Լրահոս
Օրվա լրահոսը

«Տեր-Պետրոսյանի տեսակետը սահմանափակվում է մի քանի հոգու ցանկությամբ». Համլետ Հարությունյան

Ապրիլ 09,2014 18:48

«Բոլորս գիտենք, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը խոսքի վարպետ է եւ, հատկապես, քաղաքական խոսքի վարպետ, որ բավականին ճկուն ձեւով կարողանում է ցանկալին իրականության տեղ ներկայացնել՝ բավականին վստահ եւ թվացյալ ճշմարտությամբ»,- Aravot.am-ի հետ զրույցում ապրիլի 9-ին ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանն այսպես մեկնաբանեց առաջին  նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ iLur.am-ին տված գնահատականները՝ վարչապետի հրաժարականի հետ կապված:

Լեւոն Տեր-Պետրոսյանն ասել էր, որ Սերժ Սարգսյանը շուրջօրյա հանրահավաքների սարսափից լիակատար կամ մասնակի կապիտուլյացիայի է ենթարկվել եւ քառյակի շնորհիվ է, որ Տիգրան Սարգսյանը հրաժարական է տվել:

Համլետ Հարությունյանի խոսքերով՝ «Վերջին 5-6 տարվա ընթացքում, բարեբախտաբար, սարսափելի միտինգներ չեն եղել , որից իշխանությունները խուճապի մատնվեն եւ վարչապետ փոխեն: Ես կարծում եմ, որ վարչապետի փոփոխության հարցը կապ չունի այդ հանրահավաքների հետ: Մնացած այդ բառախաղերը յուրահատուկ են Լեւոն Տեր-Պետրոսյանին, սարսափազդու տեսքով ներկայացնել այդ 15 հոգանոց միտինգները»:

Առաջին նախագահն ասել է, որ Սերժ Սարգսյանը, ինչ-ինչ, բայց հաշվել գիտի եւ գիտի, որ եթե մարտի 1-ին Կոնգրեսին հաջողվեց երեսունհազարանոց հանրահավաք գումարել, ապա քառյակի կողմից կազմակերպված շուրջօրյա հանրահավաքների պարագայում այդ թիվը կարող էր եռապատկվել, հնգապատկվել կամ նույնիսկ տասնապատկվել: Համլետ Հարությունյանը չի հավատում, որ ոչ իշխանական ուժերը կկարողանան լուրջ զանգված ապահովել իրենց հանրահավաքում. «Ես չեմ կիսում այդ տեսակետը, որ մեծ ձեւաչափով իրենք կարող են միտինգներ անել, այսինքն՝ 4 անգամ 30 էլ հաշվենք՝ մի 120 հազար մարդ, հա՞: Չեմ կարծում, չեմ կիսում այդ տեսակետը»:

Լեւոն Տեր-Պետրոսյանը նաեւ կոչ է արել ընդդիմությանը, որ զգոն լինեն, Սերժ Սարգսյանի հետ չմտնեն «խաղերի մեջ» եւ մաս չկազմեն նրա կողմից ձեւավորվող կառավարության: «Դա Տեր-Պետրոսյանի անձնական տեսակետն է: Նրա այդ տեսակետը սահմանափակվում է մի քանի հոգու ցանկություններով: Այսօր Լեւոն Տեր-Պետրոսյանը, ինչքան էլ, որ տխուր է, չի տիրապետում այն մասսաներին, որոնց կարծիքը կարող է շատ կարեւոր լինել»,- ասաց Համլետ Հարությունյանը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Նվարդ says:

    Գալուստի ծերակույտի շուրջօրյա հուսահատ ծուղրու~ղուների շարքն սկսված է ….((((((:.:))))))))

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930