Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն այսօր iLur.am-ի հետ զրույցում վերլուծել է վարչապետի հրաժարականի դրդապատճառները: Նա վստահեցրել է, որ Սերժ Սարգսյանն այլեւս դիմադրության ռեսուրս չունի. վարչապետի զոհաբերությամբ նա մատնել է իր թուլությունն ու փաստորեն ընդունել իր պարտությունը։
Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը վստահեցրեց, որ վարչապետը հրաժարական է տվել իր կամքով. «Դա մարդու անձնական գործն է: Երկրորդը՝ ի՞նչ դիմադրության մասին է խոսքը: Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանին թվում է, թե իր արտահայտած բառերով՝ հրաշալի քառյակը այդպես շատ անհանգստացնում է իշխող կուսակցությանը, որ ստիպված վարչապետի հրաժարականի խնդիր են դրվել՝ դա թյուրիմացություն է, սխալվում են»:
Ըստ Լեւոն Տեր-Պետրոսյանի, Սերժ Սարգսյանը կապիտուլյացիայի է ենթարկվել եւ պլաններ ունի՝ ընդդիմությանը վարկաբեկելու: Նա կարող է ընդդիմությանն ընդգրկել կառավարության կազմում, հետո վարչախմբի բոլոր անհաջողությունները բարդի ընդդիմադիրների վրա: Սուքիաս Ավետիսյանն այսպես արձագանքեց. «Բայց կարելի՞ է հարցնել՝ ընդհանրապես Լեւոն Տեր-Պետրոսյանն ընդդիմություն ասելով՝ ո՞ւմ նկատի ունի: Համենայնդեպս, քառյակի մեջ կա ուժ, որը երբեւիցե չի ասել՝ ես ընդդիմություն եմ: Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանն ընդդիմություն ասելով՝ նկատի ունի,որ իրենց կամ «Ժառանգության» հետ կարող է բանակցություն լինի, որ իրենք առաջիկա կառավարությունում տեղ զբաղեցնեն՝ ես խիստ կասկածում եմ»:
Անդրադառնալով հնարավոր Մարտի 1-ին, առաջին նախագահն ասել է, որ Սերժ Սարգսյանը ամենեւին խելագար չէ, որ ուժ կիրառի, քանի որ նա հիմա հայտնվել է միջազգային «իզգոյի» վիճակում, որի ճակատագիրն այլեւս ոչ ոքի չի մտահոգում։ Բացի այդ, ըստ Լեւոն Տեր-Պետրոսյանի, «2008-ին Սարգսյանն իր աչքի առջեւ դեռեւս չուներ Կադաֆիի, Մուբարաքի եւ Յանուկովիչի անփառունակ վախճանի տեսարանը»:
Կարդացեք նաև
ՀՀԿ պատգամավորին առաջին նախագահի այս խոսքերը հիշեցրին «Հին օրերի երգը». «Հին օրերի երգն է երգում, որը, կարծում եմ, առաջին նախագահի համար սազական չէ»:
Նա վստահեցրեց, որ վերջին մարտի 1-ին կոնգրեսի հանրահավաքը շատ լավ հիշում է, եւ 30 հազար մարդ այնտեղ չի տեսել, ինչպես Լեւոն Տեր-Պետրոսյանն է ասել. «Ինձ համար անհասկանալի է, երբ 30 հազարի մասին է խոսվում, որովհետեւ 30 հազարը լուրջ թիվ է հանրահավաքի համար: Բայց երբեւիցե ՀՀՇ-ի շարժումից այն կողմ չեմ կարծում, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքին 30 հազարանոց հանրահավաք եղած լինի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ