Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բնական ցեոլիտներն ու գյուղնախարարի «գլխացավանքը»

Ապրիլ 10,2014 14:05

Բնական ցեոլիտներն անասնակերի մեջ որպես հավելում կիրառելու արդյունավետության հարցով երկու անգամ դիմել եմ ՀՀ կառավարությանը, սակայն ապարդյուն, ցեոլիտների ներդրումը դեռեւս չի կայացել։

Տվյալ հարցին առնչվող նախապատմությունը հետեւյալն է:

Գյուղացիները՝ նրանք, ովքեր շատ են առնչվում բնության հետ, ովքեր ամեն օր են լինում բնության գրկում, նկատել են, որ վայրի կենդանիները՝ եղջերուները, եղնիկները, այծյամները, ոչխարներն ու այծերը, ինչպես նաեւ ավելի խոշորներն աշխարհի տարբեր մասերում սպիտակավուն հող են ուտում։ Սկզբնական շրջանում մարդիկ կարծում էին, թե այդ հողի մեջ աղ կա եւ այդ կենդանիները աղ են լիզում։ Հետո, երբ գիտնականներն անալիզի ենթարկեցին տվյալ հողը, պարզվեց, որ դրանում գերակշիռ մեծամասնությամբ առկա են բնական ցեոլիտներ եւ բենթոնիտներ, որոնք, երկուսն էլ, շատ լավ ադսորբենտներ են։ Դրա հետ կապված՝ բնագետները մտածեցին, որ այդ հողը ուտելով՝ վայրի կենդանիները բնազդաբար մաքրում, բուժում են իրենց օրգանիզմը։ Այս հանգամանքն էլ դարձավ բնական ցեոլիտների եւ բենթոնիտների անասնակերի մեջ փորձարկման սկզբնաղբյուրը։ Հեռավոր արտասահմանյան երկրների եւ նախկին ԽՍՀՄ հանրապետությունների փորձարկումներով պարզվել է, որ ինչպես բենթոնիտները, այնպես էլ ցեոլիտները, առավել եւս ցեոլիտները, անասնակերի մեջ որպես անօրգանական հավելում օգտագործելիս բարձրանում են կենդանիների մսատվությունն ու կաթնատվությունը, ինչպես նաեւ բարելավվում են մսի եւ կաթի որակները (այդ մասին՝ շատ ավելի ընդարձակ ու մանրամասն գրված են իմ նախորդ նամակներում՝ ուղարկված ՀՀ կառավարությանը)։
Այժմ ես չեմ քննարկի այլ կենդանիների՝ խոզերի եւ թռչունների վրա կատարված փորձերի արդյունքները (դրանք շատ բարձր են)։ Այսօր ես ցանկանում եմ տեղեկացնել, որ կթու կովերի սննդային օրաբաժնում, սննդի 5%-ի չափով, բնական ցեոլիտ հավելելիս կաթնատվությունն ավելանում է, միջինը՝ 12,5%-ի չափով (հետազոտությունները կատարված են Երզոովետ ինստիտուտի գիտնականների կողմից դեռեւս ԽՍՀՄ-ի տարիներին)։

Բնական ցեոլիտները կթու կովերի կերաբաժնում որպես անօրգանական հավելում կիրառելիս կաթնատվության աճի վերաբերյալ հաշվարկը ցույց է տալիս, որ.
1. տեղական կթու կովերից (գլխաքանակը՝ 301457, միջին կաթնատվությունը՝ 2200 լ/տարի) սպասվող կաթի քանակը.
ա) առանց ցեոլիտների կիրառության կարող է կազմել 663.205.400 լ/տարի,
բ) ցեոլիտների կիրառման պարագայում՝ 663.205.400×12,5։100+663.205.400=746.106.075 լ/տարի։

Կաթնատվության աճը կարող է կազմել 82.900.675 լ/տարի,
2. դրսից հանրապետություն ներկրված կթու կովերից (գլխաքանակը՝ 1820, միջին կաթնատվությունը՝ 7000 լ/տարի) սպասվող կաթի քանակը.
ա) առանց ցեոլիտների կիրառության կարող է կազմել 12.740.000 լ/տարի,
բ) ցեոլիտների կիրառությամբ՝ 12.740.000+(12.740.000×12,5։100)=14.332.500 լ/տարի։
Կաթնատվության աճը կարող է կազմել 1.592.500 լ/տարի։
Տարեկան սպասվող կաթի ընդհանուր քանակը կարող է կազմել.
ա) առանց ցեոլիտների կիրառության՝ 663.205.400+12.740.000=675.945.400 լ/տարի,
բ) ցեոլիտների կիրառությամբ՝ 760.438.575 լ/տարի,
կաթնատվության ընդհանուր աճը՝ 84.493.175 լ/տարի։
Իմ՝ ՀՀ կառավարությանն ուղարկված առաջարկներից մեկին ի պատասխան՝ ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար պարոն Մակարյանը ինձ գրել է, որ ցեոլիտների մեկ տոննան արժե 120 դոլար, հետեւապես այն ձեռնտու չէ կիրառել հողագործության մեջ։ Չգիտեմ, թե ով է որոշել այդ գինը, բայց մի բան ինձ ստույգ հայտնի է, որ Նոյեմբերյանի ցեոլիտների հանքավայրի հետախուզված Նոր-Կողբի տեղամասից մեկ տոննա ցեոլիտի արդյունահանման ինքնարժեքը՝ ՀՀ Հայգունմետգիտնախագիծ ինստիտուտի կողմից 1990թ. կազմված նախագծով, կազմել է 0,45ռ (1990թ. կուրսով 0,74 դոլար)։ Նշեմ նաեւ այն, որ այդ հանքավայրը ՀԽՍՀ նախարարների խորհրդի որոշմամբ (նախարարների խորհրդի նախագահ՝ Ֆ.Տ.Սարգսյանի ստորագրությամբ) հետախուզվել է հիմնականում եւ, առաջին հերթին, ՀՀ գյուղատնտեսության կարիքների բավարարման նպատակով, հետեւապես այն պատկանել է եւ պետք է պատկաներ ՀՀ գյուղնախարարությանը։ Սակայն, այդ հանքավայրը շահագործման է տրվել մասնավոր անձանց (անհատ ձեռներեցների), ովքեր էլ ձգտում են մեկեն դառնալ միլիոնատեր՝ առանց մեծ ճիգ ու ջանք թափելու։ Ինչեւիցե, եթե ՀՀ կառավարությունն այժմ չի կարող ետ վերցնել այդ հանքավայրը եւ այն տալ իր իսկական տիրոջը՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը, ապա ես ունեմ նոր առաջարկություն՝ հետախուզել արդեն իսկ հետախուզված տեղամասի արեւմտյան շարունակությունը, մոտավորապես 400 հազ. դոլարի ծախսով հայտնաբերել եւ գնահատել 20 մլն տ պաշարներ եւ դրանք ի սպաս դնել գյուղատնտեսության կարիքներին։ Այդ պարագայում մեկ տոննա ցեոլիտի ինքնարժեքը՝ հետախուզման, հանքաքարի արդյունահանման եւ մինչեւ Արարատյան գոգահովտի տարածքը փոխադրման ծախսերով հանդերձ, կարող է կազմել ոչ ավելի 10 դոլարից (հետախուզված ցեոլիտի մեկ տոննայի ինքնարժեքը կարող է կազմել 0,02 դոլար՝ 2 ցենտ)։

Հայտնի է, որ խոշոր եղջերավոր կենդանիների սննդային կերաբաժինը օրական կազմում է միջինը՝ 5 կգ, հետեւապես դրան օրական պետք է ավելացվի 250գ ցեոլիտ, հետեւապես հենց այդքան էլ կարող է պակասել կերը։ 303277 գլուխ կովերի կերից ցեոլիտների օրաբաժինը կարող է կազմել 75819 կգ, տարվա կտրվածքով՝ 27674 տ։ Եթե ՀՀ գյուղնախարարությունը, համոզվելով ստացված արդյունքում, ցանկություն կունենա շարունակել կովերին ցեոլիտներով կերակրումը, ապա՝ մի քանի հարյուր տարի հետո պետք է նորանոր ծախսեր կատարի ցեոլիտների նոր պաշարների հետախուզման համար (20 մլն տ ցեոլիտներն անասնակերին որպես հավելում կիրառելու պարագայում կարող է բավարարել 722 տարի, իսկ անասնակերին եւ հողին (200 000հա) որպես օրգանական հավելում (մեկ հեկտարին 63տ հաշվարկով) այն կարող է բավարարել 222 տարի)։
84.493.175լ կաթը մեզ չի տրվի հենց այնպես, առանց գումարներ ծախսելու եւ «ջանք թափելու»։

Կաթի մեկ լիտրն այսօր քաղաքացուն վաճառվում է.
ա) անհատ գյուղացու կողմից 300 դրամով,
բ) խանութներում՝ 400 դրամով (մեկ դոլարով)։
Հավելյալ ստացված 84.493.175լ կաթը կարող է արժենալ 61.824.274-ից մինչեւ 82.432.366 դոլար։ Դրա հետ մեկտեղ՝ 27674 տ ցեոլիտների վրա ծախսվող գումարը կարող է կազմել 276.740 դոլ/տարի։ Կաթնատվությունից սպասվող օգուտը կարող է կազմել նվազագույնը 61.824.274-276740=61.547.534 դոլար։
Անգամ, եթե ֆերմերն իր հավելյալ ստացած կաթը վաճառի մեկ լիտրը 150 դրամով, ապա սպասվող օգուտը կարող է կազմել.
84.493.175×150։410-276.740=30.635.397 (30,6 մլն) դոլար։
Մեծ գիտելիքներ այստեղ պետք չեն, որպեսզի որոշվեն, թե որքանով է ձեռնտու ցեոլիտների կիրառությունն անասնակերում։

Ավարտելով սույն հոդվածը, ցանկանում եմ նշել, որ ՀՀ կառավարությանն ուղարկված իմ առաջարկություններից մեկը ՀՀ գյուղնախարարության կողմից ուղարկվել է ՀՀ մարզեր, որպեսզի մարզերի ղեկավարները ունենան «գլխացավանք» ցեոլիտների ներդրման գործում, եւ դա է պատճառը, որ ցեոլիտներն այդպես էլ չեն ներդրվել։ Դրանք չեն ներդրվելու առանց գյուղնախարարի «գլխացավանքի»։ Նախարարությունն ինքը պետք է ձեռնարկի, կատարի եւ ղեկավարի ցեոլիտների ներդրման գործը գյուղատնտեսության մեջ՝ ինչպես անասնակերին ի հավելումն, այնպես էլ հողագործության մեջ։

ՀՐԱՉՅԱ ԱՎԱԳՅԱՆ
ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան
տնտեսագիտության
ինստիտուտի բաժնի վարիչ,
երկրաբանահանքաբանական

 

«Առավոտ» օրաթերթ
գիտությունների դոկտոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930