Այս տարվա հունվարի դրությամբ մեր երկրի պետական գանձարանում կա 224.6 միլիոն դրամի ոսկի, 5 միլիոն դրամի արծաթ, 49.7 միլիոն դրամի պլատին: Այս մասին տեղեկանում ենք ֆինանսների նախարարության` կառավարությանը ներկայացրած հաշվետվությունից, որը հրապարակված է կառավարության նիստի օրակարգում: Այն, վաղը կառավարությանը կներկայացնի ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը: Ըստ նույն աղբյուրի, պետական գանձարանում գտնվող թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի, ինչպես նաեւ դրանցից պատրաստված իրերի արժեքը նշյալ ամսվա դրությամբ կազմել է 1 միլիարդ 450 միլիոն 528.500 դրամ:
Պետական գանձարանի պատասխանատուները հաշվառել են նաեւ մեր երկրի թանգարաններում առկա թանկարժեք իրերը: Այսօր թանգարաններում կա 63,9 կգ ոսկի, 1468,4 կգ արծաթ, 0,5 կգ պլատին, 0.03 գրամ պալադիում եւ 178,7 կգ այլ թանկարժեք մետաղների համաձուլվածքից իրեր:
Նշենք, որ պետական գանձարանը համալրվում է պետական բյուջեի միջոցների հաշվին ներքին եւ արտաքին շուկաներից ձեռք բերված թանկարժեք իրերով, օրենքով բռնագրավված, հօգուտ պետության տիրազուրկ ճանաչված, ժառանգության իրավունքով կամ նվիրատվությամբ պետությանն անցած թանկարժեք իրերով,
պետական պաշտոնատար անձանց կողմից ի պաշտոնե ստացած թանկարժեք մետաղներից եւ թանկարժեք քարերից պատրաստված նվերներով, օրենքով սահմանված կարգով բնակչությունից թանկարժեք մետաղների, ինչպես նաև դրանցից պատրաստված իրերի ջարդոնների, թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հազվագյուտ բնակտորների, թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված բարձր գեղարվեստական պատմամշակութային արժեք ներկայացնող իրերի գնումների կազմակերպմամբ և իրականացմամբ, այլ հիմքերով պետության սեփականությանն անցած թանկարժեք մետաղներով, թանկարժեք քարերով, ինչպես նաեւ թանկարժեք մետաղներից եւ թանկարժեք քարերից պատրաստված իրերով:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ