Լրահոս
Օրվա լրահոսը

74-ամյա ծերունուն մատների վրա խաղացնում են

Ապրիլ 10,2014 14:35

«Դի Ջի Արմս» ընկերությունը 6 տարի է՝ չի վճարում նրա մահացած կնոջ 200 հազար դրամ աշխատավարձը

74-ամյա Դավիթ Սեդրակյանին արդեն վեց տարի է՝ մի ընկերության տնօրինություն մատների վրա խաղացնում է՝ ասելով, թե երբ գումար կունենանք՝ այդ ժամանակ էլ կվճարենք: Մեծահասակ մարդն իր ծերությունը վայելելու փոխարեն՝ այս վեց տարիների ընթացքում գրեթե ամեն ամիս «Դի Ջի Արմս» ընկերության դռներն է ծեծում՝ ընկերությունից խնդրելով իր տիկնոջը պարտք մնացած 200 հազար դրամը:
Բանն այն է, որ Դավիթ Սեդրակյանի կինը՝ Գյուլվարդ Սեդրակյանը, որը նշյալ ընկերությունում 1994 թվականից մինչեւ 2008 թվականը մաքրությամբ է զբաղվել, աշխատելու տարիներին մահացել է: Գործարանը Գյուլվարդ Սեդրակյանին աշխատավարձի 200 հազար դրամ պարտք է մնացել, որն օրենքով պետք է ստանա նրա իրավահաջորդը՝ ամուսինը:

«Առավոտի» հետ զրույցում Դավիթ Սեդրակյանը պատմեց, որ տիկնոջ մահից հետո 6 տարի է՝ ապրում է միայնակ: Երեխաներից՝ տղաները ապրում են Հայաստանից դուրս, աղջիկը՝ հորից առանձին: Դավիթ Սեդրակյանը թոշակի տարիքի է եւ չի աշխատում՝ գլուխը պահում է պետության տված չնչին կենսաթոշակով:

«Ինչքան գնում եմ ընկերություն, ամեն անգամ տարբեր պատճառաբանություններ են բերում՝ միայն թե չվճարեն: Մեկ ասում են՝ գումար չունենք, մեկ՝ քեզ նման շատերը կան, որ քեզ վճարենք, նրանց էլ պետք է վճարենք: Ես չգիտեմ՝ ում եւ ինչպես դիմեմ, որ էս հարցը լուծվի: 200 հազար դրամը ինձ նմանի համար քիչ գումար չէ, գոնե մի քանի ամիս մարդավարի կապրեմ»:

Օրերս «Առավոտը» այցելեց «Դի Ջի Արմս» ընկերություն: Ինչպես մեզ հետ զրույցում ասաց ընկերության հաշվապահը, տնօրենը տեղում չէր, գործուղման էր՝ կգա կպատասխանի: Երեկ ընկերության արտադրական գծով տնօրեն Համլետ Բաբայանը մեզ հետ զրույցում ասաց, որ տեղյակ է այդ պատմությանը: «Առավոտի» հարցին, թե պա՞րտք եք ձեր նախկին աշխատակցին, պարոն Բաբայանն ասաց՝ ով ասաց՝ պարտք չեմ, էս դարում ով պարտք չունի, բոլորն էլ իրար պարտք են: Նրա խոսքերով. «Մենք տիկին Գյուլվարդի մահից հետո, երբ ամուսինը եկավ այդ հարցով, 100 000 դրամ վճարել ենք: Նա մեր լավագույն աշխատակիցներից մեկն էր. որ մահացավ, մենք նրա ընտանիքին 100 000 դրամ օգնություն ցույց տվեցինք, հետո նրա ամուսինը ամուսնացել է եւ ասում են՝ նոր կնոջ հետ եկել էր ու գոռգռոցով փողերն էր ուզում, բայց այնպես չի, որ մերժել ենք, ասել ենք՝ եթե գումար լինի, կվճարենք: Լրագրողի միջնորդությունը ավելորդ է, մեկ ա՝ վճարողը մենք ենք եւ մենք չենք հրաժարվում վճարելուց, պարզապես իր ժառանգները թող գան, ոչ թե ամուսինը, նրա նման մարդիկ էլի կան, որ գումար ունեն ստանալու, երբ նրանց վճարենք, նրան նույնպես մնացածի հետ կվճարենք»:

Համլետ Բաբայանը զրույցի վերջում ավելացրեց, որ մինչեւ տիկին Գյուլվարդի երեխաների համաձայնությունը չլինի, գործարանի տնօրինությունը ամուսնուն՝ Դավիթ Սեդրակյանին, ոչ մի գումար էլ չի տա. «Մենք հիմա վճարունակ չենք, երբ վճարունակ կլինենք, այն ժամանակ էլ կքննարկենք այս հարցը»:

Դավիթ Սեդրակյանը, սակայն, պնդում է, որ կնոջ մահվանից հետո երբ գնացել է գումարը ստանալու, միայն վերջին ամսվա՝ հունվարի աշխատանքային օրերի քանակով են հաշվել եւ գումարը վճարել, որը կազմել է 15 հազար դրամ: Իր ընտանիքին հատկացված 100 000 դրամն էլ ոչ թե աշխատավարձ է եղել, այլ օգնություն, որը անձամբ Համլետ Բաբայանն է Գյուլվարդ Սեդրակյանի մահվան առիթով տվել:

Նշենք, որ ըստ համացանցում եղած տեղեկատվության՝ «Դի Ջի Արմս» ընկերությունը զբաղվում է ռազմամթերքի արտադրությամբ:

Դավիթ Սեդրակյանի խնդրի առնչությամբ «Առավոտը» դիմեց նաեւ առողջապահության նախարարության Առողջապահության տեսչություն: Նշենք, որ վերջերս կառուցվածքային փոփոխությունների արդյունքում աշխատանքային տեսչությունն ու առողջապահության նախարարության հիգիենիկ հակահամաճարակային տեսչությունը միավորվեցին, ինչի արդյունքում ստեղծվեց Առողջապահության տեսչությունը: Մեր հարցին ի պատասխան՝ տեսչությունից հայտնեցին, որ աշխատանքային օրենսգրքի 197-րդ հոդվածի համաձայն՝ անձի մահվանից հետո մահացածի հասանելիք աշխատավարձը կամ դրան հավասարեցված այլ վճարումները տրվում են մահացածի ընտանիքի անդամին՝ մահվան վկայականը եւ ընտանիքի անդամ լինելու փաստը հավաստող անհրաժեշտ այլ փաստաթղթերի առկայության դեպքում՝ վեց ամսվա ընթացքում: Վճարումները կատարվում են նշված փաստաթղթերը ներկայացնելուց հետո աշխատանքային 3 օրերի ընթացքում:

Չստացված աշխատավարձը օրենսդրությամբ ենթակա են ժառանգման 6 ամսվա ընթացքում, իսկ եթե անցել է 6 տարի, եւ հարցը որեւէ կերպ չի լուծվում, ապա Դավիթ Սեդրակյանը պետք է դիմի դատարան:

ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930