Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ Ազգային Ժողով կներկայացվեն Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի առաջարկությունները

Ապրիլ 10,2014 11:31

ՀՀ կառավարության այսօրվա նիստը վարում էր ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գևորգյանը: Նիստում գործադիրը հավանություն է տվել ՀՀ ընտրական օրենսգրքում լրացում կատարելու օրենքի նախագծին, որը մշակվել է ի կատարումն Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (ԳՐԵԿՈ) առաջարկության: ՀՀ ընտրական օրենսգիրքը չի սահմանում կառուցակարգ առ այն, որ կուսակցության ներկայացրած հաշիվները չի վերանայի նույն կուսակցության ներկայացրած աուդիտորը: ԳՐԵԿՈ-ն Հայաստանի իշխանությանը կոչ է արել մինչև 2014թ. հունիսի 30-ը վերանայել համապատասխան նորմերի բովանդակությունը: Եվ ահա ՀՀ ընտրական օրենսգրքի 28-րդ հոդվածի 4-րդ մասում առաջարկվում է ավելացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություն. «Սույն մասում նշված աուդիտորների վերահսկողական իրավասությունը չի տարածվում իրենց նշանակած խմբակցությունների մուծումների, դրանց հաշվարկման և ծախսերի նկատմամբ»:

Կառավարության հավանությունն է ստացել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություն կատարելու ևս մի օրինագիծ, որը նույնպես առաջարկվել է ԳՐԵԿՈ-ի կողմից: Հաշվի առնելով քաղաքական ֆինանսական բնույթի իրավախախտման առանձնահատկություններն ու բացահայտման բարդությունը և դրանով պայմանավորված մեկ տարվա վաղեմության ժամկետ նախատեսելու աննպատակահարմարությունը, առաջարկվում է նախատեսել վարչական պատասխանատվության ենթարկվելու երկու տարվա վաղեմության ժամկետ:
Նիստում հավանություն է տրվել «Այլընրանքային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու օրինագծին, որի ընդունմամբ կհստակեցվի այլընտրանքային ծառայության դիմումի ներկայացման ժամկետի և դրա քննարկման արդյունքով զորակոչիկի կարգավիճակը: Դա էլ իր հերթին կնպաստի այլընտրանքային ծառայության կազմակերպման և անցկացման հետ կապված հարաբերությունների լիարժեք կարգավորմանը:

Ավելի արդյունավետ կկիրառվի գործուն զղջալու ինստիտուտը

Նիստում հավանության է արժանացել ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը, որով հաշվի առնելով գործուն զղջալու ինստիտուտի կիրառման սահմանները հստակեցնելու պահանջը, ինչպես նաև այս խնդրի առնչությամբ առկա միջազգային փորձը՝ առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան դրույթներում ամրագրել որոշակի և անհրաժեշտ այնպիսի պայմաններ, որոնք համակցությամբ բավարար են գործուն զղջալու պաշտպանության միջոցի կիրառության համար: Օրինագծի ընդունման դեպքում քրեական պատասխանատվությունից ազատելու իրավասություն ունեցող մարմինը հնարավորություն կունենա առևտրային կաշառք, կաշառք կամ ապօրինի վարձատրություն տվող անձին քրեական պատասխանատվությունից ազատելու հարցը լուծել հստակեցված չափանիշների հիման վրա. դա իր հերթին կնպաստի նշված իրավիճակներում գործուն զղջալու ինստիտուտի արդյունավետ կիրառությանը:

Կառավարությունն իր որոշումներով անհետաձգելի է համարել վերը նշված օրենքների նախագծերը, որոնք սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930