Այս պահին ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում քննարկվում է ԵԽԽՎ-ում Ռուսաստանի պատվիրակությանը լիազորություններից` մասնավորապես քվեարկության իրավունքից զրկելու հարցը:
ԵԽԽՎ պատվիրակների մեծամասնությունը կարծում է, որ Ռուսաստանը պետք է Ուկրաինայի հանդեպ վարած քաղաքականության և Ղրիմի անեքսիայի համար «գին վճարի»:
Դանիացի պատվիրակ Միշել Աստրուփ Յենսենը հայտարարեց. «Ռուսաստանի պատվիրակներին լիազորություններից և քվեարկության իրավունքից զրկելը Պուտինին ու նրա թիմին լուրջ նախազգուշացում է: Իսկ եթե Ռուսաստանը չունի մտադրություն դադարեցնել ռազմական ճնշումները, ապա մենք այս արձագանքով չենք սահմանափակվի: Կլինի արձագանքի հաջորդ փուլը»:
Նշենք, որ ելույթի համար հերթագրված էր նաև ռուս պատվիրակ Ալեքսեյ Պուշկովը, սակայն իր ելույթի պահին նա նիստերի դահլիճում չէր:
Վրացի պատվիրակ Դավիդ Բակրաձեն հիշեցրեց այն, թե ինչ կատարեց Ռուսաստանը Վրաստանի հանդեպ և շեշտեց, թե ժամանակն է, որ Ռուսաստանն այդ ամենի համար «գին վճարի»:
Կարդացեք նաև
Ելույթ ունեցավ նաև ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը: Պարոն Հարությունյանը շեշտեց խաղաղ դիվանագիտության անհրաժեշտության մասին ու նշեց, թե քննադատական ելույթները հնարավոր է նաև նպաստեն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գոյություն ունեցող հակամարտության շիկացմանը:
Այնուհետև անդրադառնալով Ռուսաստանի հասցեին հնչած քննադատություններին, պարոն Հարությունյանը կարծիք հայտնեց, թե քննադատության մի որոշակի չափաբաժինը կարող է այս համատեքստում լուրջ դերակատարություն ունենալ, բայց միևնույն ժանանակ նկատեց. «Որոշ դեպքերում պատժամիջոցները կողմերից մեկի նկատմամբ կարող են շիկացնել իրավիճակն ու հակամարտությունը»:
Հունգարացի պատվիրակներից մեկն էլ ի պաշտպանություն Ռուսաստանի ելույթ ունեցավ «Ղրիմը օրինական առումով պատկանում է Ռուսաստանին» գրությամբ շապիկով:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ