Լրահոս
Օրվա լրահոսը

Պետության հանձնումն ու վարչապետի ընդունումը. «168 ժամ»

Ապրիլ 10,2014 10:33

Մեկ շաբաթ է՝ գրեթե բոլորը, առաջին հերթին՝ իշխանության ներկայացուցիչները հայտարարում են, թե նոր վարչապետը պետք է «բոլորի համար ընդունելի լինի»: Առաջինն այդ մասին, ըստ մամուլում հրապարակված ու ոչ միայն չհերքված, այլև՝ երկրորդված ու երրորդված տեղեկությունների, ՀՀԿ ԳՄ նիստում հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը: Պարզ է, որ հենց նրան է կրկնել Գալուստ Սահակյանը՝ ասելով, թե նոր վարչապետը պետք է ընդունելի լինի բոլորի համար, և այդ իմաստով ամենաընդունելին Հովիկ Աբրահամյանն է: Նույն միտքը՝ տարբեր ձևակերպումներով, վերջին օրերին կրկնել են գրեթե բոլոր հանրապետականները:

Մի խոսքով, նոր վարչապետի ընտրության չափանիշ կարելի է համարել «բոլորի կողմից ընդունելի լինելը»:
Սա, ըստ էության, կարելի է համարել Հայաստանի քաղաքական ու պետական կառավարման համակարգի հերթական ախտորոշումը: Անբուժելի հիվանդության մասին ախտորոշումը: Նշված սկզբունքով վարչապետ նշանակելը նշանակում է, որ Հայաստանում որևէ ֆորմալ ինստիտուտ գոյություն չունի կամ չի գործում: Խոսքն առաջին հերթին՝ քաղաքական մեխանիզմի, սահմանադրության ու օրենքի ինստիտուտների մասին է: Հայաստանի Սահմանադրության մեջ վարչապետի նշանակմանը ներկայացվող պահանջների շարքում «ընդունելի լինելու» մասին որևէ կետ չկա: Վարչապետ նշանակում է նախագահը՝ մեծամասնության առաջարկով կամ նրա ու մյուս ուժերի հետ խորհրդակցության արդյունքում:

Այսինքն՝ ըստ Սահմանադրության՝ վարչապետ կարող է նշանակվել նաև մեկը, ումից բոլորը զզվում են՝ բառի բուն իմաստով, որը, սակայն, բավարարում է այդ պաշտոնի սահմանադրական պահանջներին ու համապատասխան քաղաքական-մասնագիտական փորձառություն ունի: Բայց Հայաստանում որևէ այլ չափանիշի մասին գրեթե չի խոսվում, ըստ իշխանության տրամաբանության՝ կարող է վարչապետ դառնալ ցանկացած մեկը՝ միայն թե ընդունելի լինի բոլորի կողմից: Բայց այդ չափանիշով առաջնորդվելու դեպքում վարչապետ կարելի է նշանակել Շառլ Ազնավուրին կամ Քիմ Քարդաշյանին: Թեև ամենաընդունելին, իհարկե, կլիներ Վլադիմիր Պուտինը, ով տեխնիկական՝ զբաղվածության պատճառով հազիվ թե համաձայնի:

Փաստորեն, ՀՀԿ-ն ունենալով դե ֆակտո մեծամասնություն՝ չի օգտագործում մեծամասնության իրավունքը՝ իբրև թե հանդես գալով «համախմբողի դիրքերից», ու մեծահոգաբար պատրաստակամություն է հայտնում վարչապետ նշանակել «բոլորի համար ընդունելի մեկին»: Ինչո՞ւ: Վախենո՞ւմ է ոչ իշխանական ուժերի կոնսոլիդացիայից: Գուցե: Բայց արդյո՞ք միայն դրա համար: Հազիվ թե: Իրականում վարչապետի նշանակման շուրջ ստեղծված աժիոտաժն ու «բոլորի համար ընդունելի» թեկնածուի քարոզչությունն իշխանության ոչ լեգիտիմության հերթական վկայությունն են՝ բառի և նեղ, և լայն իմաստներով: Ժողովրդավարական համակարգերում «ընդունելիության» սկզբունքն արտահայտում է ընտրության ինստիտուտը:

Արդար ընտրությունների արդյունքում իշխանության է գալիս հասարակության մեծամասնության կողմից իսկապես ընդունելի գործիչը կամ կուսակցությունը, որն առանց կաշկանդվելու՝ իրականացնում է իր քաղաքականությունը, այդ թվում ու առաջին հերթին՝ կադրային հարցերում: Հայաստանում, սակայն, իշխանությունը, մեղմ ասած, «ընդունելի չէ» բոլորի՝ մեծամասնության կողմից, «ընդունելի» դարձվում է բոլոր ընտրություններում՝ կեղծիքների միջոցով: Բայց վերջին ընտրությունների առանձնահատկությունն այն է, որ ՀՀԿ-ն «ընդունելի» դարձնելով սեփական իշխանությունը՝ «ընդունելի է» դարձրել նաև մյուսներինը:
Ոչ հավասարապես, իհարկե: Բայց, ամեն դեպքում, ընտրություններին մասնակցող բոլոր ուժերն էլ գոհ են մնացել վերջին խորհրդարանական ընտրություններից ՝ ընդունելով կեղծված ընտրություններից իրենց բաժին հանված մանդատները: Ու հիմա իշխանությունը՝ ՀՀԿ-ն, ցանկանում է, որպեսզի նոր նշանակվելիք վարչապետն ընդունելի լինի բոլորի, այսինքն՝ հասարակության փոխարեն «ընդունելիությունը» ստանձնածների համար՝ հիմա ՝ ոչ իշխանական ուժերի համար:

Այսինքն՝ իշխանությունը չի ընդունվում հասարակության կողմից, սակայն ընդունվում է հասարակության անունից հանդես եկող մի քանի ուժերի կողմից, ումից էլ ակնկալում է ընդունել նոր վարչապետին:

ԳԱՌՆԻԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930