Երեկ ուշ երեկոյան խորհրդարանական 4 ուժերը՝ ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն եւ «Ժառանգությունը» շարունակել են իրենց ընդհատված քննարկումը հետագա համատեղ անելիքների շուրջ:
Հիշեցնենք, որ երեկ մոտ 3 ժամ տեւած քննարկումն ընդհատվեց «Ժառանգության» հանրահավաքի պատճառով: Լեւոն Զուրաբյանը լրագրողներին տեղեկացրեց, որ քննարկումը պետք է շարունակվի, բայց դրա տեղն ու ժամը այդպես էլ գաղտնի պահվեց:
Երեկ շարունակված հանդիպումը ավարտվել է կեսգիշերից հետո: Թե ինչ որոշման է հանգել քառյակը՝ Aravot.am-ին չհաջողվեց ճշտել: Ըստ ընդունված կարգի՝ քննարկման մանրամասների մասին տեղեկությունները պետք է հաղորդի հյուրընկալող կողմը՝ տվյալ դեպքում, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Վերջինիս հեռախոսն անջատված է, նրա հետ կապ հաստատել դեռ չի հաջողվում:
Ի դեպ, այսօր ՀԱԿ-ը խմբակցության նիստ կունենա, որտեղ կհստակեցնեն Սերժ Սարգսյանի հետ հանդիպելու հարցը: ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն արդեն հայտարարել են, որ հանդիպելու են նախագահ Սարգսյանի հետ: «Ժառանգության» առաջնորդը երեկ հայտարարեց, որ իրենց խմբակցության անդամները չեն հանդիպի նախագահի հետ: ՀԱԿ-ը հավանաբար նույնպես կմերժի Սերժ Սարգսյանի հանդիպման առաջարկը:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ