Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Ղուկասյանի դստեր հարսանիքին Քավոր Հարութից վրեժ լուծելու մասին խոսք չի՞ գնացել (Տեսանյութ)

Ապրիլ 09,2014 17:52

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդու` Վահե Ղուկասյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը: Նա մեղադրվում է ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հորեղբոր երեխաների կնքահոր` քավոր Հարութի սպանությունը պլանավորելու մեջ:

Ըստ մեղադրանքի, Վահե Ղուկասյանը փորձել է ապօրինի կերպով ձեռք բերված հրազենից ապօրինաբար շատերի կյանքին վտանգ սպառնացող միջոցով կյանքից զրկել Հարություն Խաչատրյանին: Ապրիլի 23-ին իր նպատակը իրագործելու համար Վահե Ղուկասյանը Վարդանանց հրապարակից հետապնդել է Հարություն Խաչատրյանին ու Արտյոմ Կարապետյանին, հասնելով Շիրակացի փողոցի «Ցածր գներ» խանութի դիմաց, ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով՝ առնվազն 3 անգամ կրակել է Հարություն Խաչատրյանին: Սակայն արդյունքում հրազենային վնասվածքից հիվանդանոց տանելու ճանապարհին մահացել է Շեկոն, որը Մարտուն Գրիգորյանի հանգուցյալ հորեղբոր թիկնապահն էր:

Vahe_Guk_02 Vahe_Guk_01 Vahe_Guk_04

Այսօր դատարանը «Ցածր գներ» վաճառատան երկու աշխատակիցներին լսելուց հետո որպես վկա դահլիճ հրավիրեց նաև ամբաստանյալի եղբորը` Հովհաննես Ղուկասյանին: Նա սովորում է Գյումրու մանկավարժական ինստիտուտի դեղագործական ֆակուլտետի 4-րդ կուրսում: Վերջինս դատարանի դահլիճ մտնելուն պես` հայտարարեց, որ ցուցմունք չի տա հարազատ եղբոր դեմ:

Դատավոր Աշոտ Մանուկյանը ստիպված եղավ հրապարակել նրա նախաքննական ցուցմունքը: Երիտասարդը պատմում է, որ դեպքի օրը ինքը գնացել է Հոռոմ գյուղ` պապին տեսնելու, չի իմացել ինչ է կատարվել: Հաջորդ օրը տուն վերադառնալով` մորից իմացել է, որ եղբորը բերման են ենթարկել ոստիկանություն, իսկ թե ինչու այդ օրը չի կարողացել պարզել: Կրակոցների մասին իմացել է համացանցից ու հեռուստատեսությունից, անգամ եղբոր` Վահեի վնասվածք ստանալու մասին է հեռուստատեսությամբ տեղեկացել:
Ըստ նախաքննական ցուցմունքի, վկան նաև հայտարարել է, որ իր եղբոր` Վահեի մոտ երբեք զենք-փամփուշտ չի տեսել, իրենց մեքենայի մեջ, որը երբեմն վարում էր նաև ինքը, երբևէ զենք չեն պահել ու առհասարակ ոչ մեկի հետ խնդիրներ չեն ունեցել: Քննիչի այն հարցին էլ, թե ինչպիսի՞ փոխհարաբերություններ են ունեցել Ղուկասյանները ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի, նրա ընտանիքի ու շրջապատի հետ, Հովհաննես Ղուկասյանը պատասխանել էր, որ պատգամավորին անձամբ չի ճանաչում, նրա անունը լսել է, սակայն նրա շրջապատի հետ որևէ առնչություն չի ունեցել: Նմանապես, ըստ նրա, չի ճանաչել Շեկոյին ու Քավոր Հարութին:

Քննիչի այն հարցին, թե ի՞նչ կասի երիտասարդը «Ժողովուրդ» օրաթերթում հրապարակված «20 րոպե կրակոցներից հետո` մեկ ձերբակալված կա» վերնագրով նյութի վերաբերյալ, համաձայն որի, Վարդան Ղուկասյանի դստեր հարսանիքին, որը տեղի է ունեցել ապրիլի 23-ի կրակոցներից մի շաբաթ առաջ, Ղուկասյանների թիմակիցները բարձրաձայն հայտարարել են, թե մենք Ղուկասյան չլինենք, եթե մարտունականները պատասխան չտան մեր փեսայի սպանության համար (խոսքը Վարդան Ղուկասյանի ավագ դստեր` Մանյայի փեսացու`Կարեն Եսայանի սպանության մասին է Ա.Ն.), վկան ասաց, որ դա սուտ է, նման խոսակցություն հարսանիքին չի եղել:

Մանրամասները`  տեսանյութում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930