Երևանում վաղ գարնանը բացված կակաչների ծաղկասածիլները, մասնագետների վկայությամբ, ցրտահարությունից գրեթե չեն վնասվել։
«Եղանակի ցրտելուց հետո ձեռնարկել ենք ագրոտեխնիկական համապատասխան միջոցառումներ՝ հողի փխրեցում, պարարտացում, ոռոգում։ Էական կորուստ չի եղել»,- նշել է Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանը։
Վաղ գարնանը ծաղկող կակաչների 600.000 սոխուկները դեռևս նոյեմբերին էին դրվել հողաշերտի տակ։ Արդեն երկրորդ տարին է՝ Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչությունը կիրառում է այս եղանակը՝ Երևանի սիզամարգերի ծաղկման շրջանը երկարացնելու նպատակով։ Բացի այդ, կակաչների սոխուկները վերաճ են տալիս, ինչը հնարավորություն է ընձեռում տարեցտարի ավելացնել Երևանում մարտ-ապրիլ ամիսներին ծաղկող այս ծաղկատեսակների քանակը։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն