«Ժառանգություն» կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանն առաջին նախագահի առաջարկում թերի կողմեր է տեսնում, քանզի, ըստ նրա, պետք է իշխանափոխության հարցը նախ քննարկել քառյակի հետ։ «Ես չգիտեմ՝ որքանով կարող է Լեւոն Տեր-Պետրոսյանը պահանջել բոլորից չմտնել կառավարություն, երբ որ, ցավոք սրտի, մենք առաջարկում էինք մինչեւ վարչապետի հրաժարականը համաձայնեցնել օրակարգերը եւ դնել խնդիրը։ Հիմա Տեր-Պետրոսյանը եւ մյուսները բավարարվել են ընդամենը առաջին էտապով կառավարության հրաժարականի հարցն Ազգային ժողովում բարձրացնելու շուրջ համաձայնություն ձեռք բերելով։ Ավելին՝ ձեռք բերված չէ։ Թե որքանով կարող է Տեր-Պետրոսյանը պահանջել մյուսներից դա չանել, սա արդեն այլ խոսակցության թեմա է, որովհետեւ առաջին նախագահն ինքն էլ բավարարվել է ընդամենը մեկ փուլի շուրջ համաձայնություն ձեռք բերելով»,-նկատեց Ս. Սաֆարյանը։
Իսկ շուրջօրյա հանրահավաքներ անցկացնելու մասով էլ ասաց, որ այդպիսի հանրահավաքների կազմակերպումը կախված է երկրորդ փուլի հետ կապված համաձայնություններ ձեռք բերելուց, ինչը չի արվել, եւ այդ հարցում բոլորն են հապաղել, բացի «Ժառանգությունից»։ «Եթե շուրջօրյա հանրահավաքները պիտի անցկացվեին այդ թեմայով, ապա դրա շուրջ պիտի համաձայնություն ձեռք բերված լիներ, բայց էդ համաձայնությունը ձեռք չի բերվել, չորս քաղաքական ուժերի ղեկավարները նույնիսկ չհանդիպեցին միմյանց»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը։
Իսկ թե ինչ է լինելու այսուհետ, ժառանգականն ասաց, որ, իր կարծիքով, պահն է, որ չորս քաղաքական ուժերը հանդիպեն եւ պայմանավորվեն:
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում