Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ես, Սերժ Սարգսյանս, այլևս երբեք չեմ առաջադրվելու ՀՀ Նախագահի պաշտոնի համար»

Ապրիլ 10,2014 13:24

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ:

Հանդիպման ընթացքում հանձնաժողովի նախագահ, ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը տեղեկացրել է Հանրապետության Նախագահին, որ ՀՀ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի նախնական տարբերակն արդեն պատրաստ է և տեղադրված է ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքէջում: Հանձնաժողովի նախագահը ներկայացրել է Հայեցակարգի հիմնական դրույթները և դրանում արծարծված առանցքային խնդիրների լուծման ուղիները:

Նկատի ունենալով, որ Հայեցակարգի նախագիծը նախնական է և պետք է անցնի պարտադիր հանրային քննարկումների փուլ, Գագիկ Հարությունյանը նշել է, որ այս փուլում ի սկզբանե նպատակ չի դրվել բոլոր հարցերի վերաբերյալ ձևավորել միասնական և վերջնական դիրքորոշումներ: Դրանցից, մասնավորապես, ընդգծվել են մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների երաշխավորմանը, դատական իշխանության գործառութային և ինստիտուցիոնալ արդյունավետությանը, ինչպես նաև պետության կառավարման ձևին և ընտրությունների անցկացմանը վերաբերող հարցերը:

Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել հանձնաժողովի նախագահին և անդամներին՝ կատարված ծավալուն աշխատանքի համար և իր դիրքորոշումն է հայտնել որոշ առանցքային հարցերի վերաբերյալ:

***

ՀՀ Նախագահի խոսքը Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ
Շնորհակալ եմ պարոն Հարությունյան, Ձեզ, շնորհակալ եմ հանձնաժողովի բոլոր անդամներին կատարված ծավալուն աշխատանքի համար: Համոզված եմ, որ հանձնաժողովի անդամների մասնագիտական բարձր որակները թույլ են տվել վեր հանել ու մշակել այսօր մեր հասարակությանը և պետությանը հուզող բոլոր կարևորագույն խնդիրները: Համոզված եմ նաև, որ զուտ իրավական բնույթ ունեցող հարցերի կապակցությամբ հանձնաժողովն ունի թե՛ գիտական, և թե՛ գործնական հիմնավորումներ: Ես այստեղ որևէ կասկած չունեմ:

Անդրադառնալով Ձեր կողմից հնչեցված առանձին հիմնահարցերին, կարծում եմ, որ դատական իշխանությանն առնչվող բոլոր կարևոր խնդիրները, բոլոր «դեմերը» ու «կողմերը» պետք է քննարկվեն հենց այդ համակարգի ներկայացուցիչների մասնակցությամբ: Ինչպիսի եզրակացության կգաք, այնպիսի որոշումներ էլ կկայացնենք:

Ինչ վերաբերում է պետության կառավարման ձևին, ապա այս հարցում իմ մոտեցումը հայտնի է, և ես առիթ եմ ունեցել այդ կապակցությամբ արտահայտվել, որ մեր երկրի համար, գոնե թե զարգացման ներկա փուլում, գործող կառավարման մոդելն առավել ընդունելին է: Համենայն դեպս ես այդպես եմ կարծում:

Ինչևէ, գտնում եմ, որ մասնագիտական հանձնաժողովի կողմից բարձրացված այս հարցը, ի թիվս այլնի, պետք է դառնա հանրային քննարկումների առարկա: Սակայն կարևոր է նաև նկատի ունենալ, որ քաղաքական երանգ ունեցող հարցերին վերջնական գնահատական տալուց չպետք է անտեսվեն կամ թերագնահատվեն մեր երկրի քաղաքական ուժերի մոտեցումները:

Այդ պատճառով հանրային քննարկումների կազմակերպումը, դրանց անցկացմանը մասնագետների, քաղաքացիական հասարակության և քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների ակտիվ և արդյունավետ մասնակցությունը կարևոր է հավասարակշռված որոշումներ ընդունելու համար: Այդ որոշումները պետք է միտված լինեն պետության կայուն զարգացման ապահովմանը, այլ ոչ թե առանձին խմբերի կամ նեղ շահերի սպասարկմանը:

Մենք միասին պետք է կարողանանք իրավիճակային կամ ցանկացած մարդու ու ցանկացած քաղաքական ուժի շահերից վեր լուծումներ ամրագրել, քանի որ դա վերաբերում է մեր երկրի զարգացման ընթացքին, վերաբերում է ապագային: Մարդիկ էլ, քաղաքական ուժերն էլ, այսպահային շահերն էլ անցողիկ են, Սահմանադրությունը սերունդների համար է: Եվ որպես այս ճանապարհով շարժվելու սկիզբ, ես իմ կողմից ուզում եմ անել առաջին քայլը սահմանադրական բարեփոխումների քննարկումները իսկապես անկաշկանդ հունի մեջ դնելու առումով: Եվ ձեր առաջ, քննարկումների փուլն սկսելուց առաջ, պաշտոնապես հայտարարում եմ, որ ես, Սերժ Սարգսյանս, այլևս երբեք չեմ առաջադրվելու Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնի համար: Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաև վարչապետի պաշտոնին: Վստահ եմ անգամ, որ մեկ մարդը երկու անգամից ավել իր կյանքում չպետք է հավակնի ընդհանրապես երկրի կառավարման ղեկին Հայաստանում:

Ես ղեկավարում եմ Հայաստանի ամենամեծ քաղաքական ուժը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, և ինչպիսի սահմանադրական կառուցակարգերի վրա էլ ի վերջո կանգ առնեք, Հայաստանի Հանրապետական կուսակցությունն այդ կանոններով կշարունակի իր ծանրակշիռ ու որոշիչ դերակատարությունը Հայաստանում: Համենայն դեպս, մենք վստահորեն այդ ճանապարհով ենք գնալու: Ես սա ասում եմ, քանի որ գիտակցում եմ Սահմանադրության դերն ու ժողովրդավարական ավանդույթների կարևորությունը մեր երկրի համար, դա շատ ավելի կարևոր է, քան հնարավոր բոլոր վայ-շահարկումները, որոնք պարզապես թեթևամտության ժանրից են: Եվ ես սա ասում եմ այսօր՝ որպես սահմանադրական բարեփոխումների գործընթացի իրականացման ազատության երաշխիք ու նաև ազատ գործելու երաշխիք ձեզ համար:

Եվ ես սկզբունքորեն, իհարկե, համաձայն եմ Հայեցակարգի հանրային քննարկումների ժամկետը երկարաձգելու Ձեր առաջարկի հետ և գտնում եմ, որ որպես այս փաստաթղթի հեղինակ, հենց հանձնաժողովը պետք է ստանձնի այդ քննարկումների պատշաճ անցկացման և դրանց արդյունքների ամփոփման բարդ ու պատասխանատու առաքելությունը:

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930