«2014 թվականի մարտի 30-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության մարզերում տեղի ունեցած ցրտահարության` հետեւանքով հանրապետության մարզերի մի շարք համայնքներին պատճառված վնասը հասել է աղետալի աստիճանի` ստեղծելով արտակարգ իրավիճակ»,-կառավարության որոշման նախագծում այսպիսի խոստովանություն է արել գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Գյուղնախարարը կառավարության վաղվա նիստում կհայտարարի, որ ցրտահարության հետեւանքով պատճառած վնասները մեղմելու նպատակով հրատապ անհրաժեշտություն է առաջացել ՀՀ տարածքում գյուղատնտեսական մշակաբույսերի սերմացուների վաճառքով զբաղվող տնտեսավարողներից ձեռք բերել տարբեր գյուղատնտեսական մշակաբույսերի սերմացուներ` աղետից տուժած գյուղացիներին հատկացնելու նպատակով:
Նախատեսված սերմացուների ձեռքբերման համար, ըստ Սերգո Կարապետյանի, կօգտագործվի 85000000,0 դրամ՝ «Սերմերի գործակալություն» պետական ոչ առեւտրային կազմակերպության նպատակային հաշվեհամարից: Սերմացուն կտրամադրվի Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Լոռու, Վայոց ձորի եւ Տավուշի մարզպետարաններին, որոնք էլ կբաժանեն հողօգտագործողներին:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ