Այսօր՝ ապրիլի 9-ին, ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում տեղի ունեցավ ամուսնու՝ Լևոն Աղաբեկյանի կողմից դանակահարված Սիրանույշ Աղաբեկյանի վերաքննիչ բողոքի դատական քննությունը: Դատավարությանը ամբաստանյալ Լեւոն Աղաբեկյանը չներկայացավ, դատախազ Մարտիրոսյանը փոխանցեց, որ տեղեկություն չկա, թե որտեղ է գտնվում ամբաստանյալը , եւ որ ոստիկանությունը չի կարողացել նրան հայտնաբերել:
Տուժող Սիրանույշ Աղաբեկյանի խոսքերով էլ, ամբաստանյալը մինչեւ օրս իրեն հետապնդում է , եւ որ հենց ամուսնու բարեկամների փոխանցմամբ, սպառնացել է, որ գալու է եւ «վնաս է տալու» տիկնոջը եւ իրենց երկու աղջիկներին. «Կգնամ, երեքին էլ կվնասեմ: Բարեկամները մեզ ահազանգել են, որ զգուշացեք , նա հարբած վիճակով դուրս է եկել: Ես ոստիկանություն եմ զանգել եւ քանի որ ամեն օր աշխատանքի եմ գնում ոտքով , վախենում եմ, որ ճանապարհին նա ինձ բռնի»:
Տիկնոջ խոսքերով, իրեն ամեն օր աշխատանքի եւ աշխատանքից տուն էին ուղեկցում ոստիկանները՝ հնարավոր վտանգից խուսափելու համար:
Տիկինը պատմեց, որ մի քանի օր առաջ իր ամուսնուն տեսել են գործընկերները. «Երեկոյան գործընկերուհուս հետ կանգնած սպասում էի ոստիկանի գալուն եւ տեսա, որ ամուսինս նորից այդ տարածքում է: Ամուսնուս այստեղից տարան բաժին»: Սակայն հիմա ամուսինը ոստիկանական բաժանմունքում չէ:
Կարդացեք նաև
Մանրամասն՝ տեսանյութում
Նշենք, որ 2013 թվականի հոկտեմբերի 9-ին Սիրանույշ Աղաբեկյանին, որին ամուսինը դանակով մի քանի հարված էր հասցրել ականջի եւ ուսի շրջանում, տեղափոխել էին Վանաձորի հիվանդանոց:
2013 թվականի դեկտեմբերի 10-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը որոշում էր կայացրել ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի առաջին մասով՝ տուժողի եւ ամբաստանյալի հետ հաշտվելու հիմքով գործը կարճելու եւ քրեական հետապնդումը ամբաստանյալի նկատմամբ դադարեցնելու մասին: Որոշումը կայացվել էր այն պատճառաբանությամբ, թե տուժող Սիրանույշ Աղաբեկյանը իր երեխաների հետ քննարկման արդյունքում, եկել էր եզրահանգման, որ ամբաստանյալին պետք է ներել , եւ սրա հիման վրա դատարանը եկել է եզրակացության, որ պետք է կարճել քրեական գործը:
Այսօրվա դատավարության ընթացքում մեղադրող Մարտիրոսյանը հաշվի առնելով այն հանգամանքը , որ դատական գործը կարճվել է, ասաց, որ միջազգային փորձում նմանատիպ գործերը չեն կարճվում եւ բերեց մի քանի օրինակներ: Մեղադրողը հայտարարեց, որ Լոռու մարզի առաջին ատյանի դատարանը թույլ է տվել դատական սխալ , քանի որ գործը վերաքննիչ դատարան փոխանցելու համար բավարար հիմքեր են եղել, եւ որ իր կողմից գործը բերվել է վերաքննիչ դատարան:
Մեղադրողը միջնորդությամբ հանդես եկավ, որ ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի մի շարք հոդվածներով, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատության պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի, կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձեւերի վերացման կոնվենցիայի մի շարք հոդվածներով, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշման մեջ գրված մի շարք դրույթներով միջնորդեց բեկանել Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը:
Դատավորը, լսելով այս միջնորդությունը եւ տուժողի խոսքերը, որոշում կայացրեց Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի 2013 թվականի դեկտեմբերի 10-ի որոշումը՝ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի առաջին մասով տուժողի եւ ամբաստանյալի հետ հաշտվելու հիմքով գործը կարճելու եւ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին վերաքննիչ բողոքները մերժել:
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ