Չեխիայում Հայաստանի դեսպանությունը, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և կազմակերպեց Երևանի Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի ուսումնական թատրոնի հյուրախաղերը Պրահայում: Հայաստանի վաստակավոր արտիստ, միջազգային փառատոնների մրցանակակիր, միջազգային մրցույթների դափնեկիր, պրոֆեսոր Լալա Մնացականյանի ղեկավարությամբ թատերախումբը Պրահայի հանդիսատեսի դատին ներկայացրեց հանրահայտ չեխ գրող և դրամատուրգ Կարել Չապեկի (1890-1938թթ.) «Մայրը» պիեսը:
Ուսումնական թատրոնը հանդես եկավ երկու ներկայացմամբ՝ ապրիլի 7-ին Պրահայի Ռուսական գիտության և մշակույթի կենտրոնի մեծ դահլիճում, իսկ հաջորդ օրը՝ Չեխիայի մայրաքաղաքի կենտրոնում գտնվող «Դիսկ» թատրոնում: Հանդիսատեսների թվում էին մի շարք օտարերկրյա դիվանագետներ, երկրի օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչներ, հանրաճանաչ չեխ արվեստագետներ և թատերասերներ, չեխահայեր:
Տեղեկանք. «Մայրը» դրաման, որը գրվել է Չապեկի մահից անմիջապես առաջ և ֆաշիզմի դեմ ակտիվ պայքարի կոչ է պարունակում, դարձավ չեխ դասականի ստեղծագործական գործունեության գագաթնակետը: Պիեսի շնորհանդեսը Հայաստանում կայացել է 2012թ. փետրվարին Երևանի Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտում: Ներկայացումն ունեցել է մեծ հաջողություն: 2012թ-ին այն մասնակցել է բելառուսական Բրեստում կայացած «Բելայա Վեժա» միջազգային թատերական փառատոնին և արժանացել «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին:
Կարդացեք նաև
ՀՀ ԱԳՆ