Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղաքակիրթ աշխարհը չարձագանքեց Մարաղա-Մարգուշավանի ողբին». Բակուր Կարապետյան

Ապրիլ 10,2014 14:58

1992 թվականի ապրիլի 10-ին ադրբեջանական բանակը խորհրդային բանակի տանկերի օգնությամբ ճեղքեց Մարաղա և Մարգուշավան գյուղերի պաշտպանական գիծը և այդ երկու գյուղերում կոտորեց խաղաղ բնակչությանը:

Ահա, 22 տարի անց, այս դեպքերն իրենց ընդգրկումն են գտել «Շուշի» բարեգործական հիմնադրամի նախագահ, գրող, հրապարակախոս Բակուր Կարապետյանի նոր՝ «Маргушaван, Марага» գրքում:

«Գիրքն ընդգրկում է Արցախի Մարգուշավան և Մարաղա գյուղերի պատմությունը, հարևան երկու հայկական գյուղերի ծնունդն ու 1992 թ. ապրիլի 12-ի ադրբեջանական բանակի կողմից կոտորածը և կործանումը: Գյուղերը դարձան ազգամիջյան հակամարտության զոհը»,- լրագրողներին ներկայացնելով վերջերս հրատարակված իր գիրքը՝ ասաց հեղինակը:

Գիրքը, որը լույս է տեսել հինգ հարյուր օրինակով, ռուսերեն է, քանի որ, հեղինակի խոսքով, այն առաջին հերթին նպատակ ունի միջազգայնացնելու խնդիրը. «Քաղաքակիրթ աշխարհն ու բարձր հեղինակություն ունեցող ԶԼՄ-ները քար լռություն պահպանեցին մարդկության դեմ այս հանցագործության նկատմամբ: Գիրքը նպատակ ունի միջազգային հանրությանը տեղյակ պահելու այս մասին, որպեսզի այլևս թույլ չտրվի, որ կրկնվեն նման հակամարդկային երևույթներ,- ասում է Բ. Կարապետյանը,- քաղաքակիրթ աշխարհը չարձագանքեց Մարաղա-Մարգուշավանի ողբին, իսկ դրան հակառակ՝ տեսեք՝ ինչ աղմուկ են բարձրացրել Բաքվի քարոզչության մոգոնած Խոջալուի իրադարձությունների շուրջ: Ադրբեջանական կողմն անընդհատ Խոջալուի մասին է խոսում, Բաքուն ամեն ինչ անում է այն հավասարեցնելու 1915 թ. Եղեռնի, դրա շարունակությունը հանդիսացող Սումգայիթի, Կիրովաբադի, Բաքվի 1988-92 թթ. կոտորածներին, իսկ մենք պասիվ ենք: Ես մանրազնին ուսումնասիրել եմ Խոջալուի հետ կապված դեպքերը: Ուղղակի Բաքվի քարոզչամեքենան, Անկարայի գործուն աջակցությամբ, սարքել է այդ ամենը՝ նպատակ ունենալով մոլորեցնելու միջազգային հանրությանը»:

Բ. Կարապետյանն ասաց, որ գիրքը գրելու համար ճամփորդել է Ռուսաստանում, փնտրել, գտել Մարաղայի ու Մարգուշավանի հարյուրավոր բնակիչների, ադրբեջանական հարձակման, կոտորածի ու թալանի ականատեսների, զրուցել նրանց հետ: «Գտել եմ այս գյուղերի ստեղծման, պատմության ակունքները՝ փորձելով ներկայացնել դրանք համապարփակ կերպով: Այսօր աշխարհով մեկ ցրված Մարաղայի և Մարգուշավանի բնակիչները արբանյակներից կատարած նկարահանումներում փորձում են գտնել հայրենի օջախները, բայց գտնում են ավերված, հրկիզված տների հետքերը, բուլդոզերներով հարթեցված նախնիների գերեզմանները: Բայց լեցուն են հավատով, որ մի օր կազատագրվի հայրենի եզերքի այս հատվածը ևս, ու իրենք կվերադառնան, նորից կշենացնեն Մարաղան ու Մարգուշավանը»,- ասաց հեղինակը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930