Լրահոս
Օրվա լրահոսը

«Սերժ Սարգսյանը ստիպված է նման հայտարարություն արել՝ լարվածությունը մեղմելու համար». Արմեն Մարտիրոսյան

Ապրիլ 10,2014 16:27

Այսօր Aravot.am-ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը վստահեցրեց, որ Սերժ Սարգսյանը ստիպված է հայտարարել, որ չի ուզում դառնալ ոչ ՀՀ հաջորդ նախագահ, ոչ էլ վարչապետ:

Հիշեցնենք, որ այսօր  Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանն ասել է, որ ինքը չի պատրաստվում շարունակել երկրի ղեկավարումը ոչ որպես հաջորդ ՀՀ նախագահ եւ ոչ էլ որպես վարչապետ՝ այլընտրանքային կառավարման անցնելու դեպքում եւ հորդորել է հանձնաժողովին՝ աշխատել անկաշկանդ:

Արմեն Մարտիրոսյանի խոսքերով՝ «Սահմանադրական բարեփոխումների այդ քայլերը, որ հիմա արվում են՝ բացառապես նպատակ ունեն երկարացնել Սերժ Սարգսյանի իշխանավարման ժամկետը եւ բոլոր գործիքներն օգտագործել՝ այն երկարացնելու համար: Այդ քաղաքականությունը նոր չէ: Դեռ նախագահական ընտրություններից սկսած՝ այդպիսի քաղաքականություն է վարվել, որովհետեւ այդպիսի մեծածավալ կեղծիքներով ընտրություններ Հայաստանում երբեք չեն եղել, երբ, ըստ էության, բնակչության 70 տոկոսը եւ ավելին այլ թեկնածուի՝ Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին էր քվեարկել: Այդպիսի կեղծիքներով, այսպիսի թուլացած իշխանություն ունենալով՝ ինքը ընդամենը փորձում է երկարացնել իր ժամկետը՝ ծառայեցնելով մեր երկրի արտաքին շահերն իր անձնական իշխանությունը երկարաձգելու համար: Սահմանադրական բարեփոխումների հետ կապված Սերժ Սարգսյանի հայտարարությունը, թե չի պատրաստվում շարունակել իշխանավարել, հենց այդ համատեքստում եմ ես տեսնում»:

Արմեն Մարտիրոսյանը վստահ է, որ հիմա իր համար երկրում լարված իրավիճակ է եւ այդ հայտարարությամբ Սերժ Սարգսյանը ստիպված փորձում է մեղմել, որոշակի իմիտացիոն գործընթացներով շարունակել կառավարել մինչեւ 2018-ը:

Մեր հարցին, այսինքն, այս իրավիճակում արդեն Սերժ Սարգսյանի պաշտոնավարումը մինչեւ 2018-ը լրջորեն վտանգվա՞ծ է, որ նա ստիպված այդպիսի հայտարարություններ է անում՝ Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Պարզ է, որ վարչապետին ինքը հենց այնպես չուղարկեց հրաժարականի, որովհետեւ իրավիճակը բավականին անկանխատեսելի է դառնում իր համար: Այս քայլով ինքը փորձում է քաղաքական նախաձեռնությունն իր ձեռքը վերցնել վարչապետի հրաժարականով: Հետագա իմիտացիոն քայլերով ինքը կփորձի մի փոքր իրավիճակը կայունացնել, որից հետո պարզ է, կանցնի այն գործողություններին, որն անհրաժեշտ է գտնում: Դա երկրին ոչ մի լավ բանի չի տանի»:

Ըստ պարոն Մարտիրոսյանի, եթե հիմա ընդդիմությունը թույլ տվեց եւ Սերժ Սարգսյանի համար վիճակը կայունացավ, արդեն իշխանություններն այնպիսի պատասխան կհասցնեն ընդդիմությանը, որ որեւէ մեկին դեռ ցույց չեն տվել. «Եթե մինչեւ 2017-ը որեւէ մեկը հույս ունի, որ ինչ-որ բան կարող է անել՝ սպասելով մինչեւ այդ թվականը՝ խորապես սխալվում է: 2017-ին ավելի կազմակերպված, ավելի հանգիստ ընտրություններ են անցկացնելու, որովհետեւ եւ մեր ազնիվ քաղաքացին այլեւս Հայաստանում չի լինելու, եւ վարչական ռեսուրսն ավելի հանգիստ է աշխատելու, մի խոսքով, որեւէ խնդիր չի լինելու իր ցանկացած խորհրդարանը ձեւավորելու համար՝ անկախ նրանից ՝պառլամենտական համակարգի մոդելի հետեւում է, թե՞ նախագահական»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. nver says:

    միթե պարզ չի նոր սահմանադրությամբ կդառնա ԱԺ նախագահ ու այդ պաշտոնը կլինի մեր երկրի թիվ 1 պաշտոն. ու այդպես շարունակ իսկ որ թվեր խփելու վարպետա դրանում անտեղի է խոսել

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930