Լրահոս
Օրվա լրահոսը

Խաղաղ պայմաններում զոհված զինվորների մայրերը կրկին նախագահականի մոտ են

Ապրիլ 10,2014 12:13

Նախագահական նստավայրի մոտ այսօր կրկին բողոքի ակցիա են անում խաղաղ պայմաններում բանակում զոհված զինվորների մայրերը: Պահանջը նույնն է`բացահայտել սպանությունները:

Նրանցից ոմանք նույն պահանջով փողոց են դուրս գալիս արդեն մեկ տասնամյակից ավելի տարիներ: Այս տարիների ընթացքում տարբեր պաշտոնյաների հետ են հանդիպել, տարբեր խոստումներ լսել, բայց կրկին կանգնած են փողոցում`հուսահատ: Այդ է պատճառը, որ նախագահականի մոտ հավաքված մայրերն այսօր հայտարարում էին, որ Հայաստանում արդարադատություն չկա, այն փտած համակարգ է, իսկ այդ պաշտոնյաների վրա կարելի է «բենզինը լցնել ու վառել»:

Gaspari_01

zoher-2 zoher-1

Այն, որ կառավարությունը հրաժարական է տվել եւ նախագահն էլ հայտարարեց, թե նոր կառավարությունում էական փոփոխություններ են լինելու, մայրերին դարձյալ չի գոհացնում ու հուսադրում; Նրանց տառապանքը փորձ ունի: «2011 թվականին այս ճաղերի ետեւից նախագահը խոստացավ, որ նորանշանակ զինդատախազը մեր հարցերին պատասխաններ կտա: Հին զինդատախազին`Արմեն Խաչատուրյանի հանցագործություն էր կատարել, հանեցին: Բայց ինչի՞ չդատապարտեցին: Դրանից առաջ`Ջհանգիրյան ա, Կոստանյան ա, ով ա, ինձ չի հետաքրքրում, ինչի՞ մեր երեխաներին սպանողներին պատասխանատվության չեն ենթարկել: Արդարացնում են մեղադրյալներին ու հարցը չի լուծվում: 2010 թվականին իմ երեխայի գործը անփութության հոդվածով մտել ա դատարան, արդարացրել են մեղադրյալներին: Մեղադրյալ չկա. Ով ա՞ սպանել իմ երեխային: Էսօր ես ո՞նց հավատամ»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց 2007 թվականին սպանված Տիգրան Օհանջանյանի մայրը՝ Գոհար Սարգսյանը:

«Բանակի գլխավոր գերագույն հրամանատարը մարդակեր, արյունարբու խոզ ա, մարդասպան ա, խաբեբա է»,- նման եւ այլ բացականչություններ էին հնչեցնում զոհվածների մայրերը, ինչը բարկացրեց նրանց հսկող ոստիկաններին: Վերջիններս հորդորում էին «հանգիստ ու կարգին» պահել իրենց: Ի պատասխան, մայրերից մեկն ասաց. «Ես հանգիստ կլինեի, եթե որդիս կողքիս լիներ»:

Ակցիայի մասնակիցներին մոտեցավ նաեւ Վարդգես Գասպարին`«սերժիկ մարդասպան» թուղթ-պաստառով: Դա ոստիկաններին դուր չեկավ: Գասպարիի հետ մի փոքր լեզվակռվից հետո, նրան ի վերջո թույլ տվեցին կանգնել ակցիայի մասնակիցների կողքին, բայց այն բանից հետո, երբ վերջինս դարձյալ պառկեց գետնին`մի քանի ոստիկաններ նրան տեղափոխեցին:

Թե ո՞ւր տարան Գասպարիին`չհաջողվեց ճշտել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հ. Գ. Ի դեպ, նախագահի նստավայրի դիմաց այսօր էլ են բողոքի ցույց անում «Հարսնաքարի» գործով դատապարտյալների ազգականները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930