Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ապրիլի 8-ից սկսվեց ՌԴ զինվորական բազայի փոխգնդապետ Գեւորգ Մարտիրոսյանի եւ նրա որդու՝ ինտելեկտուալ կենտրոնի տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը:
Փոխգնդապետի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել՝ գտնվում է հրամանատարության հսկողության տակ:
Զինվորականին ու նրա որդուն պաշտպանում են 3 փաստաբաններ՝ Անի Թորոսյանը, Լեռնիկ Հովհաննիսյանն ու Հունան Տեր-Վարդանյանը:
Այս գործով տուժող է ճանաչվել Տիգրան Բաբլոյանը: Նրա ներկայացուցչի՝ Արմեն Ումրշատյանի դատարան ներկայանալուց հետո էլ տուժողը ցուցմունք տվեց:
Պարզվեց, որ անցյալ տարվա մարտի 6-ին Ագաթանգեղոս փողոցում Գեւորգ Մարտիրոսյանն իրեն հետեւելու պատճառով իր ավտոմեքենայով հետեւել է տուժողին, «Ոսկու շուկայի» մոտ իր մեքենայով հարվածել է տուժողի ավտոմեքենային:
Տուժողն ասաց, որ ամբաստանյալներն իր ընկերոջ Արայիկ Շառոյանի հետ ֆինանսական խնդիրներ ունեն:
Արայիկն է զանգել նրան, խնդրել է իրեն, որ տեսնի, թե Գեւորգ Մարտիրոսյանը տանն է, թե ոչ, բացատրել է նրա տան տեղը:
Տուժողը հայտնվելով զինվորականի տան մոտ, տեսել է նրա մեքենան: Ապա նկատել է, որ Գեւորգ Մարտիրոսյանն իր հեռախոսով նկարում է իր վարած «Մերսեդես» ավտոմեքենան:Ըստ տուժողի, երբ ամբաստանյալի մեքենան շարժվեց, նա հետեւել է նրան, որպեսզի իր ընկերոջը՝ Արայիկին տեղեկացնի:
Տ.Բաբլոյանը նկարագրեց, որ երբ իր մեքենան 3 անգամ հարվածներ է ստացել ամբաստանյալի ավտոմեքենայից, ինքը կանգնեցնում է մեքենան, Կրկեսի մոտ, վազում դեպի բակը:
Հայրը եւ որդին բռնում են իրեն, ուժ գործադրելով, հարվածելով տեղափոխում իրենց մեքենայի բեռնախցիկը:
«Գլուխս պահել եմ, որ հարվածներից խուսափեմ: Հարցնում էին՝ում համար ես եկել, չես մարսելու: Թեւերս մտան, քաշելով տարան ,ջեբիս եղածն էին հանում այդ ժամանակ: Հեռախոսս վերցրել էին:Մտածում էի, ուրիշ տեղ կտանեն, բագաժնիկից ասում էի՝ թողեք գնամ»: Ամբաստանյալները տեղափոխել են տուժողին Էրեբունու ոստիկանության բաժին:
Մեղադրող, զինվորական կայազորի դատախազ պարոն Գասպարյանի հարցին, թե ոստիկանության բաժնում ոստիկանները տեսա՞ն, որ վնասվածքներ է ստացել, տուժողն ասաց՝ պռոշներս արյունոտ էին, աչքիս տակի ուռածությունն էլ տեսել են:
Մեղադրողի հարցերից հետո, երբ պետք է հարցեր տային նրա ներկայացուցիչն ու ամբաստանյալների պաշտպանները, նիստը հետաձգվեց:
Վկաներից ՝ Արայիկ Շառոյանը գտնվում է Մոսկվայում եւ ըստ տուժողի ներկայացուցչի, նրա հետ հանդիպել է ՌԴ-ում, նա պատրաստ է գալ Հայաստան, ցուցմունք տալու:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ