Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ Ճարտարապետների միության նախագահ. «Չենք կարող մարդկանց ասել՝ Բաստիլի պես ջարդեք իրար»

Ապրիլ 10,2014 13:31

ՀՀ Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն այսօր «Տեսակետ» ակումբում հայտնեց, որ «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքի խնդրով մի քանի ճարտարապետներով եւ հեղինակներով վերջերս եղել են Քաղավիացիայի գլխավոր վարչությունում: Նրա ձեւակերպմամբ, իրենց վերջին հանդիպումը ցույց տվեց, որ եթե կարողանում ես երկխոսել, արդյունքներն ավելի դրական են լինում, քան քանդելն ու ջարդելը: Մինասյանի ասելով, հանդիպմանը ներկա էր նաեւ Էռնեկյանի ներկայացուցիչը, վերջինս հավաստիացրել է, թե իրենց ճարտարապետական ներուժով եւս մեկ անգամ կվերանայեն հարցը:

«Մենք խնդրեցինք, որ հարցը նայեն ոչ թե զուտ տարածք ազատելու տեսանկյունից, այլ հին մասնաշենքը հնարավորինս պահպանելու եւ նրան նոր ֆունկցիա հաղորդելու առումով: Շենքը 2001-ից տրված է եղել իրենց: Գուցե կան որոշակի անհարմարություններ, բայց աշխարհում շատ են նման շենքերը, որոնք քաղաքի համար նշանակություն են ունեցել իբրեւ արժեք եւ պահպանվել են: Եթե հանում ենք Երիտասարդական պալատը, «Զվարթնոց» օդանավակայանը, Ամառային կինոթատրոնը, ստացվում է՝ Հայաստանի ճարտարապետները այդ շրջանի ոչ մի կառույցով չեն ներկայացել, ախր դրանք ԽՍՀՄ-ի շրջանի լավագույն կառույցներն էին, Երեւանի դեմքը: Տխուրն այն է, որ մարդը այսօր ջնջում է այդ էջը իր պատմությունից, ինչի արդյունքում դու չես կարող այլեւս ներկայանալ միջազգային ճարտարապետական հանրությանը»,-ցավով փաստում է Ճարտարապետների միության նախագահը:

Նա նաեւ հույսը չի կորցնում, ասում է ՝«Զվարթնոց» օդանավակայանի կոնցեսիոների հրավիրած մասնագետները մեծ համբավ ունեն օդանավակայանները կառուցելու -վերակառուցելու գործում: «Իրենք ունեն հիսուն օդանավակայան, բազմաթիվ ճարտարապետական խմբերի են տիրապետում, դեռ պետք է որոշեն, թե կոնկրետ ո՞ր խումբն է զբաղվելու «Զվարթնոց» օդանավակայանի այդ մասնաշենքով, դրա համար ժամկետների մասին դեռ չենք խոսել»,- նշեց պարոն Մինասյանը: Նաեւ հավելեց, որ առաջիկայում միության վարչությունում ընդհանուր հայտարարի գալուց հետո կդիմեն մշակույթի նախարարությանը, որպեսզի ոչ միայն «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքը, այլեւ այլ շենքեր ներառվեն հուշարձանների ցանկում:

Ինչ վերաբերում է ԱԳ նախարարության շենքին, նա հավաստիացրեց, որ այն հյուրանոցի չի վերածվելու, հնարավոր է գեղարվեստի արժեքավոր գործերի թանգարան լինի, ինչպես «Գաֆեսճեան»կենտրոնը:

«Ծածկած» շուկային էլ անդրադարձ եղավ: «Մենք ազգովի պայքարելով, այնուամենայնիվ, կորցրինք հուշարձանը, այն դարձավ խարանի նման մի բան, առաջարկեցինք այն հանել հուշարձանների ցանկից, որովհետեւ ամոթ է: Միայն պսպղան ցուցափեղկերով հուշարձան չեն պահում»,- կարծում է Մկրտիչ Մինասյանը: Բայց նաեւ նշում՝ եղածը եղած է. «Չենք կարող մարդկանց ասել՝ Բաստիլի պես ջարդեք իրար…»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930