Լրահոս
Օրվա լրահոսը

«Սերժ Սարգսյանը Տիգրան Սարգսյանին ազատեց ոչ իշխանական ուժերի ճնշման տակ». Զոյա Թադեւոսյան

Ապրիլ 10,2014 16:07

Այսօր Սահմանադրական բարեփոխումների ողջ հանձնաժողովը ՀՀ նախագահի մոտ հանդիպման է եղել եւ ներկայացրել է սահմանադրական բարեփոխումների նախնական նախագիծը: Գագիկ Հարությունյանը ճեպազրույցում տեղեկացրել է, որ հանդիպման ժամանակ խոսք է գնացել նաեւ ՀՀ կառավարման համակարգի մոդելի փոփոխության մասին եւ նախագահ Սերժ Սարգսյանն ասել է, որ ինքը չի պատրաստվում  շարունակել երկրի ղեկավարումը ոչ որպես հաջորդ ՀՀ նախագահ եւ ոչ էլ որպես վարչապետ՝ այլընտրանքային կառավարման անցնելու դեպքում եւ հորդորել է հանձնաժողովին՝ աշխատել անկաշկանդ:

Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում ՀԱԿ կուսակցության անդամ Զոյա Թադեւոսյանը վստահեցրեց, որ իր համար Սերժ Սարգսյանի այս հայտարարությունը որեւէ բան չի նշանակում. «Սերժ Սարգսյանի պաշտոնավարման այս ամբողջ ժամանակահատվածում ես իմ կարծիքն ունեմ իր մասին: Ես միանշանակ չէի ցանկանա, որ նա նորից զբաղեցներ նախագահի կամ վարչապետի պաշտոն, որն, իհարկե, տեղի կարող է ունենալ միայն ընտրակեղծիքների եւ սահմանադրական փոփոխությունների հիման վրա: Ներկայիս Սահմանադրությունը նրան  այդ հնարավորությունը չի տալիս: Հետևաբար` նրա այդ հայտարարությունը, կարծում եմ, այնքան էլ սահմանադրական հայտարարություն չէ: Ամեն դեպքում, Սերժ Սարգսյանի նման կառավարիչները երբեւէ հայկական գահին մոտ գալու իրավունք չունեն: Նրանք չունեն այն արժանիքները, ինչ պետք է ունենա նախագահը: Նրանք չունեն պետականության զգացողություն, պետության նկատմամբ պատասխանատվություն: Իսկ այդպիսիք նույնիսկ ԺԵԿ (ԲՇՏ) ղեկավարելու իրավունք չունեն, ուր մնաց, թե լինի հաջորդ նախագահ կամ վարչապետ»:

Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակ բազմիցս ընդդիմությունից եղել է առաջարկ՝ անցնելու խորհրդարանական կառավարման համակարգի, բայց իշխանությունները տարբեր պատրվակներով միշտ հետաձգել են այդ հարցը եւ ընթացք չեն տվել: Մեր հարցին՝ հիմա, երբ Սերժ Սարգսյանը փորձում է կառավարման մոդել փոխել, կարո՞ղ ենք ասել, որ իր պաշտոնավարման ժամկետի ավարտին ուզում է սխալները մաքրել եւ երկրի համար դրական քայլ անել, ինչպես, օրինակ, Տիգրան Սարգսյանին ազատելը՝ Զոյա Թադեւոսյանը պատասխանեց. «Տիգրան Սարգսյանին Սերժ Սարգսյանը չազատեց իր կամքով: 4 քաղաքական ուժերի ճնշման տակ նա գնաց այդ քայլին: Հակառակ դեպքում կստանար ավելի վատ վիճակ եւ ստիպված կլինեին ոչ թե հրաժարական տալու, այլ ուղղակի երկիրը մի օր անակնկալ լքելու: Այդպիսի իրավիճակ կստեղծվեր: Նրանք դա լավ գիտակցեցին եւ ժամանակին կանխեցին այդպիսի հնարավորությունը: Իսկ լավ քայլի Սերժ Սարգսյանի կողմից ես երբեւէ չեմ սպասում: Լավ քայլ անողը կամ հետեւից ինչ-որ մի բան թողնելու մասին հասկացող մարդը երբեք չէր գա իշխանության՝ սպանությունների գնով»:

ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը iLur.am-ին տված վերջին հարցազրույցում ասել էր, որ Սերժ Սարգսյանը վարագույրների ետեւում ինտրիգների մեծ վարպետ է:  Եթե այդ տրամաբանությամբ նայենք, Սերժ Սարգսյանի ցանկացած քայլի ետեւում պետք է տեսնենք իր համար շահեկան ինչ-որ բան: Սահմանադրական բարեփոխումների գնալու եւ երկրի կառավարման համակարգը փոխելու քայլի ետեւում ի՞նչ կա, ինչո՞ւ է նա փորձում փոխել կառավարման համակարգի մոդելը՝ Զոյա Թադեւոսյանը պատասխանեց. «Ես ավելի շատ տեսնում եմ ավելի խիստ պատժից խուսափելու հնարավորություն, մեղայականով հանդես գալու ինչ-որ մի միտում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Hakob says:

    ամոթ է ամոթ:… ժեկի նախագահ…
    տո որ հիմա սենց մեծ-մեծ բռթում եք, ու մի հատ թուրք ենիչերի տանը հատակը չեք լվանում, դրա համար եք չէ՞ սենց “շնորհակալություն” հայտնում

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930