Լրահոս
Օրվա լրահոսը

Հարցեր՝ ՀՀ ՀՔԾ-ին

Ապրիլ 10,2014 14:17
femida

Ի պատասխան «Առավոտ» օրաթերթի 2014թ. ապրիլի 3-ի համարում տպագրված «Պաշտպանը միջնորդություն է ներկայացրել ՀՀ ՀՔԾ ՀԿԳ ավագ քննիչ Էդ. Հակոբյանին» հրապարակմանը, «Առավոտ» օրաթերթի 2014թ. ապրիլի 4-ին տպագրվել է ՀՀ ՀՔԾ լրատվական ծառայության պարզաբանումը:

Հրապարակման (ՀՀ ՀՔԾ ներկայացված միջնորդության) մեջ, հիմք ընդունելով Արտակ Ղուկասյանի եւ նրա մերձավոր հարազատների կողմից ՀՀ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում տված ցուցմունքները եւ մամուլում հրապարակած հոդվածները, որտեղ նրանք հայտարարել են, որ քրեական գործի շրջանակներում հայտնված մի շարք բարձրաստիճան վաշխառու պաշտոնյաներ (Վահրամ Մկրտչյան՝ նախկին պետական գույքի կառավարման նախարարության վարչության պետ, այժմ «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի տնօրեն, Արման Սարգսյան՝ ՊԵԿ-ի ՕՀՎ-ի բաժնի պետ, Աբրահամ Բախչագուլյան՝ «Սննդի անվտանգության տեսչության պետ», Մաթեւոս Մելիքսեթյան, Սուրիկ Տոնոյան, եւ մի շարք այլ պաշտոնյաներ), օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, Արտակ Ղուկասյանին առեւանգել են, դաժան ծեծի ենթարկել, խլել նրա ունեցվածքը, բիզնեսները, ձերբակալել տվել եւ հիմա հանգիստ յուրացնում են Ա. Ղուկասյանի կողմից ստեղծած եւ նրանից խլած բիզնեսներից ստացվող գումարներն ու ունեցվածքը, ինչպես նաեւ հղում կատարելով ՀՀ քրեական օրենսգրքի 3-րդ, 7-րդ (1-ին մաս), 18-րդ (1-ին մաս), 19-րդ (1-ին եւ 4-րդ մասեր), 131-րդ (1-ին եւ 2-րդ մասեր) եւ 333-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի հոդվածներում ամրագրված դրույթներին, կատարել եմ հետեւություն, որ կատարվել է հետեւյալ հանցագործություններից որեւէ մեկը. 1. Վահրամ Մկրտչյանը, Գուրգեն Սարգսյանը, Վաչե Սարգսյանը, Արման Սարգսյանը, Արսեն Ալեքսանյանը, Ռուսլան Բադալյանը, Ռուսլան Գրիգորյանը եւ Հրաչ Հովհաննիսյանը առեւանգել են Արտակ Ղուկասյանին, այսինքն՝ կատարել են ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված ծանր հանցագործություն, որը նախատեսում է ազատազրկում չորսից մինչեւ ութ տարի ժամկետով, 2. Արտակ Ղուկասյանը եւ նրա մերձավոր հարազատները կատարել են սուտ մատնություն, այսինքն՝ կատարել են ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործություն, որը նախատեսում է մինչեւ 5 տարի ազատազրկում: ՀՀ ՀՔԾ լրատվական ծառայությունն իր կողմից «Առավոտ» օրաթերթին տված պարզաբանման մեջ նշել է, որ «միջնորդությունն օրենքով սահմանված կարգով քննարկվել եւ ամբողջությամբ մերժվել է՝ դրա բացարձակ անհիմն լինելու պատճառով», որից հետո պարզաբանման մեջ ներկայացվել են այն հոդվածները, որոնք կատարելու մեջ մեղադրվում է Արտակ Ղուկասյանը: Գուցե ՀՔԾ լրատվական ծառայությունը պարզաբանի, թե ի՞նչ կապ ունի իմ կողմից ներկայացված միջնորդությունը Ա. Ղուկասյանին առաջադրված մեղադրանքների հետ: Չէ որ ես, հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 2-րդ (2-րդ մասի 1-ին կետ), 27-րդ 175-րդ, 176-րդ (1-ին մաս), 177-րդ (1-ին մաս), 182-րդ (1-ին մաս) եւ 184-րդ (1-ին մաս) հոդվածների պահանջները, միջնորդել եմ՝ 1. վերացնել Արտակ Ղուկասյանի եւ նրա մերձավոր հարազատների ցուցմունքների հիման վրա 14.03.2014թ.-ին ընդունած «Քրեական հետապնդում չիրականացնելու մասին» որոշումը, 2. թիվ 13200812 քրեական գործի նյութերով, Արտակ Ղուկասյանի եւ նրա մերձավոր հարազատների կողմից մամուլում տպագրված հոդվածների հիման վրա ընդունել որոշում՝ նոր քրեական գործ հարուցելու եւ այն առանձին վարույթում առանձնացնելու մասին: Գուցե ՀՔԾ լրատվական ծառայությունը պարզաբանի, թե ինչո՞ւ են որոշել քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն՝ դատարան ուղարկելու միջնորդությամբ, եթե Արտակ Ղուկասյանն արդեն իսկ դիմել է ՀՀ ՀՔԾ ՀԿԳ ավագ քննիչ Էդ. Հակոբյանին եւ հայտնել, որ ցանկանում է ցուցմունքներ տալ: ՀՀ ՀՔԾ-ի կողմից իրականացվող գործողություններն արդյոք չի՞ նշանակում, որ ՀՀ ՀՔԾ-ում եւս ընդունում են, որ տեղի է ունեցել Արտակ Ղուկասյանի առեւանգում, եւ քանի որ չեն ցանկանում, որ նշված փաստը բացահայտվի եւ առեւանգողները քրեական պատասխանատվության ենթարկվեն, ապա որոշել են քրեական գործը շտապ ուղարկել դատարան, որն իրականացնելու դեպքում առեւանգման փաստի հետ կապված ավագ քննիչ Էդ. Հակոբյանի կողմից 14.03.2014թ.-ին ընդունած «Քրեական հետապնդում չիրականացնելու մասին» որոշումները կստանան օրինական ուժ, որից հետո հնարավոր չի լինի նշված փաստի հետ կապված քրեական գործ հարուցել եւ մեղավորներին քրեական պատասխանատվության ենթարկել: Եթե ՀՀ ՀՔԾ-ում գտնում են, որ իմ կողմից ներկայացված միջնորդությունը բացարձակ անհիմն է, գուցե պատասխանեն հետեւյալ հարցերին: 1. Քրեական գործի նյութերով Արտակ Ղուկասյանին առեւանգելու փաստն ապացուցվա՞ծ է, թե՞ ոչ: 2. Եթե քրեական գործի նյութերով Ա. Ղուկասյանին առեւանգելու փաստն ապացուցված է, ապա ինչո՞ւ Արտակ Ղուկասյանին առեւանգողները քրեական պատասխանատվության չեն ենթարկվում, ինչո՞ւ է ավագ քննիչ Էդ. Հակոբյանը 14.03.2014թ.-ին ընդունել «Քրեական հետապնդում չիրականացնելու մասին» որոշումները: 3. Եթե քրեական գործի նյութերով Արտակ Ղուկասյանին առեւանգելու փաստն ապացուցված չէ, ապա Արտակ Ղուկասյանը եւ նրա մերձավոր հարազատներն ակնհայտ սուտ մատնություն կատարելու համար ինչո՞ւ քրեական պատասխանատվության չեն ենթարկվում: Պնդում եմ, որ ՀՀ ՀՔԾ-ում Արտակ Ղուկասյանի եւ նրա մերձավոր հարազատների ցուցմունքների եւ մամուլում տպագրված հոդվածների հիման վրա քրեական գործ չի հարուցվում եւ քննություն չի իրականացվում, քանի որ ՀՀ ՀՔԾ-ում գիտակցում են, որ առեւանգման փաստի հետ կապված բազմակողմանի եւ օբյեկտիվ քննություն իրականացնելու դեպքում ոչ միայն կհաստատվի Արտակ Ղուկասյանին առեւանգելու փաստը, այլեւ կպարզվի, որ նշված անձինք վաշխառուներ են՝ Ա. Ղուկասյանին տոկոսով գումարներ են տվել եւ դրա դիմաց նրա ունեցած բիզնեսները եւ գույքը խլել, ինչպես նաեւ կփլուզվի Արտակ Ղուկասյանին առաջադրված մեղադրանքները: Ինչ վերաբերում է ՀՔԾ լրատվական ծառայության պարզաբանման մեջ առկա հետեւյալ՝ «Վարույթն իրականացնող մարմինը հեռու է այն մտքից, որ նման քայլերով օրաթերթի ծավալուն տեքստի հրապարակմամբ պաշտպանն ինքնագովազդի եւ հաճախորդի ու հանրության աչքին իր արհեստավարժության գնահատման նպատակն է հետապնդում» մեջբերմանը, ապա ես, ում վերաբերվում է նշված մեջբերումը, հայտարարում եմ, ես հեռու եմ այն մտքից, որ ՀՀ ՀՔԾ-ում առկա է կոռուպցիա, կամ՝ ՀՔԾ-ում աշխատողներն ունեն բիզնեսներ՝ իրենց մերձավոր հարազատների եւ/կամ ընկերների անուններով, կամ՝ Արտակ Ղուկասյանի եւ նրա մերձավոր հարազատների հաղորդումների հիման վրա քրեական գործ չհարուցելը կապված չէ Արտակ Ղուկասյանի եւ նրա մերձավոր հարազատների կողմից տրված ցուցմունքներում նշված անձանցից եւ/կամ նրանց հովանավորներից վախենալու հանգամանքի հետ:

ՀԱԿՈԲ ՃԱՐՈՅԱՆ

Արտակ Ղուկասյանի
պաշտպան

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930