Լրահոս
Օրվա լրահոսը

«Այսպիսի շանս, որ Թուրքիան տվեց քրիստոնյա աշխարհին եւ հայերին, չօգտագործելը հանցագործություն է»

Ապրիլ 10,2014 15:52

«Ողբերգական իրողությունների հետևում կանգնած են հզոր ուժեր ու քանի դեռ ոճրագործությունը չի պատժվել, այն լինելու է շարունակական»,- այսօր «Քեսաբ. փախստականների խնդիրները և արդի մարտահրավերները» թեմայով քննարկման ժամանակ ասաց Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի նախագահության անդամ Մարիամ Ավագյանը: Քննարկումը կազմակերպել էր Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարը:

qnnarkum

Մարիամ Ավագյանը նշեց, որ Քեսաբը հերթական հանգրվանն է դիվային այն գործընթացի, որ հարյուրից ավելի տարի է, ինչ շրջում է հայ բնօրրանում և հարակից շրջաններում: Ըստ նրա՝ համագումարը դիմում է միջազգային հանրությանը՝ Քեսաբում կատարել հետաքննություններ: Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարը նաև պահանջում է ՀՀ իշխանություններից և միջազգային կազմակերպություններից սառեցնել հայ-թուրքական և Մինսկի խմբի գործընթացները մինչև հետաքննության ավարտը, սառեցնել նաև Հայաստանի մասնակցությունը ՄԻԵԴ-ում, մինչև Շվեյցարիայի կառավարության բողոքի քննման ավարտը Հայոց ցեղասպանության հարցով, քանի որ այդ դատարանի որոշումն, ըստ ամենայնի, Քեսաբի ողբերգության պատճառներից ամենաէականներից մեկն է:

Նախկին քաղբանտարկյալ, փորձագետ, հրապարակախոս-վերլուծաբան Սարգիս Հացպանյանը ներկաների համար դասախոսություն էր պատրաստել, բոլորին հիշեցրեց, որ 1939 թվականին Ֆրանսիայի հովանու ներքո գտնվող Ալեքսանդրետի սանջակը 35 միլիոն ֆրանկով ծախվեց Թուրքիային, իսկ այնտեղ մեծամասնությունը հայեր եւ արաբներ էին, ովքեր բռնեցին գաղթի ճանապարհը:

Պարոն Հացպանյանը զգուշացնում է, թե ինչպես այն ժամանակ գերտերությունների, մասնավորապես Ֆրանսիայի թողտվությամբ Թուրքիան կարողացավ տիրանալ հայկական տարածքին, այնպես էլ այսօր է հնարավոր նույն սցենարի իրականացումը: Ըստ պարոն Հացպանյանի՝ Թուրքիայի հովանավորյալն է նաեւ ԱՄՆ-ը, եւ ինքը զարմանում է, թե ինչպես մինչ այժմ հայկական դիվանագիտությունը չի դիմել այս պետություններին:

«Մենք միայն Քեսաբի հանգամանքով կարող էինք այսօր աշխարհում երկրաշարժ սարքել, իսկապես սարքել այդ երկրաշարժը»,- ասում է նա եւ ավելացնում, որ 2014 թվականի մարտի 21-ին, երբ նորից հային ստիպում են տեղահանվել, «ծպտուն անգամ» չի ելնում:

«Միակ բանը, որ շատ լավ անում ենք, լաց ու կոծ անելն է,- ասում է նա, նաեւ ուշադրություն հրավիրում արցախյան հիմնախնդրի վրա, -Խնդրում եմ զգոն եղեք, որովհետեւ կրկին անգամ եմ ասում՝ արցախյան հիմնախնդրի լուծման հիմքում ընկած է Ալեքսանդրետի սանջակի լուծման հարցը: Եթե Աստված մի արասցե, մեր պետությունը, ընդհանրապես հայությունը չկարողանա իր դիմակայությունը ցույց տալ, վաղը մյուս օր կասեն, մենք տարածք են զիջում առայժմ խաղաղության դիմաց Ադրբեջանին, , եւ դուք կտեսնեք, թե ինչպես են ադրբեջանցիները երկու տարում մեծամասնություն կազմում Լեռնային Ղարաբաղում եւ ազատագրված տարածքներում: Սա մեր լինել-չլինելու հարցն է, սա մեր պետականության պահպանման հարցն է: Ուստի հիմա է գոռալու ժամանակը»:

Պարոն Հացպանյանը խնդրի լուծման իր տարբերակներն է առաջարկում, նախ Քեսաբի խնդրի շուրջ քրիստոնյաներին եւ աշխարհի բոլոր հայերին միավորելը եւ խնդիրը բարձրաձայնելն է, այնուհետեւ Սիրիային ստիպելը, որ այս ընթացքում Հայոց ցեղասպանությունը ճանաչի, ինչպես նաեւ պայքարի մի ձեւ է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը մեկ տարի անընդհատ շրջափակելը:

Ասորական համայնքի ներկայացուցիչ, դերասան Ռազմիկ Խոսրոեւը նույնպես ներկա էր քննարկմանը: «Պատմությունը միայն գիտենալը քիչ է, պատմությունից պետք է սովորել»,- ասաց նա եւ նշեց, որ Քեսաբի դեպքերը հայերը եւ ամբողջ քրիստոնյա աշխարհը պետք է օգտագործի, որպեսզի մեկ անգամ էլ ներկայացնի Թուրքիայի ցեղասպան բնույթը: «Այսպիսի շանս, որ Թուրքիան տվեց քրիստոնյա աշխարհին եւ հայերին, չօգտագործելը հանցագործություն է»,- ասաց նա:

 

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930