Քառյակը դեռ որոշում չունի հետագա անելիքների մասին: Քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Հիշեցնենք, այսօր ժամը 14.00-ից ՀԱԿ խմբակցությունում ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» ներկայացուցիչները քննարկում են հետագա համատեղ անելիքները: Քննարկումն ընդհատվել է «Ժառանգության» հանրահավաքի պատճառով: Ընդմիջված նիստն այսօր կշարունակվի: Նիստի տեղի եւ ժամի մասին հարցերն անպատասխան մնացին: Լեւոն Զուրաբյանն ասաց, որ այդ մասին «Ժառանգության» հանրահավաքից հետո կպայմանավորվեն, իսկ այս տեխնիկական ընդմիջումը կօգտագործեն ներքին խորհրդակցությունների համար: Վերջնական որոշումների մասին բանախոսը ոչինչ չասաց:
Միայն նկատեց. «Մեր բանակցությունները շատ կոնստրուկտիվ մթնոլորտում են անցնում եւ շատ պրոդուկտիվ են: Իսկապես արդյունավետ քննարկումներ ունենք այս պահին: Համաձայնության դաշտը փորձում ենք լայնացնել եւ այդ ուղղությամբ բավականին լավ շարժվում ենք»:
Պատասխանելով հարցին`այսօր Լեւոն Տեր-Պետրոսյանն իր հարցազրույցում քառյակին հորդորել էր «խաղերի մեջ չմտնել», կարո՞ղ եք բացառել, որ ՀՅԴ-ն եւ ԲՀԿ-ն կոալիցիա չեն գնա, Լեւոն Զուրաբյանն ասաց, որ ոչ մեկի անունից խոսել չի ցանկանում, բայց վստահ է, որ կընդունվեն այնպիսի որոշումներ, որոնք չեն հուսահատեցնի ժողովրդին: Լեւոն Տեր-Պետրոսյանի հորդորները եւ առաջարկները եւս դարձել են այս քննարկման առարկա:
«Կան տարբեր դիրքորոշումներ, տարբեր մարտավարություններ, մենք հիմա փորձում ենք ստեղծել միասնական մարտավարություն: Ի սկզբանե չորս քաղաքական ուժերն ունեցել են տարբեր պատկերացումներ`Հայաստանում փոփոխությունների կամ իշխանափոխության լավագույն մարտավարության վերաբերյալ: Այն, ինչ կատարվեց վերջին շաբաթների ընթացքում, փաստորեն, կարողացանք հասնել միասնական մարտավարության`գոնե առաջին քայլերի առումով`դրվեց կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը, ապրիլի 28-ից անցկացնել շուրջօրյա հանրահավաքներ: Դեռ չկայացած շուրջօրյա հանրահավաքի սպառնալիքի ներքո իշխանությունը նահանջեց: Ինքը, փաստորեն, առաջ ընկնելով կատարեց այն պահանջը, որ ապրիլի 28-ին պետք է ներկայացներ ժողովուրդը: Ստեղծվել է մի նոր իրավիճակ`հետագա մարտավարությունների, հետագա քայլերի շուրջ կան տարաձայնություններ: Մենք նորից կանգնած ենք մի իրավիճակի առջեւ, երբ պետք է տարաձայնությունների միասնականությունն ապահովել: Նիստն ընդմիջված է, բայց կարծում եմ, որ հետաքրքիր զարգացումներ կլինեն»,- ասաց Լեւոն Զուրաբյանը:
Aravot.am-ի հարցին`չե՞ք բացառում, որ այնուհանդերձ առաջ քաշվի Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցը, Լեւոն Զուրաբյանն ասաց. «Ինչի՞ պիտի որեւէ բան բացառեմ: Ամեն մեկն իր տեսակետը հայտնել է, տարբեր մոտեցումներ կան: Պետք է խոստովանեմ, որ տարաձայնություններ կան, տարբեր մոտեցումներ են եւ պատկերացումներ`ո՞րն է հետագա պայքարի արդյունավետ ձեւը: Հիմա քննարկում ենք»: Մեր մյուս հարցին`էակա՞ն են տարբերությունները`պատասխանեց. «Եթե լուրջ տարբերություններ չլինեին, մենք այսքան երկար չէինք քննարկի»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ