Եթե վարչապետի հրաժարականը ընդդիմության ճնշման հետեւանք է, ինչպես իր ակամա դաշնակիցներին ցանկանում է ներշնչել Տեր-Պետրոսյանը, ապա ինչպե՞ս է, որ նրանք նոր-նոր միայն ինչ-որ տարբերակներ են քննարկում: Տրամաբանորեն պետք է որ հրաժարականի պահանջը ձեւակերպելուն զուգահեռ եւ իրենց հնարավոր գործողությունները ծրագրած-մոդելավորած լինեին:
Ավելին՝ վարչապետի հրաժարականից համարյա արդեն մեկ շաբաթ է անցել, իսկ ընդդիմություն ասվածից ձեն-ձուն չկա, եթե չհաշվենք մի քանի կցկտուր գնահատականներն ու ցանկալին իրականության տեղ փաթեթավորմամբ հրամցվող հայտարարությունները:
Այնինչ հենց միայն այն, որ Տեր-Պետրոսյանը ստիպված է հարցազրույցի միջոցով ուղղորդել ՀՅ Դաշնակցության, «Ժառանգության» ու մանավանդ «Բարգավաճ Հայաստանի» ներկայացուցիչներին, խելք սովորեցնել, թե՝ ոչ մի կոնտակտի չգնալ իշխանության հետ, անուղղակի կամ հենց լավ էլ ուղղակի վկայում է, որ իրենք նման զարգացում եւ կոնկրետ հրաժարական չէին էլ ակնկալում:
Եվ այժմ, փաստացի վիճակից ելնելով, Տեր-Պետրոսյանը, եղած ընդդիմադիրների մեջ ամենից լավ հաշվարկողն ու ճատրակորդը, փորձում է օպերատիվ ուղղորդումներ տալ, ըստ սովորության, էլի մի ինչ-որ խառնակչություն հրահրել, աղոտ հույսով, թե մեկ էլ տեսար ստացվեց:
Կարդացեք նաև
Ամենից կարեւորն ու այսօրինակ խոցելի հարցազրույցով հանդես գալու Տեր-Պետրոսյանի հիմնական պատճառը, կարծում ենք, այն է, որ նա պարզորոշ տեսնում է ՀԱԿ-ը կազմաքանդելու գնով ԲՀԿ-ին «սիրահետելու», «քաղաքագիտական վերլուծությունների» միջոցով մի կերպ-մի կերպ կցմցված «քառյակը» նոր իրավիճակում պարզապես փլուզվում է, դառնում աննպատակ մի բան: Եվ երեկ հրապարակված նրա հարցազրույցը այդ կվարտետը պահպանելու մի հուսահատ ճիգ կարելի է համարել: Ուրիշ ոչինչ:
Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում