Իշխանության ներսում Հովիկ Աբրահամյանը Տիգրան Սարգսյանի թիվ մեկ հակառակորդն էր, եւ նրանց հակադրությունը ունի վաղեմի պատմություն։ 2008 թվականին վարչապետ նշանակվելուց առաջ Տիգրան Սարգսյանը պայման էր դրել, որ փոխվարչապետ Աբրահամյանը չպիտի մնա կառավարությունում։ Այս պայմանը Տիգրան Սարգսյանի համար կարեւոր էր երկու պատճառով, նախ՝ երկար տարիներ փոխվարչապետ աշխատած Աբրահամյանը կառավարության մեջ երկրորդ գլխի գործառույթ էր իրականացնելու՝ էականորեն թուլացնելով Սարգսյանին եւ հետո՝ այն ժամանակ Սարգսյանը կարծում էր, որ կոռումպացվածի համարում ունեցող Աբրահամյանը կխաթարի իր նոր կառավարության կերպարը։
Սերժ Սարգսյանն այն ժամանակ համաձայնվեց պայմանին, եւ փոխվարչապետ Հովիկ Աբրահամյանը տեղափոխվեց Բաղրամյան 26՝ աշխատակազմի ղեկավարի կարգավիճակով։ Այդ պահից էլ նրա գործունեության կարեւորագույն լեյտմոտիվներից մեկը դարձավ ռեւանշը Տիգրան Սարգսյանի նկատմամբ։
Սկզբում Աբրահամյանը դարձավ ԱԺ նախագահ, որից հետո ժամանակ առ ժամանակ լուրեր էին շրջանառվում, որ նա ստվերային պայքար է մղում ՀՀ վարչապետ դառնալու համար։ Տիգրան Սարգսյան-Հովիկ Աբրահամյան լուռ հակադրությունը, ըստ այդմ, վեց տարվա պատմություն ունի, եւ ահա՝ Տիգրան Սարգսյանը պարտված է։ Եվ ուրեմն, շատերը տրամաբանական են համարում, որ վարչապետի պաշտոնը ստանձնի հենց Հովիկ Աբրահամյանը։
Այսուհանդերձ, ինչպես նշել ենք, նրա թեկնածությունը միանշանակ չի ընկալվում ոչ իշխանության ներսում, ոչ էլ լայն հանրության շրջանում։ Եվ ամենեւին փաստ չէ, որ վարչապետ դառնալու Աբրահամյանի երազանքը կիրականանա։ Պետք է, սակայն, հաշվի առնել, որ Աբրահամյանը շատ լուրջ հենարան ունի ի դեմս ԱԺ ՀՀԿ խմբակցության եւ օլիգարխիայի։ Նա ինքը համարվում է օլիգարխ եւ հասկանում է օլիգարխիայի բոլոր պրոբլեմներն ու դարդերը, ինչը նշանակում է, որ օլիգարխները նույնպես լոբբինգ են անելու Հովիկ Աբրահամյանի օգտին։ Օլիգարխներին շատ ավելի հեշտ ու հարմարավետ կլինի հարցեր քննարկել եւ լուծել Հովիկ Աբրահամյանի հետ։
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում