Կառավարության նիստը վարող փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը դիմելով գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին` խնդրեց հստակեցնել, թե ինչ խնդիրներ են առաջացել ներկրված երինջների հետ: Գյուղնախարարն ասաց, որ այդ երինջները ֆերմերներին է տրվել, ինչ-որ գումարի դիմաց եւ հաստատված ժամանակացույցով նրանք պետք է վճարեին այդ գումարները, բայց քանի որ տասը ֆերմերներ չեն կարողացել վճարել այդ գումարները, նրանց վրա տույժ ու տուգանքներ են եկել: Ըստ Սերգո Կարապետյանի, տույժ-տուգանքները նախատեսված են տնտեսվարողների հետ կնքված պայմանագրերով: Ֆերմերները դիմել են կառավարություն որպեսզի տուգանքները չկիրառվեն նրանց նկատմամբ, քանի որ, գյուղնախարարի խոսքերով, ֆերմերները ստիպված կլինեն այդ երինջները մորթել՝ պարտքերը փակելու համար:
Սերգո Կարապետյանի ներկայացմամբ, երինջների ընդհանուր պարտքը կազմում է 52 միլիոն դրամ: Գյուղնախարարը փոխվարչապետին խնդրեց տուգանքները չկիրառել, որպեսզի ֆերմերները կարողանան այդ երինջները պահեն:
Արմեն Գեւորգյանն առաջարկեց որեւէ քայլ չձեռնարկել՝ մինչեւ խնդիրը մանրամասն կքննարկեն եւ կորոշեն ինչ անել:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ