Այսօր ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում աչքի ընկած մարզիկների եւ մարզիչների հետ հանդիպման ժամանակ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Յուրի Վարդանյանն անդրադառնալով մեր մարզիկներին պատշաճ դիմավորելու հետ կապված հարցին` ասաց. «Յուրաքանչյուր հայ քաղաքացի իրավունք ունի իր պարտքը համարել` խրախուսել մեր մարզիկներին: Հատկապես միջազգային ասպարեզներում հաջողություններից հետո, նաեւ գնա օդանավակայան, դիմավորի, ջերմ խոսքեր ասի:
Ես շատ վաղուց ասել եմ ու հիմա էլ կրկնում եմ. ես օդանավակայան գնալու եմ, երբ մեր տղաները աշխարհի եւ օլիմպիական չեմպիոն դառնան: Ուզում եմ ըմբռնումով մոտենաք. սա իմ անցած ճանապարհով է պայմանավորված: Ես ինն անգամ աշխարհի չեմպիոն եմ դարձել, որից երկուսը` երիտասարդների, յոթը` մեծահասակների, եւ այն ժամանակվա սպորտի պետական կոմիտեից ոչ մի ղեկավար չի եկել դիմավորելու: Բայց օլիմպիական խաղերից հետո եկել են ու «Զվարթնոց» օդանավակայանից մեքենաների շարասյունը գնացել է Գյումրի: Հիմա ես ձեզ խոստանում եմ. եթե աշխարհի առաջնության ժամանակ ես անձամբ ձեր կողքին չլինեմ, իսկ ես շատ եմ ցանկանում, որ անպայման լինեմ, ապա օդանավակայանում ես անձամբ ձեզ կդիմավորեմ, որպես աշխարհի չեմպիոնների»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ