Ապրիլի 11-ից 14-ը Իսպանիայի Կասերես քաղաքում տեղի կունենա Սամբոյի Եվրոպայի պատանիների, երիտասարդների և աղջիկների առաջնությունը, որին կմասնակցեն նաև Հայաստանի՝ 1994-1995 և 1996-1997 թթ տարիքային խմբերի ուժեղագույն մարզիկները:
Մեկնումից առաջ sambo.am կայքին տված հարցազրույցում Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ, մեր պատվիրակության ղեկավար Լևոն Հայրապետյանը թեև չառանձնացրեց որևէ կոնկրետ մարզիկի, սակայն նշեց, որ հիմնական ակնկալիքները աշխարհի և Եվրոպայի առաջնությունների հաղթողներից, մրցանակակիրներից են, որոնց մի մասն այսօր զինվորական ծառայության է Բանակի կենտրոնական մարզական ակումբում:
«Շատ բան, իհարկե կախված է կոնկրետ օրվա մրցելույթներից, վիճակահանությունից, տրամադրությունից: Ճիշտ է, ֆինանսական միջոցների բացակայության պատճառով լիարժեք ուսումնամարզական հավաք չենք կարողացել անցկացնել, բայց մեր բոլոր մարզիկներն էլ տրամադրված են հաղթանակի: Թող անհամեստ չհնչի, բայց մեդալներ անպայման կլինեն».-նշեց ֆեդերացիայի նախագահը:
Հիշեցնենք, որ մեր հավաքականում ընդգրկված են Եվրոպայի և աշխարհի պատանեկան ու երիտասարդական առաջնությունների հաղթողներ ու մրցանակակիրներ Գրիգոր Մխիթարյանը, Գոռ Մայիլյանը, Ռոզա Խաչատրյանը, Հովհաննես Ալեքսանյանը, Սեյրան Սահակյանը, Ալբերտ Սարգսյանը և այլք: Գոտեմարտերը տեղի կունենան ապրիլի 11-ին, 12-ին և 13-ին:
Կարդացեք նաև