ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում, երբ Վեհաժողովը քննարկում էր ուկրաինական ճգնաժամը, ԵԽԽՎ-ի մոտեցումների վերաբերյալ ելույթով հանդես եկավ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը: Նա զերծ մնաց իրավիճակին հստակ գնահատականներ տալուց և ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, թե ԵԽԽՎ-ն ինչ դերակատարություն ունեցավ և կարող է ունենալ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Պարոն Հարությունյանը հարց բարձրացրեց` արդյոք իրենք` խորհրդարանականները, գիտակցո՞ւմ են իրենց պատասխանատվությունը և արդյոք կարողացե՞լ են կանխել այդ ճգնաժամը:
Դավիթ Հարությունյանն իր ելույթում շեշտադրում կատարեց այն հանգամանքի վրա, որ բացի ձեռք պարզելը ուկրաինացի ընկերներին`ճգնաժամը և հետճգնաժամային իրավիճակը հաղթահարելու համար, Վեհաժողովը պետք է նաեւ մտածի այն թերությունների ուղղությամբ, որոնք առկա են Եվրոպայի խորհրդի տարածքում: Դավիթ Հարությունյանի կարծիքով` եթե Վեհաժողովը ձախողի իր մեղքը գիտակցելու հարցում, ապա հնարավոր է ավելի խորը ճգնաժամերի առաջ կանգնենք:
Այնուհետև Դավիթ Հարությունյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ մեկ ամիս անց ԵԽ նախարարների կոմիտեն պատրաստվում է նախագահել մի երկիր, որը անդամ պետությունների շարքում չեմպիոն է բանտարկված լրագրողների, մարդու իրավունքների պաշտպանների, քաղբանտարկյալների առումով: Մի երկիր, որտեղ հավաքների, մամուլի ազատությունը ճնշման են ենթարկվում կառավարության կողմից: Եվ Դավիթ Հարությունյանը նշեց, թե իր համար տեսանելի ու մտահոգիչ է այն, որ բացառությամբ մի քանի պատվիրակների, ԵԽԽՎ մյուս պատվիրակները հարմարվել են այս հանգամանքի հետ:
Պարոն Հարությունյանը շեշտեց նաև այն հանգամանքը, որ Բաքվում ձերբակալվել է ԵԽ Քաղաքական ուսումնասիրությունների դպրոցի տնօրենը, ով ցանկություն էր հայտնել առաջադրվել նախագահի պաշտոնում:
Կարդացեք նաև
Շեշտադրում կատարելով այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանի նախագահը հորից ժառանգելով նախագահի պաշտոնը՝ արդեն երրորդ անգամ է ցանկանում ղեկավարել երկիրը, նշեց նաև այս հարցում ԵԽԽՎ-ի անգործության մասին: Դավիթ Հարությունյանը հարց բարձրացրեց, թե այս առիթով ի՞նչ ուղերձներ է Վեհաժողովը հայտնում հասարակությանը:
Պարոն Հարությունյանը ելույթը եզրափակելով` նշեց, թե մինչև մյուսներին մեղադրելը, հարկ է, որ «ինքներս մեզ հարցնենք, թե ինչ ենք արել մենք, որպեսզի կանխենք մեր որդեգրած արժեքների քայքայումը»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հ. Գ. ԵԽԽՎ-ի՝ ՌԴ-ին մինչ տարեվերջ ձայնի իրավունքից զրկելու բանաձեւն այսօր ընդունվել է 145 կողմ, 21 դեմ եւ 22 ձեռնպահ ձայներով: 21 «դեմ» քվեարկողներից էին ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամներ Դավիթ Հարությունյանը, Արփինե Հովհաննիսյանը, Նաիրա Կարապետյանը, Մհեր Շահգելդյանը, Ֆրանսիայի պատվիրակ Ժան Կլոդ Մինյոնը: Ադրբեջանի պատվիրակները քվեարկել են ձեռնպահ: