Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը ապրիլի 9-ին, ձևավորված ավանդույթի համաձայն, Վճռաբեկ դատարանի քրեական, քաղաքացիական և վարչական պալատների նախագահների, Դատական դեպարտամենտի և Արդարադատության խորհրդի աշխատակազմի ղեկավարների մասնակցությամբ, Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորներին ու աշխատակազմին ներկայացրել է նորանշանակ դատավոր Էդգար Հովհաննիսյանին: Վերջինս Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր է նշանակվել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014թ. ապրիլի 3-ի հրամանագրով:
Հայտնի է, որ դատավորների հետ նման հանդիպումները կրում են նաև աշխատանքային խորհրդակցության ձևաչափ, որի ընթացքում քննարկվում են դատական իշխանությանն առնչվող տարաբնույթ հարցեր:
Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը դատավորների և աշխատակազմի հետ աշխատանքային խորհրդակցության ընթացքում մեկ անգամ ևս նշել է, որ դժգոհություններ է ստանում դատական նիստերն ուշացումով սկսելու վերաբերյալ: Նա մտահոգություն է հայտնել նաև դատական գործերի քննության ողջամիտ ժամկետների խախտումների մասին: Արման Մկրտումյանը դատավորներին հորդորել է ցուցաբերել խիստ զգոնություն և առանձնահատուկ ուշադրություն դարձնել դատավորների վարքագծի կանոնների պահպանմանը:
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վճռաբեկ դատարանի նախագահն անդրադարձել է ոչ միայն քաղաքացիների, այլ նաև փաստաբանների արտահայտած`դատական ակտերը կողմերին ուշացումով տրամադրելու մասին դժգոհություններին:Մկրտումյանի խոսքով` դա արատավոր երևույթ է, որը խախտում է անձանց իրավունքները: Նա հորդորել է հետևողական լինել ոչ միայն այդ խնդրի կարգավորման, այլ նաև Դատալեքս տեղեկատվական համակարգում դատական ակտերի հրապարակման հարցում: