Լրահոս
Օրվա լրահոսը

«Լսեցինք բղավոց` պառկե՛ք, կրակում են, մենք էլ վախեցած պառկեցինք գետնին… »

Ապրիլ 09,2014 20:54

Անցած տարվա ապրիլի 23-ին Գյումրու Շիրակացի փողոցում հնչած կրակոցների գործով այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հարցաքննվեցին երկու կին վկաներ, որոնք դեպքի օրը ստիպված են եղել գետին պառկել, որպեսզի փամփուշտները իրենց չկպնեն: Հիշեցնենք, որ կրակոցները օրը ցերեկով հնչել էին Շիրակացի փողոցի «Ցածր գներ» վաճառատան մոտ, և ըստ մեղադրանքի, պատճառն այն է, որ Գյումրու նախկին քաղաքապետի եղբորորդի Վահե Ղուկասյանը հետապնդել էր ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հորեղբոր երեխաների կնքահորը` քավոր Հարութին, փորձել էր նրան սպանել վերոհիշյալ խանութի դիմաց: Առնվազն 3 անգամ կրակել էր նրա ուղղությամբ, սակայն երիտասարդի պլանները ձախողվել էին, քանի որ Մարտուն Գրիգորյանի մեկ այլ թիմակից` Շեկո մականունով երիտասարդը, պաշտպանել էր քավոր Հարութին ու նրա անչափահաս դստերը ու արդյունքում սպանվել էր ինքը:

IMG_1518

«Ցածր գներ» վաճառատան երկու աշխատակիցներ Նարինե Բարսեղյանն ու Անահիտ Մկրտչյանն այսօր դատարանում պատմում էին, թե ինչպես են կրակել իրենց խանութի վրա, ինչպես է աշխատակիցներից մեկը բղավել. «Պառկե՛ք, խանութի վրա են կրակում»: Իրենք պառկել են գետին, այնուհետ երբ խելքները գլուխներ է եկել, տեսել են մարդաշատ փողոց, աղմուկ-աղաղակ, ոստիկաններ, իրենց ևս տարել են ոստիկանություն: Վկաները պատմում էին, որ իրենց խանութի ապակիները ևս վնասվել էին, փամփուշտներ են գտել այնտեղից:

Այս վկաները դատարանին ավելի շատ իրենզ հոգեապրումների, վախի մասին պատմեցին: Զգալի էր, որ նրանք մինչև օրս վախեցած էին այդ կրակոցներից, ինչպես նաև ծանր էին տանում քննչականում հայտնվելն ու ցուցմունք տալը, սա պարզվում է բավական բարդ հոգեվիճակի մեջ է գցել նրանց: Նրանց ցուցմունքները լսելով` մի պահ թվում էր, թե գեղարվեստական կինոնկարի սյուժե ես լսում:

IMG_1524

«Դեպքի օրը աշխատավայրում էի, դեպքի ժամանակ հաճախորդի էի սպասարկում, ձայն լսեցի, մտածեցի էրեխեքը դրսում գմփուցիկ պայթեցրեցին, բայց մեր աշխատակիցները մեկը հանկարծ բղավեց, պառկե՛ք ` խանութի վրա են կրակում: Ես միանգամից պառկեցի, երբ դուրս եկա աժիոտաժ էր, մարդաշատ, միլիցեքը լցված էին, եկան խանութ ու անմիջապես ասացին, որ աշխատողներին պիտի տանենք հարցաքննության»,-պատմում էր «Ցածր գներ» խանութի վաճառողուհի Նարինե Բարսեղյանը:

Նույն խանութի մեկ այլ աշխատակից`Անահիտ Մկրտչյանը, ցուցմունք տալու ժամանակ ամեն մի երկրորդ նախադասության մեջ ակամա շեշտում էր, որ ինքը շատ վախեցած էր: «Մենք ապրանք էինք ստացել, ես ապակեղենի բաժնում եմ աշխատում, ապրանքը կրեցի, օգնում էի մեր մյուս աշխատակցին`Ասյա Խաչատրյանին, մեկ էլ կրակոցի ձայն լսեցի, տեսա սև մեքենա, որի միջից դուրս էր գալիս շեկ մազերով մի տղամարդ: Էլ չեմ հիշում ինչ է կատարվել, մեկ էլ լսեցի` խանութի վրա են կրակում, պառկե՛ք, ես պառկեցի ու էլ ոչինչ չեմ հիշում, որովհետև գետին եմ պառկել: Հետո, երբ պառկած տեղից վեր կացանք, ասին փոքր երեխա է վազում, հաճախորդներից մեկը շատ վախեցավ, անհանգստացավ, թե չլինի՞ իր եղբայրն է, որը դասից պիտի տուն գար: Հետո խանութի սրահից փամփուշտներ հայտնաբերեցին, ապակիներն էին կոտրվել խանութի», -պատմում էր ահաբեկված վկան:

Իսկ թե ո՞վ էր այդ շեկ տղան, որը դուրս էր եկել սև մեքենայից, այս հարցին վկան չպատասխանեց` ասելով, որ ինքը շատ վախեցած էր ու չհետաքրքրվեց: Դատախազը հրապարկեց նրա նախաքննական ցուցմունքը, որտեղ վկան բացարձակապես չէր խոսել սև մեքենայի ու շեկ երիտասարդի մասին: Երբ դատախազը հարցրեց `ինչո՞ւ այդ մասին չէր ասում քննիչին, վկան մեկ անգամ ևս արդարացավ` պնդելով, որ այդ ժամանակ շատ վախեցած էր: Դատավորը զարմացած նկատեց. «Քեզ հարցաքննել են 2013 թվականի դեկտեմբերի 3-ին, այսինքն` ահագին ժամանակ էր անցել դեպքից, դեռ վախեցա՞ծ էիր»:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930