Իսրայելում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության տղամարդկանց 77 կգ քաշայինների մրցապայքարում Հայաստանը ներկայացրին Առաքել Միրզոյանն ու Տիգրան Գ. Մարտիրոսյանը:
«B» խմբում հանդես եկած Առաքել Միրզոյանը երկամարտի 322 (147+175) արդյունքով զբաղեցրեց առաջին տեղը: Ուժեղագույնների խմբում Տիգրան Գ. Մարտիրոսյանը պոկեց 157 կգ, հրեց 185 կգ եւ երկամարտում իր անվան դիմաց գրանցելով 342 կիլոգրամ` բավարարվեց չորրորդ տեղով: Իսկ Առաքելը ընդհանուր հաշվարկով 10-րդն էր:
Պայքարից հետո Aravot.am-ի հետ զրույցում Առաքել Միրզոյանն ասաց. «Իմ մրցելույթից ոչ գոհ եմ, ոչ` դժգոհ: Սա Լոնդոնի օլիմպիական խաղերից եւ վնասվածքներից հետո իմ առաջին մուտքն էր մրցահարթակ: Այնքանով է լավ, որ այսօր արդեն ամեն բան լավ է: Իսկ արդեն աշխարհի առաջնությունում ինձ համար պետք է միայն ոսկի լինի: Ինչպես ասում են` լավ է ուշ, քան` երբեք»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ