Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Տիգրան Սարգսյանի դեմ եղել է անձնավորված պայքար, նրա փոփոխությունը ոչինչ չի փոխի»

Ապրիլ 10,2014 13:05

ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանը նոր վարչապետից ակնկալիքներ չունի:

Ըստ նրա. «Անձի փոփոխությունը չի կարող հանգեցնել արագ փոփոխությունների, եթե չկա համակարգի փոփոխություն»:

Այսօր «Հենարան» ակումբում Նարեկ Գալստյանն ասաց, որ համակարգի փոփոխություններ ասելով՝ նկատի չունի նախագահի փոփոխություն, այլ «իշխանության գործողությունների տրամաբանության փոփոխություն, հարուստին ավելի հարստացնելու քաղաքականությունը չի փոխվել»:

Նրա խոսքով, Տիգրան Սարգսյանի հրաժարականը անակնկալ էր, անսպասելի բոլոր քաղաքական ուժերի համար. «Նախադրյալներ չկային հրաժարականի համար, որովհետեւ ներքաղաքական այլ ճգնաժամեր էլ են եղել, բայց դրան պաշտոնյաների հրաժարականներ չեն հաջորդել: Հակված եմ մտածելու, որ հրաժարականը նրա սեփական որոշումն էր եւ պարտադրված չէր»:

Նարեկ Գալստյանի տպավորությամբ, Տիգրան Սարգսյանը վեց տարվա պաշտոնավարման ընթացքում թողել է բավական դրական երեւույթներ. «Կարողացավ նոր քաղաքական մշակույթ մտցնել՝ հանդուրժողականություն: Ամենաքննադատվող վարչապետն է եղել, եւ բոլորիս էր հայտնի, որ քաղաքական ուժերը հստակ տրամադրվածություն ունեին նրա անձի նկատմամբ: Վարչապետի դեմ եղել է անձնավորված պայքար, որովհետեւ հակառակ դեպքում կպահանջեին վերից վար փոփոխություն՝ ԱԺ նոր ընտրություններ, նախագահի փոփոխություն: Չեմ կարծում, որ ԲՀԿ-ի գործարար պատգամավորները համակարգային փոփոխություններ պահանջեին, որովհետեւ համակարգային փոփոխությունների դեպքում որտե՞ղ նրանք կհայտնվեն»:

Նարեկ Գալստյանի բնորոշմամբ, Հայաստանն ունեցել է բարեփոխող վարչապետ եւ համոզված է, որ եթե չորս ոչ իշխանական քաղաքական ուժերը նույնիսկ մտնեն ազգային միաբանության կառավարություն, այդ պարագայում էլ համակարգային փոփոխություններ չեն լինի. «Այդ ուժերից առնվազն երեքին տեսել ենք իշխանության բարձրագույն էշելոններում եւ նրանց պաշտոնավարման տարիներին Հայաստանում սոցիալական պաշտպանվածությունը կամ մարդու իրավունքների պաշտպանվածությունը չէր փայլում: Հասարակության մեջ էլ է տիրում այն իրավիճակը ու նախատրամադրվածությունը՝ երկրում որակական փոփոխություններ չեն լինելու, նոր վարչապետից ոչինչ չենք ակնկալում»:

Անդրադառնալով կենսաթոշակային պարտադիր կուտակային օրենքին՝ ասաց, որ այն ժամանակավրեպ է, չունի հասարակության վստահության բազան, ու քաղաքացիները իրենց սոցիալական պաշտպանվածությունը չեն կարող պատկերացնել մեկ տարի հետո, ուր մնաց քառասուն տարվա մասին է խոսքը: Ըստ նրա այդ օրենքի պարտադիր դրույթը խախտում է մարդու իրավունքների պաշտպանությունը: Կառավարությունը, ըստ նրա, հաշվի է առել դա, բայց ինքը դժվարանում է ասել՝ ինչն է ստիպել կառավարությանը գնալ այդ քայլին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930