Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Հաշմանդամ երեխաների մոր պայքարը հանուն լիիրավ կյանքի

Ապրիլ 10,2014 11:50

«Ես հասկացա, որ իմ երեխաները պետք է ապրեն այս կյանքում… արժանի են լավագույնին ու մեղք չունեն, որ էդպես են ծնվել»

Ճակատագրի նետած ձեռնոցը Մերին ընդունեց արժանապատվորեն՝ հանուն իր երեխաների պայքարի դուրս եկավ հասարակությանն օղակած կարծրատիպերի դեմ, ու աներևակայելի կամքի շնորհիվ սովորեց ապրել ու ապրեցնել:

«Փողոցն անցնում եմ երեխաների հետ. մի ձեռքով հրում եմ Սիրուշիկի սայլակը, մյուսով՝ բռնում Սամվելի ձեռքը: Մի անգամ մի կին խղճահարված հայացքով նայում էր Սիրուշիկին ու ասաց. «Խե՜ղճ երեխա, գոնե խոսո՞ւմ է»:

«Ու հենց այստեղ աղջիկս շուռ եկավ, իր խոշոր, գեղեցիկ ու սև աչքերով խոսուն ժպտաց, այնքա՜ն դրական բան կա Սիրուշիկիս ժպիտում: Մենք ինտեգրվել ենք հասարակությանը, ես հասկացել եմ, որ իմ երեխաները պետք է ապրեն այս կյանքում, ու ինչ էլ ուզում է լինի, պետք է ամենալավը ստանան, նրանք արժանի են դրան ու մեղք չունեն, որ էդպես են ծնվել»,- ասում է երկու երեխաների՝ 13-ամյա Սիրուշիկի ու 12-ամյա Սամվել Պապյանների մայրը՝ Մերի Մարտիրոսյանը:

Սիրուշիկը ծնվել է մանկական ուղեղային կաթված հիվանդությամբ, ինչը ախտահարում է գլխուղեղի շարժողական կենտրոնը: Մեկ տարի անց ծնվել է Սամվելը: Տղայի մոտ ախտորոշվել է աուտիզմ, ինչը նյարդաբանական խանգարում է և ազդում է ուղեղի բնականոն աշխատանքի վրա: Սակայն քույր ու եղբայր իրենց ապրած կյանքով կոտրել են ոչ միայն կարծրատիպերը, այլև հաղթահարել հիվանդության դժվարությունները:

Մերին պատմում է թե ինչպես է նախքան ամուսնանալն ութ տարի աշխատել «Զատիկ» մանկատանը ու շփվել նման երեխաների հետ: Ավելի ուշ կյանքը նրան մատուցում է սեփական երեխաներին՝ նման խնդիրներով:

«Սկեսուրս ասում էր՝ տար ու երեխաներին մանկատուն հանձնի, բայց ես ո՞նց կանեի նման բան, ես նրանց պետք էի»,- ասում է Մերին՝ ջերմ հայացքը երեխաներից չկտրելով:

Ավելի ուշ ընտանիքի հայրը լքում է կնոջն ու երեխաներին՝ ամբողջ հոգսը թողնելով կնոջ վրա, ով հանուն երեխաների առանց երկմտելու պայքարի մեջ է մտնում իրենց շրջապատող բազում խնդիրների դեմ: Մերին ողբերգության չի վերածում սեփական կյանքը: Նրա աչքերում սեր կա, հայացքում՝ անսպառ հաստատակամություն և, ինչու չէ, երջանկություն, որով շրջապատել է տղային ու աղջկան:

Երեխաները հաճախում են Գայի անվան 129-րդ հանրակրթական դպրոց, դաշնամուրի, նկարչության, կարպետագործության, ձեռագործի, երգեցողության, Թումո կենտրոն: Ամենատարբեր մրցույթներում ու վիկտորինաներում բազմաթիվ անգամներ զբաղեցրել են առաջին տեղերը, Սիրուշիկը ելույթ է ունեցել TEDx-ում: Դաշնամուրի վրա դրված լուսանկարում Սիրուշիկն է և ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը: Մերին հավատում է իր երեխաների լուսավոր ապագային:

PrevPhoto
NextPhoto

Չնայած ապրում է վարձով, երկու երեխաների հաշմանդամության ընդամենը 38.400 դրամ թոշակով, սակայն մայրը չի զրկում իր երեխաներին սովորելու և լիարժեք կյանքով ապրելու հնարավորությունից: Սոցիալական խնդիրները փորձում է լուծել բարեգործական կազմակերպությունների ու հիմնադրամների օգնությունների միջոցով:

«Սկզբում գնում էինք մասնավոր դաշնամուրի, որովհետև դա մեզ համար արտթերապիա էր, աղջկաս մատները չէին աշխատում: Սեղանի վրա նկարում էի ստեղները, ու նա նվագում էր, շարժում մատները, այդ ամենն անում էինք, որ նա կարողանար գրիչ բռնել, բայց այսօր տեսեք՝ ո՜նց է նվագում»,- հուզմունքից գրեթե բացականչում է Մերին:

«Ուզում եմ երգչուհի դառնալ»,- մորը լրացնում է աղջիկը:

Սամվելն ավելի լուռ է, համակարգչով խաղում է, մերթընդմերթ ձայներ արձակում: Մերին ասում է, որ ստուգել է տվել տղայի IQ-ն` 130 է (IQ-ն ինտելեկտի ցուցանիշ է, սովորական անձանց մոտ այն տատանվում է 80-100-ի միջակայքում, իսկ 135-ից բարձր ցուցանիշ ունեցողները համարվում են հանճար):

Խոստովանում է, որ երբեք չի ցանկացել ընդունել, որ տղան աուտիզմ ունի, դա իր համար սարսափելի էր:

«Իմ սերունդն աուտիզմը ճանաչում էր միայն «Անձրևի մարդը» ֆիլմից, որտեղ Դասթին Հոֆմանն էր խաղում: Ֆիլմ՝ ցնորված մի անձնավորության մասին, որը մեծ տաղանդ ուներ, բայց աուտիկ էր, ու այդ ախտորոշումը ինձ համար սարսափելի էր: Դպրոցում ընդունելության ժամանակ բժշկական հանձնաժողովն ասաց, որ Սամվելի մոտ զարգացած աուտիզմ է, այսինքն՝ Ասպերգերի համախտանիշ, նրանց հաճախ կոչում են փոքր պրոֆեսորներ: Աուտիկ են եղել Էյնշտեյնը, Մոցարտը՝ որոշ չափով, Բիլ Գեյթսի համակարգչային կենտրոնում 90 տոկոսն աուտիկներ են»,- առանց խուճապի պատմում է Մերին:

Եթե սեփական կարծրատիպերը հաղթահարելը մեծ ներուժ էր պահանջում, ապա կրթական համակարգի ձևավորված ավանդույթների դեմ դուրս գալն ուղղակի հերոսություն էր:

«Սիրուշիկին տարա հենց այն տարին, երբ մեր դպրոցում ներառական կրթությունը ներդրվեց: Սայլակով մտնում էինք դպրոց ու ես նրան գրկած բարձրացնում էի չորրորդ հարկ: Սիրուշիկին հեշտությամբ ընդունեցին, հարմարվեցին, բայց Սամվելի հարցը պատերազմի վերածվեց, քանի օր դպրոցը ուղղակի դեմ էր աուտիզմով հիվանդ երեխա ընդունելուն,- հիշում է Մերին:

«Նրանց համար դա աննորմալություն էր, ոչ թե հիվանդություն: Մենք իսկական կինո էինք դպրոցում: Մեկ տարի շարունակ լացելով եմ Սամվելին դպրոց տարել-բերել: Հիմա արդեն բոլորը սովորել են մեզ»:

Ավելի բարդ է եղել Սամվելին մանկապարտեզ տանելու խնդիրը:

«Ոչ մի մանկապարտեզ չէր ընդունում, ամեն դուռ ծեծում էինք, չէին վերցնում, մի տնօրենը զանգում էր մյուսին, ասում՝ չվերցնեք: Սամվելը վեց տարեկան էր ու չէր խոսում: Մի մանկապարտեզում, որտեղ երեխաների պակաս կար, Սամվելին վերցրին, նա պիտի մանկապարտեզ գնար, որ ես էլ կարողանայի Սիրուշիկին դպրոց տանել: Երկու տարի գնաց, սպասում էինք՝ խոսեր, բայց չէր խոսում՝ միայն մռնչում էր: Նրանք նկատում էին Սամվելի արժանիքները, սիրում նրան, ոգևորում ինձ, ու հենց այստեղ էլ բացվեց Սամվելիս լեզուն»,- հիշում է մայրը:

Մերին նկատում է, որ միջավայրը, դպրոցը երեխային լիարժեք մարդ է դարձնում, ինքը երբեք չի ամաչել իր երեխաների համար, երբեք չի թաքցրել ու երբեք չի մտածել նրանցից հրաժարվելու մասին:

«Ծնողներ գիտեմ, ասում են՝ հենց երեխային դուրս ես հանում, պրոբլեմներն սկսվում են, ավելի լավ է տանը մնան: Ես դեմ եմ ու ամեն տեղ գնում եմ Սամվելի հետ, մինչև անգամ վարսավիրանոց, նրանց ընտելացրել եմ օտար հայացքներին»,- ասում է նա:

Այդուհանդերձ Մերին մտածում է երեխաներին Հայաստանից տանելու մասին: Նշում է, որ դպրոցում պայքարեցին, հաղթահարեցին խնդիրները, իսկ հետո՞։Հայաստանը, ցավոք, նման մարդկանց համար չէ:

«Տղայիս ուղեղը բացառիկ է, եթե հետագայում սովորելու ցանկություն ունենա՝ մեր երիտասարդությունը, միջավայրը պատրաստ չեն նման բնավորությամբ, տիպի երեխաներին հանդուրժելու կամ ընդունելու: Մեծերը հասարակությունում չեն հանդուրժում, ուր մնաց ուսանողությունը»,- բացատրում է Մերին:

«Այստեղ ապագա չեմ տեսնում, մինչդեռ նրանք ունեն լավ ապագա ունենալու իրավունքը»,-ափսոսանքով ասում է երեխաների մայրը:

 

Գայանե ՄԿՐՏՉՅԱՆ

Լուսանկարները՝ Նազիկ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ

 

«Հանուն հավասար իրավունքների» նախաձեռնություն

Ծրագրի ղեկավար և խմբագիր՝ Գայանե Աբրահամյան

Հեռախոս: +37498 566 886

Էլ. հասցե: [email protected]

Ֆեյսբուք:  https://www.facebook.com/profile.php?id=100007800990200

Թվիթեր:   https://twitter.com/4equalrightsarm

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930