Լրահոս
Օրվա լրահոսը

Կբարելավվեն քրեակատարողական հիմնարկների պայմանները

Ապրիլ 10,2014 11:57

ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում, որը վարում էր ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գևորգյանը, լրացուցիչ 875 մլն դրամ է հատկացրել ՀՀ արդարադատության նախարարությանը, որպեսզի «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի առաջիկա մայիս ամսին բնակեցվելիք 400 ազատազրկվածի համար նախատեսված մասնաշենքից զատ այս տարի կառուցվի նույնքան տարողությամբ ևս մեկ մասնաշենք: Ներկայումս քրեակատարողական հիմնարկները շարունակում են գերբեռնված մնալ: 2006 թվականից կառուցվող «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի 800 ազատազրկվածի պահման համար նախատեսված 4 նոր մասնաշենքի կառուցումը հրատապ խնդիր է, որը մասնակիորեն կլուծվի կառավարության սույն որոշման իրագործմամբ:

Նիստում հաստատվել է ճանապարհային ոստիկանության արձանագրած խախտումների համար վարչական տուգանքի գանձման, գրանցման-քննական ծառայությունների դիմաց վճարման և այլ վճարովի ծառայություններից ստացված միջոցների ծախսման 2014թ. նախահաշիվը: ՀՀ ոստիկանապետին թույլատրվել է, մասնավորապես, դրամաշնորհներ հատկացնել «Լուսանշան» ՊՈԱԿ-ին և ոստիկանության վետերանների և աշխատակիցների աջակցության «Վահան» բարեգործական հիմնադրամին, իրականացնել գնումներ, այդ թվում՝ ձեռք բերել 14 պարեկային և 37 հատուկ մասնագիտացված ավտոմեքենաներ:

Կառավարության որոշմամբ Երևան քաղաքի Արշակունյաց 2ա և Իսահակյան 28 հասցեներում գտնվող շենքերից անհատույց օգտագործման իրավունքով 5 տարի ժամկետով տարածքներ են հանձնվել «Տնտեսական լրագրողների ակումբ», «Մամուլի ազգային ակումբ», «Սեր, ընտանիք», «ՀՀ պատերազմի-զինված ուժերի, աշխատանքի և իրավապահ մարմինների վետերանների միավորում», «Աջակցություն բարեփոխումներին» (10 տարով), «Հայկական կարմիր խաչի ընկերություն», «Ֆեմիդա» և «Հակաստվեր» հասարակական կազմակերպություններին:

Կառավարության այլ որոշումներով տարածքներ են հանձնվել «Հայաստանի քիք-բոքսինգի ազգային ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը, Շիրակի մարզի Ախուրիկի գյուղական համայնքին՝ որպես մանկապարտեզ օգտագործելու պայմանով: Գյումրի քաղաքի Թբիլիսյան խճուղի 1-ին թաղամասում գտնվող կաթսայատան սարքավորումները և արտաքին ջերմացանցը նվիրաբերվել են Սպիտակի քաղաքային համայնքին՝ ջերմոցային տնտեսություն հիմնելու պայմանով:

Կառավարությունը ԿԱ պետգույքի կառավարման վարչությանը թույլատրել է Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոց թիվ 60/1 հասցեում գտնվող 927.7 քառ. մետր մակերեսով գույքը և համապատասխան հողատարածքը ուղղակի վաճառքի ձևով օտարել գույքի վարձակալ «Ասպար ԱՐՄՍ» ՍՊԸ-ին: Ակնկալվում է, որ գործարքի շնորհիվ կմեծանա գույքի օգտագործման արդյունավետությունը, կավելանա պետբյուջեի մուտքը:
Գործադիրը որոշել է 1988-1992թթ. Ադրբեջանից բռնագաղթած և Հայաստանի քաղաքացիություն ստացած ևս 6 ընտանիքի սեփականաշնորհել տարբեր հանրակացարաններում զբաղեցրած բնակելի տարածքները:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930