Լրահոս
Օրվա լրահոսը

Դատավորը վճիռ է կայացրել՝ առանց գրավոր փաստացի ապացույցների

Ապրիլ 10,2014 14:27

Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվել է տիկին Կ. Մ.-ի հայցապահանջը, այն է՝ անչափահաս երեխայի ալիմենտի եւ բնակության վայրը սահմանելու պահանջի մասին: Նշենք, որ հայցվորն ու պատասխանողն ամուսնացել են 2009 թվականին եւ համատեղ ամուսնությունից ունեցել են մեկ երեխա: Այդուհետեւ՝ ընտանեկան անախորժությունների պատճառով, դատական կարգով ամուսնալուծվել են: Երեխան բնակվել է մոր հետ, սակայն մայրը դատարան հայցապահանջ էր ներկայացրել, որ երեխայի բնակության վայր սահմանեն հոր բնակության վայրը: Ի դեպ, նշենք, որ երեխայի հայրը՝ Կ. Խ.-ն (հարգելի պատճառներից ելնելով՝ ծնողների անուններն ամբողջությամբ չենք նշում), այդ հայցապահանջի դեմ չի առարկել եւ միշտ համաձայն է եղել, որ երեխան բնակվի իր հետ: Ուշագրավ է, մայրը հայցապահանջ է ներկայացրել երեխայի հորից ալիմենտ պահանջելու մասին, այն է՝ ամսական 30.000 ՀՀ դրամ, ինչպես նաեւ պահանջել է, որ երեխան բնակվի հոր տանը: Փաստացի, ստեղծվում է վիճակ, որ երեխայի բնակության վայր է սահմանվելու հոր տունը, ասել է թե՝ երեխան կբնակվի հոր տանը, սակայն դրա համար հայրը՝ պարոն Կ-ն, պետք է նաեւ երեխայի մորն ալիմենտ վճարի: Հարց է առաջանում, թե ինչո՞ւ պետք է հայրը վճարի ալիմենտ, եթե երեխայի բնակության վայրը լինելու է ոչ թե մոր, այլ հոր տունը:

Դատական նիստը նախագահող դատավոր Հայկ Խաչատրյանը կայացրել է վճիռ այն մասին, որ հայրը պետք է ալիմենտ վճարի մորը՝ երեխայի ապրուստը հոգալու համար, ինչպես նաեւ վճիռ է կայացրել, որ երեխայի բնակության վայրը պետք է լինի հոր տունը: Ի դեպ, ինչպես արդեն նշեցինք, ամուսիններն ամուսնալուծվել են դատական կարգով, եւ երեխայի հայրն ինքն է նույնիսկ առաջարկել նախկին կնոջը գումար տրամադրելու՝ երեխայի ապրուստի համար: Այստեղ ծագում է մեկ այլ հարց: Եթե հայրը ցանկանում է ալիմենտ վճարել եւ նրանց մեջ անհամաձայնություն չկա, ապա հանդիսանո՞ւմ է, արդյոք, մայրը շահագրգիռ անձ: Հայցվոր կողմը դատարանին չի ներկայացրել փաստացի ապացույց այն մասին, որ նրանք չեն կարողանում միասին համաձայնության գալ եւ այդպես դատարանը գործն ընդունել է վարույթի: Բացի դա՝ դատարանը վճիռ է կայացրել ամսական 25.000 ՀՀ դրամ հորից երեխային ալիմենտ տրամադրելու, այն դեպքում, երբ հստակեցված չի եղել երեխայի հոր ամսական եկամտի չափը: Առանց փաստական հանգամանքների՝ հայցվոր կողմի ներկայացուցիչը՝ Լուսինե Խեչանյանը, դատարանին հայտարարել է, որ երեխայի հայրն ամսական ստանում է 200.000 ՀՀ դրամ աշխատավարձ եւ այն չի հիմնավորել, քանի որ նիստի ժամանակ ասել է. «Մեզ չհաջողվեց ստանալ գրավոր տեղեկություն երեխայի հոր աշխատավարձի վերաբերյալ», եւ դա էլ դատավոր Հայկ Խաչատրյանի կողմից հանդիսացել է հիմք, որ առանց գրավոր փաստացի ապացույցների սահմանի ալիմենտի չափ: Դատավորն իր հերթին վճռում նշել է, որ՝ եթե հետագայում պարզ լինի հոր եկամտի չափը, ապա հայցվորը կարող է կրկին հայց ներկայացնել դատարան՝ ալիմենտի չափը փոփոխության ենթարկելու պահանջով:

«Առավոտի» հետ զրույցի ժամանակ պատասխանողի ներկայացուցիչը՝ Աշխեն Եսայանը, շեշտեց. «Նախ, դատավորը հայցադիմումը վարույթ ընդունելիս պետք է ընդդատության հարցը լուծեր, որը չի արել, դրա վերաբերյալ ներկայացվել է ինքնաբացարկի միջնորդություն, որը մերժվել է: Հայցվորի ներկայացուցիչը դատարան էր ներկայացրել ալիմենտի բռնագանձման եւ բնակության վայր սահմանելու պահանջներ: Բնակության վայր սահմանելու հայցապահանջը տվյալ գործով հիմնական է, իսկ ալիմենտի բռնագանձումը՝ ածանցյալ: Քանի որ ծնողները պարտավոր են պահել իրենց երեխաներին, ապա երեխայի հետ չբնակվող ծնողը պարտավոր է հոգալ երեխայի ապրուստը: Երեխայի այդ իրավունքն իրացնում է նրա հետ բնակվող ծնողը, սակայն մայրը, ում հետ բնակվում է երեխան, հայցադիմումով պահանջել է երեխայի բնակության վայրը սահմանել հոր բնակության վայրը, դրա հետ մեկտեղ պահանջել է ալիմենտ: Երեխայի հայրը բնակության վայրն իր բնակության վայրը սահմանելու դեմ չի առարկել: Բացի դա՝ ՀՀ ընտանեկան օրենսգրքի համաձայն՝ դատական կարգով ալիմենտը բռնագանձվում է, եթե բացակայում է ծնողների համաձայնությունը: Ի սկզբանե, հայրը ամուսնալուծության ու տեսակցության կարգ սահմանելու հայցապահանջները դատարանում քննվելու ժամանակ առաջարկել է գումար տրամադրել երեխային պահելու համար, իսկ նախկին կինը հրաժարվել է: Այսինքն՝ նախ, երեխայի մոր՝ դատարան դիմելու իրավունքը չի ծագել, քանի որ ալիմենտի մասով շահագրգիռ անձ չէ եւ երկրորդ՝ բնակության վայր սահմանելու պահանջի դեպքում ալիմենտի բռնագանձման հայցապահանջն առարկայազուրկ է դառնում»: Առաջիկայում՝ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում կլսվի երեխայի հոր բերած բողոքը՝ ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած՝ 12.09.2013թ. թիվ ԱՐԱԴ/0339/02/13 վճիռը բեկանելու մասին, այն է՝ սահմանել երեխայի բնակության վայրը հոր բնակության վայրում եւ մերժել ալիմենտի բռնագանձման պահանջի մասին ակտը: Այդ մասին «Առավոտը» կանդրադառնա առաջիկայում:

ՍԵՐԳԵՅ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maro says:

    Աբսուրդ վճիռ: Իրար հակասող պահանջների միացում: Փաստորեն, կինը ի շահ ամուսնու է հանդես եկել` երեխայի բնակության վայրը հոր բնակության վայրը որոշելով: Թե չէ կարելի էր դիմել դատարան, փոխհատուցում ուզել անհիմն դատական քաշքշուկի համար

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930