Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքական «աջաբսանդալ»

Ապրիլ 10,2014 14:55

Սերժ Սարգսյանի եւ Հովիկ Աբրահամյանի բաղադրատոմսով

Եթե վերջապես իրականություն դառնա մեծ մխչյանցու մանկության շողշողուն երազանքը, եւ Սերժ Սարգսյանը «երկնագույն եզրանախշով սկուտեղի վրա» (ականջդ կանչի, Օստապ Իբրահիմովիչ) նրան մատուցի վարչապետի այնքան ցանկալի աթոռը (դա արդեն կիմանանք, հավանաբար, այս հոդվածը լույս տեսնելու օրվա երեկոյան), ապա ինձ՝ շարքային քաղաքացուս համար, օրինակ, հանելուկ կմնա, թե ինչո՞ւ է սահմանադրական հիերարխիայում երկրորդ՝ Ազգային ժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը հանկարծ որոշում դառնալ երրորդը՝ կառավարության ղեկավար: Կամավոր, ընդ որում:

Դե, իհարկե, պարզ է, ցանկությունը բյուջեին ու տնտեսական լծակներին տիրապետելը չէ, բյուջեի «ատկատներից» «մի քիչ էլ մենք օգտվենք, ապա»-ն չէ: Ինչո՞ւ եք այդքան վատ կարծիքի: Մարդը զօրուգիշեր մտածում է մեր հայրենիքի առաջընթացի մասին, իր մեջ զգում է սոցիալ-տնտեսական վիճակը բարելավելու ներուժը եւ որոշել է քափուքրտինք մտած աշխատել հանուն երկրի բարեկեցության: Բացի այդ, ինքը կուսակցության զինվոր է, իսկ կուսակցությունն ուր ուղարկում է, այնտեղ էլ գնում է՝ անմնացորդ ծառայելու Հայաստանին եւ հայ ժողովրդին: Բա էլ ո՞վ, եթե ոչ ինքը պետք է բարձրացնի կառավարության հեղինակությունը, ինչպես որ ԱԺ-ինը բարձրացրեց… Հալա տեսեք, թե վերջինիս հեղինակությունը ուր է հասել, համարյա Ս. Լիմինդրովիչի մակարդակին…
Եվ վերջապես՝ մարդը կարող է հանգիստ ասել. «… ուրեմն էն ալամեզոնը ջութակ (մեր պարագայում՝ կիթառ) քոքելով, ոտանավոր (մեր պարագայում՝ ոլոլոլոլոլոլոլորտում) արտասանելով կարա, ես, որ էս խելքի տեր եմ՝ չեմ կարա՞… »: Խելքի մասին իր նախկին ասածները նկատի ունենալով՝ մի քիչ կկասկածենք, բայց եւ դա կընդունենք սովետական ժամանակվա հայտնի անեկդոտի նման, երբ կոլխոզնիկներից մեկին հարցնում են, թե՝ «կարո՞ղ ես կոլխոզի նախագահ աշխատել», պատասխանում է. «ի՞նչ ա, վախենում եք «Վիլիսից» ընկնե՞մ…»:

Եվ այսուհանդերձ՝ եթե խելքը իբրեւ հայրենի գյուղի բակերում քուջուջ անող հավերին բնորոշ բան համարող ու դրա (խելքի) պակասն իբրեւ արժանիք գնահատող անձը դառնա վարչապետ, ապա, կարծում եմ, իր կարեւորագույն արածն այն կլինի, որ… Երեւանի որեւէ էլիտար թաղամասում կկառուցի կառավարության շենքի նմանությամբ մի առանձնատուն՝ հրապարակով, շատրվաններով ու … Լենինի… ներողություն՝ Սերժ Սարգսյանի արձանով… Դե, մարդը հո դիսկոմֆորտ չպե՞տք է զգա տուն վերադառնալով: Հա, ի դեպ, բակի կանաչների մեջ էլ քուջուջ կանեն խելացի հավերը: Էլի դիսկոմֆորտից չնեղվելու համար…
Եվ եթե նա վարչապետ կարգվի՝ Սերժ Սարգսյանին կառաջարկի այն քաղաքական «աջաբսանդալի» բաղադրատոմսը, որը կանվանվի «կոալիցիոն կառավարություն», եւ շատ հնարավոր է, որ այդ բաղադրատոմսն էլ հենց հավանության արժանանա:
Եվ այսպես, քաղաքական այդ «աջաբսանդալի» համար նա, հավանաբար, կվերցնի 10-12 հանրապետական, ընդ որում՝ չորսը թառամած, որպեսզի ապահովի պահպանողականությունը, եւ 6-8-ը՝ թարմ, նորաթուխ, որպեսզի «սերունդների հերթափոխությունը» կայանա: Ընդ որում, թառամած հանրապետականները կարող են նաեւ ծլած լինել, նրանց ծիլերն էլ կօգտագործվեն առընթեր մարմիններում:
«Աջաբսանդալի» երկրորդ բաղադրիչը, միանգամայն վստահաբար կարելի է ասել, կլինի երկու-երեք… Դե, էն կադրերից, որ էգ առյուծն աճեցնում է ի դեմս իրենց ղեկավարի՝ կանանց առատությամբ հայտնի խիստ «օրինապաշտ» կոլխոզի բոստաններում:
Թույլ տամ ինձ ենթադրել, որ «հանուն երկրի կայունության» կառաջարկվի այդ կառավարական «աջաբսանդալի» մեջ ներմուծել նաեւ լավ բարգավաճած մի քանի անձ: Կառաջարկվի, բայց կընդունվի՞ արդյոք առաջարկը: Հավանականությունը 50:50 է:
Կասկածում եմ, թե բաղադրատոմսը կներառի 125 տարի ազգային ազատագրական ծիրին մեջ գործող կուսակցության ներկայացուցիչների: Բայց ոչինչ բացառել չի կարելի:
Հա, չմոռանամ ասել, որ այդ «ճաշը» հարկ կլինի անպայման համեմել «գալստահոտ ցինիզմ» եւ «շարմազաբույր քծնանք» կոչվող համեմունքներով: Ընդ որում, սրանք ձեռք բերելու համար հեռու գնալ էլ պետք չէ՝ մեծամասնությունից եկողները հետները լիուլի կբերեն:

Այսուհանդերձ, ինչպիսի բաղադրատոմսով էլ որ պատրաստվի կառավարական «աջաբսանդալը», պարտքս եմ համարում նախազգուշացնել սիրելի իմ ընթերցող բարեկամներին, որ չփորձեն համտեսել, զի այն առաջացնելու է ալերգիաներ, սրտխառնուք, ի հետեւանք՝ հայհոյանք, հիշոցներ:
Սակայն, կրկնեմ, այս ամենը միայն ենթադրություններ են, մանավանդ, որ շատ հնարավոր է՝ վարչապետ նշանակվելու լուրերը տարածում է հենց ինքը՝ մեծ մխչյանցին: Դե, մարդը սովետական ժամանակներից գիտի՝ եթե ուզում ես քեզ պաշտոնի նշանակեն, տարածիր էդ մասին լուրերը նախապես, եւ հնարավոր է դա իրականություն դառնա:

ՄԵՍՐՈՊ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հ. Գ. Եթե այսօր երեկոյան պարզվի, որ մեկ այլ անձնավորություն է նշանակվել վարչապետ, ապա, միեւնույն է, կարծում եմ, «կառավարական աջաբսանդալի» բաղադրությունը էական փոփոխություններ չի կրի: Իսկ ժողովրդի մոտ՝ էլի ալերգիաներ, սրտխառնուք եւ այլն: Միակ տարբերությունն այն կլինի, որ Երեւանի գողտրիկ անկյուններից մեկում չի կառուցվի կառավարության շենքի նմանությամբ առանձնատունը: Կամ էլ՝ դա կկառուցի մեկ ուրիշը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930