վիճակը, բայց խնդիրը ոչ թե մաքսայինի ընձեռած հնարավորություններն են, այլ այդ հնարավորությունների ճիշտ օգտագործումը: Այսօր Ռուսաստանի հետ ունենք սպառազինությունների ձեռք բերման պայմանագիր, որի մասին շատերը կերազեն: Այդ պայմանագրով Հայաստանը կարող է Ռուսաստանում զենք արտադրող ցանկացած գործարան ունենալ և Ռուսաստանի ներքին շուկայի գնով զենք գնել:

Մի երկրից, որն իր դաշնակցի հակառակորդին՝ Ադրբեջանի՞ն է զենք վաճառում:

– Կայսրությունները չեն կարող դաշնակից լինել: Նրանք իրենց շահերն են հետապնդում: Այո, վաճառում են, բայց թանկ գնով, սակայն պետք է քաղաքական որոշում լինի՝ վաճառե՞լ դրանք, թե՞ ոչ: Ռուսաստանը նաև հստակ կոչերով, մեխանիզմներով զսպում է պատերազմի վերսկսումը: Եվ երբ Ադրբեջանը սկսում է ակտիվանալ, ռուսական «արջը մռնչում» է:

Որովհետև սիրո՞ւմ է Հայաստանը:

– Ոչ, որովհետև սեփական շահերն է պաշտպանում: Ռուսաստանը շատ լավ հասկանում է, որ եթե Հարավային Կովկասում էթնիկ հակամարտություն սկսվի, էթնիկ հակամարտություն կբռնկվի նաև Հարավային Կովկասում, իսկ Դաղստանը, Ինգուշեթիան, Չեչնիան կպայթեն և Ռուսաստանը տարածքներ կկորցնի:

Մաքսային միությունը Հայաստանին կտա՞ ազատ տեղաշարժ, աշխատուժ, կապիտալ և ծառայություն:

– Մարդկային ազատ տեղաշարժ ՄՄ տարածքում բոլոր դեպքերում ունեինք, բայց ապրանքի շրջանառություն առանց մաքսային տուրքի, այո՛, կունենանք: Ֆինանսական հոսքեր և ծառայություններ ևս: Օրինակ՝ այսօր տուրիստական ոլորտը զարգացնելու ծրագրեր ենք մշակում և, անդամակցելով ՄՄ-ին՝ Ռուսաստանից կարող ենք մեծ քանակությամբ զբոսաշրջիկներ բերել Հայաստան: Ինչ վերաբերում է աշխատուժին, ցավոք, ՀՀ-ն էժան աշխատուժ մատակարարող երկիր է, սակայն պայմաններ ստեղծելու դեպքում նույն աշխատուժը կկենտրոնանա այստեղ:

Որոշ մասնագետներ պնդում են, որ հատկապես ՄՄ անդամակցելուց հետո Հայաստանում հնարավոր է 1,5 տոկոս ինֆլյացիա:

– 1,5 տոկոս ինֆլյացիա ամեն տարի էլ ունենում ենք: Բայց դա մեծ ցուցանիշ չէ:

Ի՞նչ ապրանքներ կարտահանենք ՄՄ անդամ դառնալուց հետո:

– Առաջին հերթին սննդամթերք, խմիչք՝ ծիրան, դեղձ, խնձոր, գինի, կոնյակ, նաև մետալուրգիական ռեսուրսներ, բայց քիչ քանակով: Հայաստանը արտահանելու ուրիշ ոչինչ չունի:

Եվ ի՞նչ կարող ենք ներմուծել:

– Հնարավորություն կունենանք ներմուծել հումք, առանց հարկերի, որը կվերամշակվի և կարտահանվի Ռուսաստան, Եվրոպա: Կարող ենք ներմուծել նաև չմշակված ադամանդներ: Ուղղակի պետք է խելացի տնօրինել և կիրառել այդ ռեսուրսները: Ի դեպ, կարող էինք նաև առանց Մաքսային միության դա անել, բայց ընդունված որոշումները պայմանավորված են շատ այլ գործոններով:

Հակառակ դեպքում կուժեղանա օլիգարխիկ համակարգը և նորից արտագա՞ղթ:

– Բնականաբար:

Հարցազրույցը վարեց՝ Ելենա ՉՈԲԱՆՅԱՆԸ

Լուսանկարը`  Photolur-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930