“Ինտերնետը պետք է հասանելի լինի բոլորին` անկախ տարիքից, բնակության վայրից կամ եկամուտուց, և անհրաժեշտ է ավելի խիստ պահանջներ ներկայացնել` ինտերնետ հասանելիությունը տեղական, տարածաշրջանային, ազգային և եվրոպական մակարդակներով ապահովելու համար” – նշված է քննարկվող բանաձևի նախագծում:
Հայաստանում վերջին մի քանի տարիների ընթացքում զգալիորեն բարելավվել է համացանցի հասանելիությունը` գների իջեցման և ցանցի կատարելագործման հետևանքով:
Վերջին տասնամյակում Հայաստանն իրականացրել է ՏՏ ոլորտի ազատականացմանը ուղղված արմատական քայլեր, այդ թվում և նոր նորմատիվ համակարգի ներդրում, ինչը և հանգեցրել է մենաշնորհի վերացմանը: Հեռահաղորդակցության ոլորտի ազատականացումը շատ կարևոր ցուցանիշ է Հայաստանի համար:
Կարևորելով համացանցի հասանելիությունը, ինչն իր մեջ ներառում է առանց պետական մարմինների միջամտության կարծիքներ, մտքեր և այլ տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունք` ես խորին մտահոգված եմ հարևան Թուրքիայում տեղի ունեցած վերջին իրադարձություններով` այս ամենի ապահովման հարցում:
Կարդացեք նաև
Թվիթերն արգելափակելու որոշումն աննախադեպ ոտնձգություն է Թուրքիայում ինտերնետ ազատության և խոսքի ազատության նկատմամբ: Եվ հատկանշական է, որ այս ամենն արվում է Թուրքիայում կարևոր տեղական ընտրություններից ընդամենը մեկ շաբաթ առաջ: Ինչպես գիտեք, հենց Թվիթերի միջոցով են տարածվել մի շարք գաղտնալսված հեռախոսազրույցներ, որոնցում պարզ արտահայտվում էր ոչ միայն Թուրքիայի կառավարության կոռուպցիոն պատկերը, այլ և ճնշումները բիզնեսի և լրատվամիջոցների վրա:
Թվիթերի արգելափակելուց հետո Թուրքիան արգելափակել է նաև YouTube-ի և Գուգլ որոնողական ընդհանուր ցանցի հասանելիությունը իր երկրի քաղաքացիների համար:
Այս վճռական քայլերը, որոնցով խախտվում է ինտերնետի հասանելիության օրենքը, ցուցանիշն են այն իրողության, թե որքան հեռու է պատրաստ գնալ Թուրքիայի կառավարությունը` հակակառավարական քննադատությունը կանխելու համար: Այս ամենի հետևանքով ամենևին էլ զարմանալի չեն այդ երկրի վերջին ընտրությունների արդյունքները: Ներկայիս իշխող կուսակցությունը, չնայած Թուրքիայում ընթացող երկարատև բողոքների, ցույցերի և դատական ու իրավապահ մարմինների վրա ճնշումների` այնուամենայնիվ հաղթել է ընտրություններում:
Ըստ էության, որոշ ԵՄ և ԱՄՆ պաշտոնյաններ դատապարտել են սոցիալական ցանցերի արգելափակումը Թուրքիայում, բայց վստահ եմ, որ միջազգային հանրությունը, այդ թվում և մեր Խորհրդարանական վեհաժողովը և անդամ պետությունները, պետք է խստորեն դատապարտեն այս անընդունելի իրողությունը` բանաձևերով կամ հատուկ հայտարարություններով` հետագայում այլ երկրներում նման իրավիճակները բացառելու համար:
Ավարտելով խոսքս` ցանկանում եմ խիստ կարևորել քննարկվող բանաձևի հոդված 2-ը. “Ինտերնետը հեղափոխեց մարդկանց հաղորդակցության ձևերը, փոփոխեց խոսքի ազատության ու տեղեկատվության տարածման իրավունքի, ինչպես նաև հարակից հիմնարար իրավունքների իրականացման եղանակը: Նաև ինտերնետ հասանելիությունը նպաստում է մշակութային, քաղաքացիական և քաղաքական իրավունքների իրականացմանը: Այդ իսկ պատճառով Վեհաժողովը ընդգծում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը և խիստ կարևորում ինտերնետի հասանելիության կարևորությունը ժողովրդավարական հասարակություններում: