Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կառավարությունն աջակցում է ցրտահարությունից տուժած գյուղացիներին

Ապրիլ 10,2014 13:00

ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում արձանագրել է, որ 2014թ. մարտի 30-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ մարզերում տեղի ունեցած ցրտահարության՝ բնական աղետի հետևանքով մարզերի մի շարք համայնքներին պատճառված վնասը հասել է աղետալի աստիճանի՝ ստեղծելով արտակարգ իրավիճակ: Այդ վնասը մեղմելու նպատակով հրատապ անհրաժեշտություն է առաջացել գյուղատնտեսական մշակաբույսերի սերմացուի վաճառքով զբաղվող տնտեսվարողներից ձեռք բերել տարբեր սերմացու և հատկացնել ՀՀ մարզպետարաններին՝ ցրտահարությունից առավել տուժած համայնքների հողօգտագործողներին տրամադրելու նպատակով: Սերմացու ձեռք բերելու համար ՀՀ գյուղատնտեսության նախարարին թույլատրվել է «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի նպատակային հաշվեհամարից օգտագործել 85 մլն դրամ: Նույն ՊՈԱԿ-ի միջոցով սերմացուն տրամադրվելու է Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Լոռու, Վայոց ձորի և Տավուշի մարզպետարաններին, որոնք 10-օրյա ժամկետում համայնքների ղեկավարների միջոցով սերմացուն ըստ բաշխացուցակի հասցնելու են հողօգտագործողին:

Պատճառված վնասը մեղմելու նպատակով կառավարության հաջորդ որոշմամբ 2014թ. գարնանացանի համար գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրության զարգացման ծրագրով հողօգտագործողներին տրամադրվող գարնանացան գարու սերմացուի գինը 200 դրամից իջեցվել է 130 դրամի: Բացի այդ, ազոտական պարարտանյութի և դիզելային վառելանյութի վաճառքը ցրտահարությունից տուժած հողօգտագործողներին կիրականացվի առանց առավելագույն չափաքանակի՝ փաստացի ունեցած հողատարածքի չափով:

Մեկ այլ որոշմամբ տուժած մարզերի մարզպետարաններին հատկացվել է 271 մլն դրամ՝ հողի հարկի և համայնքի բյուջե վճարման ենթակա տարեկան գումարներն այդ վճարները կատարող ֆիզիկական և իրավաբանական անձանց անունից, նրանց փոխարեն համապատասխան համայնքի բյուջե վճարելու նպատակով: Բացի այդ, ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից օգտագործվող ոռոգման ջրի դիմաց 2014թ. վարձավճարները փոխհատուցելու նպատակով ՀՀ ՏԿՆ ջրտնտպետկոմին է հատկացվել 487 մլն դրամ: Ակնկալվում է, որ պետական աջակցության շնորհիվ կստեղծվեն համայնքների վնասված հողերի հետագա արդյունավետ օգտագործման, գյուղմթերքների արտադրության ծավալի և գյուղացիական տնտեսությունների եկամտի ավելացման նպաստավոր պայմաններ:

Կառավարության նիստը վարող ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գևորգյանը նշել է, որ տուժած հողօգտագործողներին ցուցաբերվող աջակցությունը շարունակություն է ունենալու նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գծով և ձայնը տվել է նախարարի պաշտոնակատարին: Վերջինս հիշեցրել է, որ անցյալ տարի Արմավիրի մարզի կարկտահարությունից տուժած 630 գյուղացիական տնտեսություններին ցուցաբերվել է շուրջ 120 մլն դրամի օգնություն: Այս վերջին ցրտահարությունից տուժածներին աջակցություն կտրվի ընդհանուր առմամբ 150-200 մլն դրամի չափով: Որոշման նախագիծն արդեն ներկայացվել է կառավարություն և առաջիկայում կքննարկվի:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930