Լրահոս
Օրվա լրահոսը

Քանի՞ միլիարդի է հասնելու «Մոսկվայի բիզնեսը» Բաքվի հետ

Ապրիլ 10,2014 14:45

Ըստ ՌԴ զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի`
Ադրբեջանը ՌԴ-ի կարեւոր գործընկերն է

ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի 2014թ. Աշխատանքային պլանի համաձայն եւ տարածաշրջանում վստահության մթնոլորտի ձեւավորմանը ուղղված քայլեր ձեռնարկելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությունը ծրագրել էր ՀՀ ԶՈւ պատվիրակության գործուղումը Բաքու` ԱՊՀ մասնակից պետությունների ԶՈւ շտաբների պետերի կոմիտեի հերթական նիստին մասնակցելու նպատակով:

Պատվիրակության երթուղին դեպի միջոցառման անցկացման վայրը եւ հետ նախատեսում էր տարանցում Մոսկվայով, որտեղ եւ ժամանել էին ՀՀ ԶՈւ ներկայացուցիչները ապրիլի 7-ին: Սակայն օրերս ՊՆ-ի հաղորդագրությունից հայտնի դարձավ հետեւյալը. «Չնայած ԱՊՀ ՊՆԽ քարտուղարի կողմից հրավերին, նաեւ` Ադրբեջանի ՊՆ-ին ուղղված պաշտոնական ծանուցման առկայությանը՝ ընդունող կողմը չհաստատեց հայկական պատվիրակությանն ընդունելու իր պատրաստակամությունը եւ շահագրգռվածությունը, ինչի հետեւանքով պատվիրակության մեկնումը Մոսկվայից Բաքու չեղյալ է համարվել»:
ԱՊՀ երկրների զինված ուժերի Գլխավոր շտաբի պետերը ապրիլի 8-ին Բաքվում քննարկել են մինչեւ 2020թ. ռազմական ոլորտում փոխգործակցության հարցը: Քննարկման առարկա են հանդիսացել նաեւ ՀՕՊ համակարգերի ու ՌՏԿ միասնական համակարգի զարգացումը՝ հայտնել է ՌԴ զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը: Վերջինս բանակցություններ է վարել ադրբեջանցի իր գործընկերոջ` Նեջմեդին Սադիգովի եւ պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ: Հանդիպմանը Սադիգովն անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտությանը, քննարկվել են երկու երկրների միջեւ ռազմատեխնիկական, ռազմական ուսուցման ու տարածաշրջանային անվտանգության ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման հարցերը: Գերասիմովի ու Հասանովի հանդիպմանը նույնպես քննարկվել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակը, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը: Գերասիմովն ընդգծել է, որ Ադրբեջանը Ռուսաստանի կարեւոր գործընկերն է:

Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը Բաքվում Ադրբեջանի պաշտպանության նախարարի ու գլխավոր շտաբի պետի հետ վարած բանակցությունների արդյունքում հայտարարել է ռուս-ադրբեջանական ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնման մասին` ակնարկելով, որ երկու երկրների միջեւ համագործակցության ընդլայնման համար հեռանկարներ կան: Ի դեպ, Ադրբեջանի անկախացումից ի վեր՝ 1991-ից, սա ՌԴ գլխավոր շտաբի պետի առաջին այցն էր Բաքու:

Իր հերթին Ադրբեջանի պաշտպանության նախարարը նշել է, որ ՌԴ-ի եւ Ադրբեջանի զինված ուժերի միջեւ համագործակցությունը զարգանում է բարձր մակարդակով եւ բոլոր ուղղություններով՝ ռազմական շինարարության, կրթության եւ ռազմատեխնիկական: «Վերջին տարիներին այդ ուղղությամբ մեծ աշխատանք է տարվում: Այսօր Ադրբեջանի զինված ուժերը Ռուսաստանից ժամանակակից սպառազինություն են ստանում: Այդ ամենը նպաստում է մեր երկրի պաշտպանունակության ամրապնդմանը»,- ասել է Հասանովը: «Ռուսաստանի եւ Ադրբեջանի զինված ուժերի միջեւ հարաբերությունների զարգացումը հաջող է ընթանում: Հիմնականում ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում Ռուսաստանը մեր գլխավոր գործընկերն է: Շարունակվում է մեծ գործարքների իրականացումը: Մենք համագործակցում ենք շատ ոլորտներում, եւ այդ համագործակցությունը հաջող է (ընթանում)», – Վալերի Գերասիմովի հետ բանակցություններում նշել է Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Նաջմեդին Սադիկովը:

Անցյալ տարի օգոստոսին Բաքվում ՌԴ-ի եւ Ադրբեջանի նախագահների համատեղ մամուլի ասուլիսում Իլհամ Ալիեւը հայտնեց, որ ադրբեջանա-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության ծավալները հասել են 4 միլիարդ դոլարի: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան մի առիթով հայտարարեց, թե Ադրբեջանին զինտեխնիկայի վաճառքը «ընդամենը բիզնես է», դա «Մոսկվայի բիզնեսն է»:
Մեկ շաբաթ առաջ ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարների հավաքում ընդունվեց Քեսաբի վերաբերյալ հայտարարություն: «Մենք խորը մտահոգություն ենք հայտնում Սիրիայի հյուսիս-արեւմուտքում սիրիական բանակի ու «Ալ-Քաիդա»-ի հետ կապված ծայրահեղական ուժերի հակամարտության հետեւանքով իրավիճակի կտրուկ սրման վերաբերյալ: Այս սրումը հանգեցրել է մարդկային կորուստների ու Քեսաբ քաղաքի հազարավոր հայ բնակիչների հարկադրված տեղահանության»,- ասվում էր հայտարարության մեջ: ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարները դատապարտել էին խաղաղ բնակչության նկատմամբ ուժի կիրառումն ու ահաբեկչական գործողությունները, բոլոր շահագրգիռ կողմերին կոչ էին արել գործել միջազգային իրավունքին խիստ համապատասխան՝ արյունահեղության շուտափույթ դադարեցման եւ 2012թ. հունիսի 30-ի Ժնեւյան կոմյունիկեի հիման վրա Սիրիայում խաղաղ քաղաքական կարգավորման հասնելու նպատակով:

Ռուսական հեռուստաընկերությունները մի քանի օր շարունակ անդրադառնում էին Քեսաբի թեմային, ռեպորտաժներ ցուցադրում` Քեսաբում տասնյակ հայ զոհերի թեմայով, սակայն երբ խոսքը վերաբերում է ԼՂ-ի շփման գծում զոհերին, ադրբեջանական ագրեսիային` ռուսական կողմից Բաքվին սաստելու որեւէ ակնարկ անգամ չկա: Ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացում բոլոր ակտիվացման փորձերին զուգահեռ ադրբեջանական ագրեսիան ու սադրանքները դառնում են ավելի ցինիկ, բայց սա ՀԱՊԿ-ում չեն էլ նկատում։

Ավելին` «Մոսկվայի բիզնեսը» Բաքվի հետ, ինչպես երեւում է, բուռն թափով շարունակվելու ու խորանալու է: Հետաքրքիր է՝ թե քանի՞ միլիարդի է հասնելու «Մոսկվայի բիզնեսը» Բաքվի հետ…

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930