Լրահոս
Օրվա լրահոսը

«Տիգրան Սարգսյանը կդառնա՞ ընդդիմություն». փորձագետը չբացառեց (Տեսանյութ)

Ապրիլ 10,2014 16:19

Անգամ Բիլ Գեյթսն էլ իր թիմով, կամ աշխարհի լավագույն կառավարությունն իր պրոֆեսիոնալներով գա Հայաստան՝ արդյունքի չի հասնի: Այսօր «Հայացք» ակումբում ասաց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը, որը նշեց, թե լավ արդյունք չի լինի, քանի 1991 թվականից ստեղծվել է շատ անհաջող պետություն, որի հիմքերը վտանգավոր են, ու այդ հիմքերը մինչեւ հիմա մենք քարշ ենք տալիս:

Ըստ պարոն Մեսրոբյանի, նախ խորհրդային համակարգը փորձեցին կարկատաններով շարունակել ու մինչեւ հիմա կարկատելով շարունակում են. մյուս կոպիտ սխալը, որը եւս 1991 թվականից է դրվել, այն է, որ մեզ մոտ մինչեւ հիմա գործում է հետեւյալ սկզբունքը` եթե մեզ հետ ես` պաշտոն կստանաս, մեզ հետ չես` պաշտոնից կազատվես. «Հիմքում պրոֆեսիոնալիզմը չէր, սա բերեց նրան, որ ամբողջ պետական կառավարման համակարգում պրոֆեսիոնալիզմը չէր, հաղթեց բացասական ընտրասերումը. սա ամենավտանգավորն է: Այսինքն, որքան բարձր է պաշտոնը, այնքան քիչ է հավանական, որ այդ պաշտոնը կզբաղեցնի արժանին»:

Կառավարման մասնագետն ուսումնասիրել է 11 պետությունների կառավարման մոդելը, որոնք այսօր կարելի է ասել գերազանց հաջողությունների են հասել, իսկ այդ պետությունները շատ ավելի վատ վիճակում են եղել, քան այսօր Հայաստանն է:

Հարություն Մեսրոբյանի դիտարկմամբ` ներկայիս ընդդիմության 90 եւ ավելի տոկոսը նախկին իշխանություն է եղել, եւ նրանք հնարավորություն ունեցել են մի լավ բան անելու, բայց կարծես թե բան չեն արել. «Երբ իշխանություն են` բացատրում են ինչու արդյունք չկա, երբ ընդդիմություն են, պահանջում են, որ արդյունք լինի: Վերցրեք մեր ընդդիմության անուն ազգանունները, շատ քիչ մարդ կտեսենք, որոնք քաղաքական որոշումների արդյունքում պաշտոններ չեն զբաղեցնում»:

Aravot.am-ի այն հարցին՝ եթե ոչ ընդդիմությունն է ընդդիմություն, ոչ իշխանությունն է իշխանություն, այդ դեպքում հասարակությունն ի՞նչ պիտի անի, կառավարման փորձագետն ասաց, որ հասարակությունը հարմարվել է իրավիճակին, մի մասը սոցիալական ցանցերում է դժգոհում, մի մասը` խոհանոցում, մի մասը թողնում գնում է. Հասարակությունն էլ իր մեղքի բաժինն ունի»: Մեր այն դիտարկմանն էլ, որ գուցե հասարակությանն ավելի ուժեղ ընդդիմություն է պետք, պարոն Մեսրոբյանն արձագանքեց. «Պատկերացրեք դուք այդ ուժեղ ընդդիմությունն եք, պրոֆեսիոնալների իմաստով, ցույց տվեք Հայաստանում մի խավ, որի վրա կարող եք հենվել, չեք գտնի, ուժեղին հենարան է պետք: Ժողովրդի մեջ չի հարգվում պրոֆեսիոնալը: Հենց մի պրոֆեսիոնալ խոսում է, ասում են` իսկ դու ո՞վ ես»:

Aravot.am-ի այն դիտարկմանը, որ կառավարման փորձագետը մեր երկրում առկա իրավիճակը սեւ գույներով է ներկայացնում, իսկ ահա ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ ասել է, որ Հայաստանում կառավարության փոփոխությունը սահմանադրական ճանապարհով փոփոխություն էր, այսինքն, իրավական առումով կարելի է առաջընթաց նկատել ներկայիս իշխանությունների օրոք, պարոն Մեսրոբյանն ասաց, որ դա ընդամենը այս տարիների ընթացքում կատարված հազարավոր հայտարարությունների նման մի հայտարարություն է.«Մեր գրեթե բոլոր գործիչները, երբ իշխանությունն իրենց ձեռքն էր, թող «կուկլա» Հայաստանի համար մի բան անեին: Ես շատ գործիչներին համարում եմ պետական կառավարման իմաստով անհաջողակներ, իսկ դա սարսափելի տեսակ է, որտեղ հայտնվում են, ոչ մի լավ բան չի ստեղծվում»:

Պարոն Մեսրոբյանը նաեւ ներկայացրեց 3 երկրների` Իսրայելի, Շվեյցարիայի եւ Սինգապուրի կառավարման մոդելը, որոնք կարելի է կիրառել Հայաստանում: Aravot.am-ի այն հարցին, որ Սինգապուրի վարչապետը շատ խիստ ձեւով նախեւառաջ պատժեց իր մերձավորներին, արդյոք մեզ մոտ դա հնարավոր է, փորձագետն ասաց.«Այն ժամանակ սինգապուրցիներն էլ չէին հավատում, որ դա իրենց մոտ հնարավոր է»:

Aravot.am-ի այն հարցին էլ, հնարավոր համարո՞ւմ է, որ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը ընդդիմություն դառնա, փորձագետը չբացառեց. «Հայաստանում ինչ-որ ոլորտ կա՞, որ ձեզ դեռ զարմացնում է, քանի՞ մարդիկ են եղել, որ եղել են եւ այստեղ, եւ այնտեղ, ու դուք դեռ զարմանո՞ւմ եք»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930