Գերմանացի դաշնակահար եւ դիրիժոր
Յուստուս Ֆրանցն առաջին անգամ Երեւանում է
Համաշխարհային ճանաչում վայելող գերմանացի դաշնակահար եւ դիրիժոր Յուստուս Ֆրանցի անունը մեզանում լայն շրջանակներին ծանոթ դարձավ 1988թ. երկրաշարժից հետո: Նա իր կոլեգաների օրինակով Գերմանիայում կազմակերպեց համերգաշար եւ հասույթը՝ 100.000 գերմանական մարկ, փոխանցեց Հայաստան: Նա այդ համերգաշարին հրավիրել էր իր բարեկամ, աշխարհահռչակ դիրիժոր Եհուդի Մենուհինին:
«Առավոտի» հետ հանդիպման ժամանակ Յուստուս Ֆրանցը հիշեց հայաստանյան երկրաշարժից տուժածներին օգնելու նպատակով կազմակերպած իր համերգաշարի առիթով բազմազգ նվագախմբի ստեղծման մասին, ուր հրավիրել էր երաժիշտներ Նյու Յորքի, Լոնդոնի, Իսրայելի, Սանկտ Պետերբուրգի հայտնի նվագախմբերից: Արվեստագետը հայտնեց նաեւ, որ հանրահայտ դիրիժոր Լեոնարդ Բերնսթայնի հետ դեռեւս 1975թ. իր առաջին հանդիպման ժամանակ մտահղացել էին ստեղծել տարբեր ազգերի երաժիշտներից կազմված նվագախումբ: Փաստորեն, երկրաշարժի առիթով ստեղծված նվագախումբը հիմք հանդիսացավ 1989թ.-ից մինչ օրս գործող միջազգային երիտասարդական նվագախմբի համար:
Երաժիշտը հայտնեց, որ այդ տարիներին իր ղեկավարած նվագախմբում պայմանագրով աշխատել են նաեւ հայաստանցի երաժիշտներ: Այսօր էլ կան հայեր՝ միայն Եվրոպայից ու ԱՄՆ-ից: Յուստուս Ֆրանցը հատուկ նշեց, որ իր բազմազգ նվագախմբի ծրագրերում են նաեւ հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները, նշելով Արամ Խաչատրյանի եւ Ալեքսանդր Հարությունյանի անունները: Հիշեց Համբուրգում իր տանն անցկացրած, իր խոսքերով՝ երանելի օրերը Արամ Խաչատրյանի հետ: Ասաց, որ քանիցս իբրեւ դաշնակահար ելույթ է ունեցել, մեկնաբանելով Խաչատրյանի դաշնամուրային կոնցերտը, իսկ որպես դիրիժոր՝ «Դիմակահանդես» դրամայի համար գրված երաժշտությունը:
Հարցին՝ ծանոթ լինելով հայ կատարողական դպրոցի ներկայացուցիչներին՝ որպես մենակատար երբեւէ հրավիրե՞լ է հայաստանցի երաժշտի, մեր զրուցակիցը պատասխանեց. «Առայժմ համագործակցել եմ միայն տաղանդավոր ջութակահար Սերգեյ Խաչատրյանի հետ: Կարծում եմ՝ առաջիկայում դեռ հնարավորություն կունենամ իբրեւ մենակատար հրավիրել նաեւ հայազգի այլ երաժիշտների: Իմ աջակցությամբ արվեստ են մուտք գործել բազմաթիվ տաղանդավոր երաժիշտներ, այդ թվում՝ Մաքսիմ Վենգերովը, Վադիմ Ռեպինը, Եվգենի Կիսինը, Միդորինը եւ այլն: Առաքելությունս է ճանապարհ հարթել հենց երիտասարդների համար: Այնպես, ինչպես ճակատագրական եղավ ինձ համար 1970 թվականը, երբ հանդես եկա Բեռլինի ֆիլհարմոնիկի հետ՝ մեծանուն Հերբերտ Ֆոն Կարայանի ղեկավարությամբ: Դա իմ միջազգային ճանաչման սկիզբը հանդիսացավ»:
Հետաքրքրվեցինք, թե ի՞նչ ծրագրեր ունի հայ երաժիշտների հետ՝ կապված ավանդաբար անցկացվող «Finca Festival Frantz & Friends» փառատոնին: «Փառատոնին ոչ միայն մտադիր եմ հրավիրել հայ երաժիշտների, այլեւ անցկացնել հայկական կոմպոզիտորական արվեստի շաբաթ՝ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի մասնակցությամբ, 2016 թվականից ոչ շուտ»,- հայտնեց Յուստուս Ֆրանցը:
Կարդացեք նաև
Հավելենք, որ Յուստուս Ֆրանցի ղեկավարությամբ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը կկայանա ապրիլի 11-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Կհնչեն Բրամսի եւ Գրիգի ստեղծագործությունները, մենակատարն է ֆրանսիացի երիտասարդ դաշնակահար Տիրիստան Պֆաֆը:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ