Ապրիլի 8-9-ը Հայաստանի ուսանողական 15-րդ մարզական խաղերի շրջանակներում կայացել է սեղանի թենիսի մրցաշարը, որին մասնակցել են տղաների 12 և աղջիկների 8 թիմեր՝ ՀՀ տարբեր բուհերից։ Ընդհանուր առմամբ, ուժերը չափել է շուրջ 80 ուսանող՝ ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ՝ ոչ պրոֆեսիոնալ։
Տղամարդկանց թիմային հաշվարկում առաջինը Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտն էր, երկրորդ հորիզոնականում՝ Վանաձորի մանկավարժականը, երրորդում՝ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը։ Աղջիկների պայքարում լավագույնն է ճանաչվել կրկին Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը ներկայացնող թիմը, երկրորդ տեղում է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանը, իսկ երրորդ մրցանակային տեղում Երևանի պետական համալսարանն է։
Տղամարդկանց անհատական առաջնությունում առաջին տեղում է Համլետ Հայրապետյանը (ՖԿՀՊԻ), երկրորդում՝ Գևորգ Աբրահամյանը (ՖԿՀՊԻ), երրորդում՝ Էդիկ Կոստանյանը (ՎՊՄԻ)։ Աղջիկների մրցաշարում լավագույն թենիսիստուհի ճանաչվեց Հասմիկ Խաչատրյանը (ՖԿՀՊԻ), այնուհետև՝ Ռուբինա Վարդանյանը (ՖԿՀՊԻ) և Թամարա Աղայանը (Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարան)։
ՖԿՀՊԻ աղջիկների հավաքականն այս տարի մասնակցություն կունենա Եվրոպական համալսարանական մարզական խաղերին։
Հայաստանի ուսանողական 15-րդ մարզական խաղերի սեղանի թենիսի մրցաշարի գլխավոր մրցավարն էր ՀՀ սեղանի թենիսի ֆեդերացիայի նորընտիր նախագահ, Եվրոպայի և ԽՍՀՄ չեմպիոն, ՀՀ վաստակավոր մարզիչ Ֆելիքս Սարգսյանը։ Մրցաշարի ընթացքում նա նկատեց, որ շատ կարևոր է ուշադրության կենտրոնում պահել դպրոցական և համալսարանական սպորտը, քանի որ դրանք տարբեր մարզաձևերի և ընդհանրապես, մեծ սպորտի զարգացման կարևոր պայմաններից են։
Հիշեցնենք, որ Հայաստանի ուսանողական 15-րդ մարզական խաղերի բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա ապրիլի 14-ին՝ ժամը 14.00-ին, Խուլ ու համրերի կենտրոնի մարզադահլիճում։
Հայաստանի ուսանողական մարզական խաղերը կազմակերպում են ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան և Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։ Հիմնադրամի առաջարկությամբ այս տարվա բոլոր հաղթող ուսանող մարզիկները, որպես պարգև, 3-օրյա հանգիստ կանցկացնեն Ծաղկաձորում, որտեղ նաև տեղի կունենա լավագույն ուսանող մարզիկների ամենամյա մրցանակաբաշխությունը։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն