«Սա ցույց է տալիս, որ մենք գործ ունենք մի իշխանության հետ, որը ինքը չի հասկանում`ինչ է անում: Սա աշխարհի պատմության մեջ նախադեպ չունեցող զարգացում է: Աշխարհում ընդունված է, որ որեւէ երկրի լիդերը հանդես է գալիս սահմանադրական փոփոխությունների փաթեթով, եթե համարում է, որ դա երկրի արդյունավետ կառավարման համար լավագույն ձեւն է»,- Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Սահմանադրական փոփոխությունների հրապարակված փաթեթին` իր անմիջական տպավորությունները հայտնեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:
Լեւոն Զուրաբյանը դեռ չի հասցրել ուսումնասիրել հրապարակված փաստաթուղթը, ուստի ամբողջական կարծիք կհայտնի ավելի ուշ:
Մեր զրուցակցի համար նույնպես անհասկանալի է, թե ի՞նչ նպատակ ունի ՀՀԿ-ի առաջ քաշած Սահմանադրական բարեփոխումների փաթեթը. «Մենք բախվում ենք մի անբացատրելի իրողության հետ. Երկրի գործող նախագահը հանրությանը ներկայացնում է սահմանադրական փոփոխությունների մի փաթեթ, ըստ էության առաջարկում է անցում կառավարման այլ մոդելի, միեւնույն ելույթում ասում է, որ ինքը գործող կառավարման մոդելը` կիսանախագահական, կիսախորհրդարանական մոդելը համարում է շատ ավելի լավ եւ արդյունավետ»: Լեւոն Զուրաբյանը հարց է տալիս նախագահին`այդ դեպքում ինչո՞ւ է նախաձեռնում նման անցում`այլ կառավարման մոդելի. «Սա կատարյալ անհեթեթություն է»:
Արդյոք դա ռեւերա՞նս է ընդդիմությանը, քանի որ խորհրդարանական կառավարման ձեւին կողմ են արտահայտվել ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ «Ժառանգությունը», կամ քառյակի համագործակցությունը տրոհելու նպատա՞կ ունի` հարցերին էլ Լեւոն Զուրաբյանն ասաց, որ դա ռեւերանս չէ, քանի որ ՀԱԿ-ը սկզբունքորեն կիսանախագահական, կիսախորհրդարանական մոդելի կողմնակից է:
Կարդացեք նաև
Քառյակի համագործակցությունը տրոհելու առիթով էլ ասաց. «Միակ բացատրությունը կարող է լինել այն, որ Սերժ Սարգսյանը կառավարման մոդելի փոփոխությամբ փորձում է վերարտադրել իր իշխանությունը»:
Դիտարկմանը, որ Սերժ Սարգսյանն արդեն հայտարարել է, որ ոչ նախագահ, ոչ էլ վարչապետ չի ցանկանում դառնալ, Լեւոն Զուրաբյանը հակադարձեց. «Դա ընդամենը մի հրապարակային խոստում է, որն ինքը շատ հանգստությամբ կմերժի, երբ որ լայն աշխատավորական կոլեկտիվները համազգային խնդրանքով դիմեն նրան`իր որոշումը փոխելու համար»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ